ՄԱՐՏԻ 31, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուկրաինացի փախստականները՝ ամեն ինչ թողնելու մասին
«Միակ կարևոր բանը Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններն են»
Առավոտյան ժամը 5։00-ին ժողովի երեցի հեռախոսազանգը արթնացրեց Ֆեմի Դուրոդոլային և նրա կնոջը՝ Յանային։ Եղբայրն ասաց. «Մի՛ անհանգստացեք, պարզապես պատրաստ եղեք: Ռուսական բանակը Կիև է գալիս»։ «Այդ պահին զգացի, որ ամբողջ մարմինս լարվեց»,— պատմում է Յանան։
Նոր ամուսնացած այս զույգը հագնվեց, պատրաստեց վերջին բաժակ սուրճը, որը նրանք վայելեցին իրենց տանը, և կարդաց այդ օրվա խոսքը. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի» (Եսայիա 30։15)։ Ֆեմին թախանձագին աղոթեց Եհովային։ Նա նիգերիացի է, իսկ Յանան՝ ուկրաինացի։ Նրանք վերցրին իրենց պայուսակները և թողեցին ամեն ինչ՝ Նիդերլանդներում ապաստան փնտրելու համար։
Մեր եղբայրների և քույրերի մեծ մասը հայտնվել է այս իրավիճակում 2022 թ. փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի ներխուժումից հետո։ Ուկրաինայում ապրում է մոտ 130 000 Եհովայի վկա։ Մինչ օրս ավելի քան 36 000 Վկաներ որոշել են փախչել իրենց տներից։ Նրանցից ավելի քան 16 000-ը փախել են այլ երկրներ։ Շատերը թողնում են իրենց տները, աշխատանքը և ժողովները։ Պատերազմի ժամանակ 18-60 տարեկան ուկրաինացի տղամարդկանց չի թույլատրվում լքել երկիրը: Սակայն այլ երկրների քաղաքացիություն ունեցողները կարող են դուրս գալ Ուկրաինայից:
Իրենց հետ վերցնելով միայն առաջին անհրաժեշտության իրեր՝ նրանք նստում են գնացքներ և ավտոբուսներ ու փորձում գտնել առավել ապահով վայրեր։ Երբեմն նրանք չգիտեն, թե ճանապարհն իրենց ուր կտանի։ Եհովայի հանդեպ ամուր հավատը նրանց ուժ է տալիս լքելու պատերազմից ավերված քաղաքները՝ առանց իմանալու՝ երբևէ կվերադառնան, թե ոչ։
Յանան ասում է. «Ամեն ինչ թողեցինք։ Այս իրավիճակը մեզ հիշեցնում է, որ ամենակարևորը Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերություններն են»։
Հնչում էին օդային ռմբակոծության ազդանշանները, և արկերի պայթյունների արձագանքը հասնում էր Կիևում գտնվող Լիլիա Անտոնյուկի տուն։ Փողոցներում այրված մեքենաներ և քանդված շենքերի ու կամուրջների բեկորներ էին։
Լիլիան և նրա 17-ամյա դուստրը՝ Օլեքսանդրան, որոշեցին հեռանալ Ուկրաինայից։ Դեպի Լեհաստան նրանց ճամփորդությունը տևեց մի քանի օր։ Գնացքը լի էր մարդկանցով, քույրերը ստիպված էին մի քանի ժամ կանգնած մնալ, նրանք քիչ սնունդ ունեին։ Սակայն նրանց անհանգստությունը սկսեց նվազել, երբ ժամանեցին Լեհաստանի Պշեմիսլ քաղաք։
Լիլիան պատմում է. «Հենց տեսանք «JW.ORG» նշաններով եղբայրներին, հասկացանք, որ ամեն ինչ լավ է լինելու»։ Նրանց տարան Թագավորության սրահ, որտեղ կարող էին տաքանալ, ուտել ու հանգստանալ և հետո նոր տեղափոխվել։
Լիլիան, ով հետո մեկնեց Գերմանիա, շարունակում է. «Մենք զգացինք Եհովայի հոգատարությունը։ Մեր հավատը զորացավ։ Ես իսկապես շնորհակալ եմ Եհովային իր սիրո և այն եղբայրների ու քույրերի համար, որոնք պատրաստակամ են օգնելու դժվար ժամանակներում»։
Քույր Անաստասիա Կովալյովան պատմում է, թե ինչպես են զավթիչ ուժերը օդային հարձակում իրականացրել Զապորոժիե քաղաքի վրա: Նա տեսել էր հրթիռներից արձակված կրակի վառ շողերը և լսել պայթյունների ձայները։ Մշտական ռմբակոծությունը հոգեբանական ծանր ազդեցություն էր թողնում Անաստասիայի եղբոր որդու և դստեր վրա (յոթ և երեք տարեկան), ուստի նրանք որոշեցին հեռանալ։ Անաստասիան ասում է. «Քանի որ չէինք կարող մեզ հետ վերցնել շատ բաներ, բավականաչափ հագուստ և այլ իրեր չունեինք։ Բայց եղբայրները հոգացին ամեն ինչի մասին։ Մենք ունեցանք այն, ինչ անհրաժեշտ էր մեզ, և նույնիսկ ավելին»: Անաստասիան, նրա եղբոր կինը՝ Անյան, և երեխաները Լեհաստանով մեկնել են Գերմանիա։
Քույր Անաստասիա Շչուկինան և նրա մայրը՝ քույր Օլհա Լիսենկոն, ամեն անգամ օդային ազդանշանը լսելիս թաքնվում էին իրենց փոքրիկ տան սառը նկուղում։ Ռահվիրա քույրերը ծառայում էին քարոզիչների մեծ կարիք ունեցող Վիննիցա մարզի Բրայլիվ փոքրիկ քաղաքում։ Նրանք չէին ցանկանում հեռանալ, սակայն ի վերջո որոշեցին գնալ, քանի որ իրավիճակը դարձավ ավելի վտանգավոր։ Վերցնելով միայն անհրաժեշտ իրերը՝ նրանք երկու օր գնացքով ճանապարհ գնացին։ Այդ ընթացքում քույրերը շատ քիչ էին քնել։ Փախուստը հեշտ չէր 58-ամյա Օլհայի համար, ով առողջական խնդիրներ ունի։ Նրանք գիշերը՝ ժամը 02։00-ին, հասան Լեհաստանի Ժեշուվ քաղաք։ Նրանց սպասում էին իրենց հոգևոր ընտանիքի անդամները։ Անաստասիան ասում է. «Չնայած ուշ ժամին՝ եղբայրները սպասում էին մեզ։ Անսահման երախտապարտ ենք Եհովային և մեր եղբայրներին ու քույրերին»։
Սումի քաղաքում եղբայր Անջեյ Չիբան, ով Լեհաստանի քաղաքացի է, իսկ նրա կինը՝ Էլիզաբեթը՝ բրիտանացի, հինգ ուրիշ մարդկանց հետ թաքնվել էին եղբայրներից մեկի տան նկուղում։ Նրանց գլխավերևում լսվում էին կործանիչների ձայները։ «Ո՛վ Եհովա.... քեզ եմ ապավինում» աստվածաշնչյան վիդեոբեմադրությունը դիտելուց հետո եղբայրները շատ քաջալերվեցին։ Այն ներկայացնում է Եզեկիա թագավորի պատմությունը, երբ ասորեստանցիները գալիս են գրավելու Երուսաղեմը։
Եղբայր Անջեյը, ով այժմ իր կնոջ հետ Լեհաստանում է, ասում է. «Եղբայրները աստվածաշնչյան տարբեր մտքեր էին ուղարկում մեզ։ Շատ զորացանք Սաղմոս 27-ում արձանագրված խոսքերից»։
Մենք վստահ ենք, որ Եհովան կօրհնի մեր այն քույրերին ու եղբարներին, ովքեր կորցրել են ամեն ինչ ու սպասում են այն ժամանակներին, երբ այլևս պատերազմ չի լինի (Փիլիպպեցիներ 3։8)։