Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 8, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր ռեկորդ. երկու օրվա ընթացքում լույս ընծայվեց 13 Աստվածաշունչ

Նոր ռեկորդ. երկու օրվա ընթացքում լույս ընծայվեց 13 Աստվածաշունչ

2022 թ. հունիսի 25, 26-ին մեր թարգմանիչների ջանքերի շնորհիվ նոր, բարձր ցուցանիշ գրանցվեց. 13 տարբեր լեզուներով լույս ընծայվեց «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Նախկինում երկու հանգստյան օրերի ընթացքում ամենաշատը 6 Աստվածաշունչ էր լույս ընծայվել։ Հետևյալ հաշվետվությունը մանրամասն ներկայացնում է այս պատմական իրադարձությունը։

Ցելթալ

Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Արմանդո Օչոան հայտարարեց ցելթալ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Ծրագիրը հեռարձակմամբ ունկնդրեցին շուրջ 1 400 հոգի։ Աստվածաշունչը լույս է ընծայվել և՛ տպագիր, և՛ թվային ձևաչափերով։

Թարգմանիչներից մեկն ասաց. «Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ նախագծում հստակ տեսել եմ Եհովայի ձեռքը։ Արված գործը ապշեցնում է։ Գիտենք, որ ամեն ինչ արվել է Եհովայի սուրբ ոգու շնորհիվ»։

Վայունայկի

Կոլումբիայի մասնաճյուղի ներկայացուցիչ եղբայր Կարլոս Մորենոն հայտարարեց վայունայկի լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» (Մատթեոսից Գործեր) լույսընծայման մասին։ Նախապես տեսագրված ծրագիրը Վենեսուելայում և Կոլումբիայում ունկնդրեցին 2 000 հոգի։ Հասանելի է գրքի թվային տարբերակը. տպագիր օրինակները ավելի ուշ կլինեն։

Բաուլե

Կոտ դ’Իվուարի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Քրիստոֆ Քուլուն բաուլե լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին հայտարարությունն արեց նախապես տեսագրված ծրագրի ժամանակ, որն ունկնդրեց ավելի քան 12 000 հոգի։ Գիրքը հասանելի էր թվային ձևաչափով, տպագիր տարբերակները հասանելի կլինեն 2022 թ. հոկտեմբերին։ Առաջին անգամ է, որ Կոտ դ’Իվուարի մասնաճյուղի հոգածության ներքո գտնվող տարածքի լեզուներից մեկով թարգմանվել է «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։

Թարգմանչական խմբի անդամներից մեկը նշում է, թե ինչն է իրենց զորացրել. «Երբ դժվարություններ ենք ունեցել, մտածել ենք, թե որքան կուրախանան եղբայրներն ու քույրերը և մեր տարածքում ապրող մարդիկ, երբ ստանան Աստվածաշունչն իրենց լեզվով։ Այս բանի գիտակցումը և Եհովայի սուրբ ոգին շարունակ առաջ գնալու ուժ են տվել»։

Ուելսերեն

Բրիտանիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Պիտեր Բելը ուելսերեն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին հայտարարությունը արեց անմիջապես Ուելսի Թագավորության սրահից։ Ծրագիրը Ուելսում և Արգենտինայում լսեցին շուրջ 2 057 հոգի։ Գիրքը թվային ձևաչափով հասանելի էր անմիջապես, տպագիր տարբերակը կլինի 2022 թ. դեկտեմբերին։

«Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ առաջին անգամ տառադարձեցինք «Եհովա» անունը։ Դա Աստծու անունը ճիշտ տեղում վերականգնելու համեստ փորձ էր»,— նշում է թարգմանիչներից մեկը։

Մանյավա և տիվ

Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Մարսելո Սանտոսը հայտարարեց մանյավա և տիվ լեզուներով «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքերի լույսընծայման մասին նախապես տեսագրված երկու ծրագրերի ընթացքում։ Ծրագրերը հեռարձակվեցին JW Stream-ով, ինչպես նաև ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Հասանելի են գրքերի թվային տարբերակները և ձայնագրությունները, իսկ տպագիր օրինակները կլինեն 2022 թ. սեպտեմբերին։

Սա մանյավա լեզվով թարգմանված Աստվածաշնչի գրքերից առաջինն է, իսկ տիվ լեզվով թարգմանվել են ընդամենը մի քանի գրքեր։ Ընթերցողներն ու ձայնագրությունը ունկնդրողները մեծ օգուտներ կքաղեն այս գրքերից։

Կեչուա (անկաշ), կեչուա (այակուչո), կեչուա (կուսկո)

Պերուի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Մարսելո Մոյանոն հայտարարեց կեչուա (անկաշ), կեչուա (այակուչո), կեչուա (կուսկո) լեզուներով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» թվային ձևաչափով լույսընծայման մասին։ Պերուում կեչուա լեզուներից ամենատարածվածները այս երեքն են։ Նախապես տեսագրված ծրագիրը լսեցին ավելի քան 7 000 հոգի։ Տպագիր օրինակները հասանելի կլինեն 2022 թ. հոկտեմբերին։

Թեև այս լեզուները նման են, բայց բարբառային տարբերությունների պատճառով աստվածաշնչյան ճշմարտությունը մեկ թարգմանության միջոցով պարզ փոխանցելը բավականին դժվար է։ Ուստի թարգմանչական ամեն խումբ ընտրել է այնպիսի բառեր, որոնք հասկանալի են իրենց ընթերցողներին։

Նդեբել, սեսոտո (Լեսոտո), սեսոտո (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Քենեթ Կուկը հայտարարեց նդեբել և սեսոտո լեզուներով (Հարավաֆրիկյան Հանրապետություն) «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Նա նաև հայտարարեց սեսոտո լեզվով (Լեսոտո) վերանայված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ 28 000 հոգի նախօրոք ընտրված Թագավորության սրահներում և տներում դիտեց նախապես տեսագրված ծրագիրը։ Գրքերը թվային ձևաչափով հասանելի դարձան անմիջապես, իսկ տպագիր տարբերակները ծրագրված է, որ կլինեն 2022 թ. դեկտեմբերին։ Առաջին անգամ է, որ նդեբել և սեսոտո լեզուներով (Հարավաֆրիկյան Հանրապետություն) լույս է տեսնում «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ։

Նդեբել լեզվով Աստվածաշնչի մասին թարգմանիչներից մեկն ասում է. «Այս թարգմանությունը մեր տարածքի մարդկանց համար իսկապես օրհնություն կլինի, քանի որ այստեղ առկա է «Եհովա» անունը։ Առաջին անգամն է, որ իրենց իսկ Աստվածաշնչերում կկարդան Աստծու անունը»։

Նդեբել (Զիմբաբվե)

Զիմբաբվեի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Շինգիրայ Մապֆումոն հայտարարեց թվային ձևաչափով նդեբել (Զիմբաբվե) լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Տպագիր օրինակները հասանելի կլինեն 2022 թ. հուլիսին։ Նախապես տեսագրված ծրագիրը ավելի քան 8 700 ունկնդիրների համար հեռարձակվեց Զիմբաբվեի Թագավորության սրահներում։

Թեև նդեբել լեզվով (Զիմբաբվե) այլ Աստվածաշնչեր էլ են հասանելի, բայց այս թարգմանությունը աստվածաշնչյան ճշմարտությունները ավելի պարզ է ներկայացնում։ Օրինակ՝ նդեբել լեզվով Աստվածաշնչի այլ թարգմանություններում Հովհաննես 17։3-ում Հիսուս Քրիստոսի մասին խոսվում է որպես «ճշմարիտ Աստծու», մինչդեռ «Նոր աշխարհ թարգմանությունը» հստակորեն տարանջատում է Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին։ Թարգմանիչներից մեկն ասում է. «Այս թարգմանությունը ընթերցողի առօրյա լեզվով է»։

Մենք ուրախանում ենք՝ տեսնելով, որ Աստծու Խոսքը ամբողջ աշխարհում հասանելի է դառնում ճշմարտությամբ հետաքրքրվող մարդկանց՝ նրանց հնարավորություն տալով իրենց մայրենի լեզվով «վերցնել կյանքի ջուրը ձրի» (Հայտնություն 22։17