ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Յուրօրինակ և ինտերակտիվ շրջայցեր՝ Պատերսոնի այցելուների նոր կենտրոնում
2024 թ. հունվարի 1-ին Պատերսոնի այցելուների կենտրոնը, որը գտնվում է Դիտարանի կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք, ԱՄՆ), իր դռները բացեց այցելուների առաջ։ Այս թանգարանի զարդն է «Առաջին դարի աստվածաշնչյան գյուղ» բաժինը։ Եղբայր Այզեա Միլլերը, ով ծառայում է Բեթելի թանգարանային բաժնում, ասում է. «Աստվածաշնչյան գյուղը այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր այցելու ունենա յուրօրինակ կրթական փորձառություն և իրեն զգա Հիսուսի օրերում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսուցման ինտերակտիվ մեթոդը մեծ ազդեցություն է թողնում բոլոր տարիքի մարդկանց վրա»։ Շրջայցից հետո մի այցելու բացականչեց. «Այս թանգարանն օգնեց ինձ տեղափոխվել հին Իսրայել։ Շատ հետաքրքիր էր»։
Թանգարանում ներկայացված են առաջին դարի իսրայելական գյուղի առօրյան, կենդանիները, սնունդը և բույսերը։ Օրինակ՝ թանգարանի ձիթենիները պատրաստվել են հատուկ կաղապարների միջոցով ու իսկ և իսկ Իսրայելի ձիթենիների տեսքն ունեն։ Այցելուները կարող են հացահատիկ աղալ՝ օգտագործելով իրական չափերի աղացքար, և ոտք դնել ձկնորսական նավի վրա, ինչպիսին օգտագործում էին Հիսուսն ու նրա աշակերտները։ Մի եղբայր մեծ ոգևորությամբ ասաց. «Այնպիսի տպավորություն էր, ասես հայտնվել էի աստվածաշնչյան այն պատմության մեջ, որում Հիսուսն ասաց ծովին. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր»» (Մարկոս 4։39)։ Հին ժողովարանի տարածքով զբոսնելիս այցելուները կարող են պատկերացնել, թե մարդիկ ինչպես էին ուշադրությամբ լսում Աստծու Խոսքի բարձրաձայն ընթերցանությունը։
Թանգարանի մեկ այլ եզակի առանձնահատկություններից է այն, որ հնարավոր է զրուցել իսրայելացի գյուղացիների դերակատար եղբայրների ու քույրերի հետ և պարզել, թե մարդիկ ինչպես էին ապրում Հիսուսի ժամանակներում։ Այցելուները կարող են մասնակցել Հիսուսի օրերում տարածված զանազան աշխատանքների և առաջադրանքների։ Տասը տարեկան Մարկոսն ասաց. «Ամենահաճելի պահն այն էր, երբ օգնեցի իսրայելացի ատաղձագործին աթոռ պատրաստել»։ Ութամյա Ռեբեկան նույն բանն ասաց, և ավելացրեց. «Ինձ նաև դուր եկավ ցորենը աղալու և ալյուր պատրաստելու պահը»։
Այցելուների կենտրոնում կա ևս երեք բաժին։ «Առաջին դարի աստվածաշնչյան մետաղադրամներ» բաժնում ցուցադրված են առաջին դարի բնօրինակ մետաղադրամներ, այդ թվում՝ հազվագյուտ տետրադրախմա։ «Քո բոլոր որդիները Եհովայի կողմից կրթված կլինեն» թանգարանում ներկայացված են մի շարք աստվածաշնչյան դպրոցներ և դրանց բերած օգուտները։ «Բարի լուրը պաշտպանում ենք և օրինականապես հաստատում» թանգարանը պատմում է մի քանի երկրներից հավատարիմ եղբայրների ու քույրերի մասին, ովքեր հալածանքներ են կրել, և ներկայացնում է, թե Եհովայի կազմակերպությունն ինչպես է աջակցել նրանց։
Մեր համաշխարհային եղբայրությունը հրավիրվում է այցելելու Պատերսոնի թանգարան և վայելելու այս հոգևոր անգին նվերը։ Սա ևս մեկ միջոց է, որով Եհովան ցույց է տալիս, թե որքան է սիրում ու գնահատում իր ժողովրդին (Հակոբոս 1։17)։