ՄԱՐՏԻ 26, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչ համավարակը շարունակվում է, մեր համաշխարհային եղբայրությունը քարոզչական նոր մեթոդներ է օգտագործում
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը (COVID-19) փոխել է միլիոնավոր Եհովայի վկաների կենսակերպը, որոնք փորձում են հետևել տեղի իշխանությունների հրահանգներին և միևնույն ժամանակ շարունակել իրենց գործունեությունը։ Այն տարածքներում, որտեղ համավարակը մեծ տարածում ունի, մեր եղբայրներն ու քույրերը նոր մեթոդներ են օգտագործում, որպեսզի շարունակեն իրենց ծառայությունը։
Իտալիայի Պիզա քաղաքից մի եղբայր հետևյալն է ասում. «Ծառայությունը արտակարգ է։ Քանի որ հիմա շատ մարդիկ տանն են, ես և կինս աչքի ենք անցկացնում մեր հեռախոսահամարները և տեսակապով զանգեր ենք կատարում։ Այնքա՜ն շատ Աստվածաշնչի ուսումնասիրություններ և վերայցելություններ ունենք։ Թե՛ նոր անհատների հետ, և թե՛ այն մարդկանց, ում հետ նախկինում էինք խոսել, այժմ արդյունավետ զրույցներ ենք ունենում»։
Հարավային Կորեայում համավարակը մղել է քարոզիչներին ավելի հաճախ օգտվելու jw.org կայքի և «JW Library» հավելվածի հնարավորություններից։ Օրինակ՝ մի եղբայր հաղորդագրություն ստացավ մեկից, ում հետ նախկինում Աստվածաշունչ էր ուսումնասիրել։ Վերջինս երեք տարի առաջ դադարեցրել էր իր ուսումնասիրությունը։ Նա ասաց, որ այս համավարակը իրեն ստիպել է մտածելու վերջին օրերի նշանների մասին։ Եղբայրը, օգտվելով «JW Library» հավելվածի «Ուղարկել հղումը» ֆունկցիայից, տեքստային հաղորդագրության միջոցով վերջին օրերի մասին տեղեկություններ ուղարկեց այդ մարդուն։ Մեր եղբայրն ասում է, որ շատ քաջալերական էր տեսնել, թե վերջին օրերի նշանները ինչպես են մարդկանց մղում գիտակցելու իրենց հոգևոր կարիքները։
Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր մասնաճյուղերից ուղարկված հաշվետվությունները փաստում են, որ մեր եղբայրներն ու քույրերը թանկ են համարում ծառայությունը։ Անչափ ոգևորիչ է տեսնել, թե նրանք ինչպես են իմաստություն դրսևորելով շարունակում քարոզել բարի լուրը (Միքիա 6։9)։
Շրջագայող վերակացուն քարոզչական ծառայության հանդիպում է անցկացնում Պուերտո Ռիկոյում։
Ռահվիրա քույրերը Գերմանիայում տեսակապով զանգել են իրար և նամակներ են գրում։
Հարավային Կորեայում Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացվում։
Ֆրանսիայում մի զույգ վկայություն է տալիս հեռախոսով։
Հավայիում քույրը և իր որդին նամակ են գրում։