ՄԱՐՏԻ 10, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Աստվածաշնչեր են լույսընծայվել
2023 թ. մարտի 5-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Դեյվիդ Սփլեյնը հայտարարեց, որ հարավաֆրիկյան ժեստերի լեզվով լույս է տեսել «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», իսկ նդոնգա լեզվով՝ «Մատթեոս» գիրքը։ Եղբայր Սփլեյնը այդ հայտարարությունն արեց հատուկ հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղում։ Ծրագրին այլ վայրերից նաև միացել էին շատ ժողովներ։ Ունկնդիրների ընդհանուր թիվը գերազանցեց 130 000-ը։ Լույսընծայման մասին հայտարարությունից անմիջապես հետո թարգմանություններն արդեն առկա էին բեռնելու համար։
Հարավաֆրիկյան ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանությունը սկսվեց 2007 թ.-ին, երբ մասնաճյուղը գտնվում էր Յոհաննեսբուրգ քաղաքի մոտ։ 2022 թ.-ին թարգմանչական խումբը տեղափոխվեց Դուրբանում գտնվող թարգմանչական գրասենյակ։ Եղբայր Այանդա Մդաբեն, ով երեց է ծառայում և խուլ է, հետևյալն է ասել. «Այժմ այս թարգմանության օգնությամբ ավելի շատ եմ զգում Աստծու Խոսքի զորությունն ու ճշմարտացիությունը։ Ժեստերի լեզվով Աստվածաշունչն օգնում է ինձ, որ ավելի լավ հասկանամ աստվածաշնչյան սկզբունքները, և թե ինչպիսի անձնավորություն էր Հիսուսը։ Դա էլ իր հերթին ձևավորում է իմ մտածելակերպը»։
Նդոնգա լեզվով հիմնականում խոսում են Նամիբիայում։ Նդոնգա լեզվի թարգմանչական գրասենյակը գտնվում է Օնդանգվայում։ a Թարգմանիչներից մեկը հետևյալն է ասել. «Աստվածաշնչի այս թարգմանության լույսընծայումը հիշեցնում է ինձ, որ Եհովան սիրում է մարդկանց և ցանկանում է, որ նրանք իր մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերեն»։
Մենք շատ ուրախ ենք մեր եղբայրների և քույրերի համար, որոնք մեծապես կօգտվեն այս նոր, ճշգրիտ թարգմանություններից։ Դրանք կօգնեն նրանց շարունակելու գանձի պես պահել Եհովայի պատվիրանները (Առակներ 2։1)։
a Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը վերահսկում է Նամիբիայում իրականացվող գործունեությունը։