ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պորտուգալերեն «Դիտարան» ամսագրի թողարկման 100-ամյակը
1923 թ.-ին եղբայր Ջորջ Յանգը ժամանեց Բրազիլիա, որպեսզի մասնաճյուղ հիմնի և կազմակերպի քարոզչական գործը։ Այդ ժամանակ «Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» (այժմ՝ «Դիտարան. հռչակում է Եհովայի Թագավորությունը») ամսագիրը Բրազիլիայում միայն անգլերենով էր առկա։ Եղբայր Յանգը արագ կազմակերպեց «Դիտարան» ամսագիրը պորտուգալերենով թարգմանելու և տեղի տպարանում տպագրելու գործը։ Արդյունքում 1923 թ. հոկտեմբերին տպագրվեց պորտուգալերեն «Դիտարանի» առաջին թողարկումը։ Երեք տարի անց մասնաճյուղը տպագրահաստոց ստացավ Եհովայի վկաների գլխավոր վարչությունից (Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ), և Բրազիլիայի մասնաճյուղի եղբայրները սկսեցին իրե՛նք տպագրել ամսագրերը։
1925 թ.-ին՝ պորտուգալերեն «Դիտարան» ամսագրի առաջին թողարկումից երկու տարի հետո, Պորտուգալիայի եղբայրները սկսեցին թարգմանել «Դիտարանը» եվրոպական պորտուգալերենով։ Սակայն 1933 թ.-ին Վկաների դեմ հակառակության ալիք բարձրացավ, երբ իշխանությունը բռնապետական կառավարության ձեռքն անցավ։ Շուտով Պորտուգալիայում թարգմանչական գործը կանգ առավ։ Այդուհետ՝ տասնամյակներ շարունակ, Պորտուգալիայի մեր հավատակիցները օգտվում էին Բրազիլիայում տպագրվող պորտուգալերեն «Դիտարան» ամսագրերից։ Իզաբել անունով մի քույր, ով այդ ընթացքում ապրել է Պորտուգալիայում, ասում է. «Քերականական և բառերի իմաստային տարբերությունների վրա կենտրոնանալու փոխարեն նախընտրում էի միտքս ու սիրտս կենտրոնացնել նյութի վրա։ Անչա՜փ շնորհակալ եմ բրազիլացի եղբայրներին, որ պորտուգալերենով գրականություն էին թարգմանում ու հրատարակում այն ժամանակ, երբ Պորտուգալիայում անհնար էր կազմակերպել այդ գործը»։
1961 թ.-ին, երբ լույս ընծայվեց անգլերեն «Նոր աշխարհ թարգմանության» միահատոր թողարկումը, հավանություն տրվեց այն թարգմանելու ևս վեց լեզուներով, այդ թվում՝ պորտուգալերենով։ Թեև պորտուգալերենի թարգմանչական խումբը բնակվում էր Բրազիլիայում, սակայն փորձում էր այնպիսի բառեր օգտագործել, որոնք դյուրըմբռնելի էին պորտուգալախոս երկրների բնակչության համար։ Տասնամյակներ շարունակ այս նույն սկզբունքն է կիրառվել «Դիտարան» ամսագիրը պորտուգալերենով թարգմանելիս։ Սակայն 2017 թ.-ին հավանություն տրվեց «Դիտարանը» թարգմանել թե՛ Բրազիլիայի, թե՛ Պորտուգալիայի պորտուգալերենով։
Այսօր ամբողջ աշխարհում 1,2 միլիոն պորտուգալախոս քարոզիչ կա, և շուրջ 260 միլիոն պորտուգալախոս մարդիկ կարող են օգուտներ քաղել՝ «Դիտարան» ամսագիրը ընթերցելով իրենց մայրենի լեզվով։ Աղոթում ենք, որ այս և այլ լեզուներով խոսող մարդիկ շարունակեն սովորել «Աստծու մեծամեծ բաների մասին» (Գործեր 2:11)։