ԱՊՐԻԼԻ 15, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատանի Վկաները այս համավարակի ընթացքում քարոզելու նոր մեթոդներ են գտնում
Ամբողջ աշխարհում բազմաթիվ պատանի Վկաներ կորոնավիրուս համավարակի ընթացքում շարունակում են իրենց հոգևոր ակտիվ գործունեությունը՝ փնտրելով քարոզելու և հավատակիցներին քաջալերելու նոր մեթոդներ։
Նոր Զելանդիայում մարդիկ իրենց պատուհանների մnտ խաղալիքներ, արջուկներ և նկարներ են դնում, որ երեխաները փողոցով քայլելիս տեսնեն դրանք։ Այդ առիթն օգտագործելով՝ շատ պատանիներ պատրաստում են Կարենի և Սոնայի նկարներով պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Դիտեք մեզ jw.org կայքում»։
Էմիլիան 9 տարեկան է և ապրում է Շվեյցարիայում։ Նրա իմունային համակարգը շատ թույլ է։ Չնայած դրան՝ Էմիլիան որոշեց նամակներ ուղարկել ծերանոցի բնակիչներին, որտեղ այժմ այցելություններն արգելված են։ Նամակների հետ նա ուղարկել էր նաև Նոյի և տապանի նկարը, որն ինքն էր նկարել։ Աղջիկը գրել էր, որ Նոյը և իր ընտանիքը նույնպես մեկուսացած են եղել, սակայն դա իրենց ապահովության համար էր։ Նա խնդրել էր ծերանոցի բնակիչներին «Նոյի պես մնալ ներսում»։ Համավարակի ավարտից հետո Էմիլիան ցանկանում է այցելել ծերանոցում ապրողներին։
Ոմանք դրականորեն արձագանքեցին Էմիլիայի նամակներին, և նա պատասխան նամակ ուղարկեց նրանց։ Քաղաքի լրագրողներից մեկը իր հոդվածում նույնիսկ գրեց նրա մասին։
Կանադայի Օնտարիո նահանգում բնակվող Քեմֆեր քույրերը՝ Փեյթոնն ու Էլլան, այս ընթացքում շարունակում են կանոնավոր շփվել իրենց հավատակիցների հետ։ Նրանց հայրը՝ Ջերիդը, նշում է. «Ընտանեկան երկրպագության ժամանակ երեխաներն օգնեցին, որ մի ցուցակ կազմենք, թե ում ենք զանգելու»։ Իսկ նրանց մայրը՝ Ջեսիկան, ասում է. «Ուզում ենք մեր աղջիկներին սովորեցնել, թե որքան կարևոր է հավատակիցներին, ընկերներին, ինչպես նաև ընտանիքի անդամներին հավաստիացնել, որ միշտ հիշում ենք իրենց»։
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում էլ 9-ամյա Ստելլան և նրա մայրը նպատակ են դրել զանգել ժողովի բոլոր տարեցներին։ Նրանք ցուցակ են կազմել և հերթով զանգում են բոլորին։
12-ամյա Ջոնաթան և 15-ամյա Շոն Մըքքեմփսոնները իրենց ծնողների հետ ծառայում են Արիզոնայի չինախոս ժողովում։ Նրանք շարունակում են քարոզել և ամեն առավոտ դպրոց գնալուց առաջ չինարեն նամակներ են գրում։ Պատանիներից շատ ժամանակ ու ջանքեր են պահանջվում այդ նամակները գրելու համար, քանի որ նրանք դեռ լիովին չեն տիրապետում լեզվին։ Սակայն դա նրանց չի խանգարում, որ նախանձախնդրությամբ քարոզեն չինախոս մարդկանց։
2-ից 15 տարեկան վեց երեխա իրենց մոր և մի ռահվիրա քրոջ հետ կանոնավոր այցելում էին արևմտյան Միչիգանում գտնվող մի ծերանոց։ Սակայն կորոնավիրուսի պատճառով իշխանությունները արգելեցին այցելել ծերերին։ Այժմ այդ ծնողները իրենց երեխաների հետ տեսագրում կամ ձայնագրում են Թագավորության երգերն ու աստվածաշնչյան համարները և ուղարկում նրանց։ Ծերանոցի խնամակալներից մեկը երեխաների հորն ասել էր, որ մի տարեց, երբ լուրերով լսել էր մահվան դեպքերի մասին, ընկճվել էր։ Սակայն երեխաների տեսանյութերից մեկը շատ էր մխիթարել նրան։
Համոզված ենք, որ Եհովան թանկ է գնահատում այս պատանիների ջանքերը, ովքեր, ծառայության նոր մեթոդներ օգտագործելով, իրենց սերն են ցույց տալիս մերձավորի հանդեպ և փառաբանում են իրեն (Սաղմոս 148։12, 13)։