ԱՊՐԻԼԻ 30, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Միջազգային եղբայրությունը մխիթարում է մահացու համավարակի զոհը դարձած մեր հավատակիցների հարազատներին
Թեև Եհովայի ժողովուրդը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում առողջապահական այս ճգնաժամի ընթացքում, սակայն ոչ ոք ապահովագրված չէ այդ վիրուսի մահացու հետևանքներից (Ժողովող 9։11)։ Ցավոք, մեր սիրելի հավատակիցներից 872 հոգի մահացել է COVID-19 համավարակից։ Մեր քույրերն ու եղբայրները չհապաղեցին աջակցել և մխիթարել իրենց սգացող հավատակիցներին (1 Կորնթացիներ 12։26)։ Սակայն ամենակարևորն այն է, որ նրանք ապավինում են Եհովային, ով վարվում է իր խոստման համաձայն և խաղաղություն տալիս (Փիլիպպեցիներ 4։7)։
Քույր Հանեքեն Ունութզերը, որը հատուկ ռահվիրա է ծառայում Իտալիայի հյուսիսում, զգացել է Եհովայի կազմակերպության աջակցությունը։ Նրա ամուսինը՝ եղբայր Մանֆրեդ Ունութզերը, մահացավ 2020 թ. մարտի 28-ին կորոնավիրուսի պատճառով։ Եղբայր Ունութզերը գրեթե 58 տարի եղել է լիաժամ ծառայության մեջ, որից 54 տարին ծառայել է իր կնոջ հետ։ Նրանք 25 տարի եղել են շրջանային ծառայության մեջ։ Տարբեր երկրներից մոտ 1 000 եղբայրներ ու քույրեր տեսակապով միացել էին նրա թաղման ելույթը լսելու։
Քույր Ունութզերն ասում է. «Ես անչափ շնորհակալ եմ իմ հավատակիցներին։ Նրանք նույնիսկ մեկ ժամով ինձ մենակ չեն թողել։ Ես զգացի նրանց անսահման սերը։ Հավատակիցներս հոգ տարան իմ զգացական, հոգևոր և ֆիզիկական կարիքների մասին։ Ես շատ եմ սիրում իմ բոլոր եղբայրներին»։
Մեկ ուրիշ զույգ, որը վշտի ժամանակ զգացել է Եհովայի կազմակերպության աջակցությունը, քույր Մարիա Խոսե Մոնկադան է և նրա ամուսինը՝ եղբայր Դարվինը։ Նրանք ծառայում են կեչուախոս դաշտում՝ Էկվադորի լեռնային տարածքներում։ Դժբախտաբար, 6 օրվա ընթացքում քույր Մոնկադան կորցրեց իր ծնողներին։ Նրա մայրը՝ Ֆաբիոլա Սանտանա Ջորդանը, 56 տարեկան էր և ծառայում էր որպես ռահվիրա, իսկ հայրը՝ եղբայր Ռիկարդո Ջորդանը, 60 տարեկան էր և ծառայող օգնական էր Գուայաքիլի «Պրադերաս» ժողովում։ Քույր Մոնկադայի երկու եղբայրները նույնպես վարակվել էին COVID-19-ով, սակայն ապաքինվել են։
Քույր Մոնկադան, որը սգում էր ծնողների մահը, պետք է չորս ժամ ճանապարհ գնար, որպեսզի իր ընտանիքի մյուս անդամների կողքին լիներ և օգներ նրանց կազմակերպելու թաղման արարողությունը։ Նա շատ էր ուզում գնալ, սակայն նա և իր ամուսինը աղոթքով խորհրդածելուց հետո որոշեցին, որ ճիշտ կլինի չգնալ։ Այդ ամբողջ ընթացքում նրանք տեսակապի միջոցով կապ պահպանեցին իրենց բարեկամների հետ։ Քույր Մոնկադան նշում է. «Եթե այցելեինք մեր ազգականներին, կվտանգեինք թե՛ մեր, թե՛ նրանց առողջությունը»։
Ինչ խոսք, քույր Մոնկադան շատ վշտացած ու անհանգստացած էր, սակայն նա և իր ամուսինը կառչած մնացին իրենց հոգևոր գրաֆիկին։ Նրանք անդադար աղոթում էին Եհովային և նրանից առաջնորդություն խնդրում։ Մոնկադաները շարունակեցին պատրաստվել Հիշատակի երեկոյին. նրանք ընթերցում էին Հիսուսի երկրային կյանքի վերջին օրերի մասին աստվածաշնչյան հատվածները և կապ հաստատում իրենց ուսուցումների հետ, որպեսզի հրավիրեն Հիշատակի երեկոյին։ Նրանք նաև ծառայում էին նամակներ գրելով և տեսակապի միջոցով մասնակցում էին ժողովի հանդիպումներին։ Քույր Մոնկադայի բարեկամներից 9-ը, որոնք Վկաներ չեն, ընդունեցին նրա հրավերը և իսպանախոս ժողովի հետ միացան Հիշատակի երեկոյին։
«Մեզ համար շատ քաջալերական էր տեսնել, թե ինչպես են մեր ուսուցումները միջոցներ ձեռնարկում, որ տեսակապի միջոցով կարողանան միանալ Հիշատակի երեկոյին, ինչն այդքան էլ հեշտ չէր նրանց համար»։ Նա շարունակում է. «Շատ հաճելի անակնկալ էր տեսնել նաև ընտանիքիս անդամներին, որոնք տեսակապի միջոցով միացել էին այլ երկրներից»։
Քույր Մոնկադան ասում է. «Այս դեպքը ցույց է տալիս, որ ինչքան էլ ցավոտ լինեն մեր հանգամանքները, ցավը հաղթահարելու լավագույն կերպը ծառայության մեջ ակտիվ մնալն է։ Եհովան ջանքերն է օրհնում»:
Մենք կիսում ենք տարբեր երկրներում ապրող մեր այն հավատակիցների վիշտը, որոնք համավարակի պատճառով կորցրել են իրենց սիրելիներին, և շարունակում ենք աղոթել նրանց համար։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ Եհովան վերջ կդնի տառապանքին և հիվանդություններին ու հարություն կտա իր հավատարիմ ծառաներին (1 Կորնթացիներ 15։21, 22)։