ՄԱՐՏԻ 2, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ղրիմում սպասվում է առաջին Եհովայի վկայի գործով դատավճիռը
2020 թ. մարտի 5-ին Ղրիմի Հանրապետության Ջանկոյի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Սերգեյ Ֆիլատովի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է դատապարտել նրան 7 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի կալանավայրում։ Եղբայր Ֆիլատովը առաջին Վկան է Ղրիմում, ով կդատապարտվի Ռուսաստանի քրեական օրենսգրքի համաձայն։
Ինչպես տեղեկացվել էր նախկինում, եղբայր Ֆիլատովին ձերբակալել էին վերջին տարիներին մեր հավատակիցների դեմ իրականացված ամենամեծ հատուկ օպերացիայի ընթացքում։ 2017 թ. հոկտեմբերի 10-ին եղբայր Ֆիլատովի տանը հավաքվել էին իր ընկերներն ու ծանոթները՝ աստվածաշնչյան թեմաների մասին զրուցելու և Թագավորության երգեր երգելու համար։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության լրտեսները գաղտնի կերպով ձայնագրել էին այդ հանդիպումը։ Մեկ տարի անց՝ 2018 թ. նոյեմբերի 15-ին, մոտ 200 ոստիկաններ խուզարկեցին այդ տարածքում ապրող 8 Եհովայի վկաների տներ։ Իրավապահ մարմինների ավելի քան 35 աշխատակիցներ ներխուժեցին եղբայր Ֆիլատովի տուն, ընդ որում՝ նրանցից ոմանք հատուկ ուժայիններ էին և զինված էին։ Եղբայր Ֆիլատովին հարցաքննելուց հետո բաց թողեցին։
Եղբայր Սերգեյ Ֆիլատովը և նրա կինը՝ Նատալյան, չորս երեխա ունեն, որոնցից երկուսը անչափահաս են։ Մինչ եղբայր Ֆիլատովը սպասում է իր դատավճռին, մենք աղոթում ենք, որ նա և իր ընտանիքը շարունակեն ապավինել Եհովային՝ համոզված լինելով, որ Նա նեղությունների մեջ կօգնի իրենց (Սաղմոս 46։1)։