Անցնել բովանդակությանը

Մի եղբայր Մալավի լճում՝ լաստի վրա, ժողովի հանդիպման տեսանյութերն է ներբեռնում

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ջանքերն ու հնարամտությունը արդյունքներ են բերում

Ջանքերն ու հնարամտությունը արդյունքներ են բերում

Շատ ժողովներ, նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվելով, շարունակում են իրենց հանդիպումներն անցկացնել այս համավարակի ընթացքում։ Սակայն մեկուսի տարածքներում ապրող որոշ ժողովներ, որոնք ինտերնետից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեն, շատ խոչընդոտներ են հաղթահարել, որ առանց COVID-19-ից պաշտպանվելու անվտանգության կանոնները խախտելու՝ կառչած մնան իրենց հոգևոր գրաֆիկին։ Ահա մի քանի օրինակ Աֆրիկայից։

Մալավի

Ժողովներում շատերն ինտերնետ չունեն և այդ պատճառով չեն կարող օգտվել «Zoom»-ից։ Մալավիի մասնաճյուղն ամեն շաբաթ հանդիպումների տեսաձայնագրությունները բջջային ինտերնետ կապով ուղարկում է երեցներին, նրանք էլ իրենց հերթին այդ ֆայլերը տրամադրում են ժողովի քարոզիչներին։

Սակայն այս մեթոդը չգործեց Տչարո ժողովի 28 քարոզիչների համար, որոնք ապրում են երկրի հյուսիսում՝ Մալավի լճի մոտակայքում գտնվող լեռնային տարածքում։ Քանի որ լեռների պատճառով այնտեղ բջջային ծածկույթ չկար, մի երեց պետք է շատ կիլոմետրեր անցներ, որ ուժեղ բջջային կապ գտներ։ Դրանից հետո նա վերադառնում էր և լեռների միջով անցնելով՝ հասնում էր յուրաքանչյուր քարոզչի տան մոտ՝ այնքան մոտ, որ հնարավոր լիներ «Bluetooth»-ի միջոցով փոխանցել ֆայլը։

Վերջերս երեցները իրենց տարածքից ոչ շատ հեռու՝ Մալավի լճում, ավելի ուժեղ բջջային կապ են գտել։ Այժմ նրանք տեսանյութերը ներբեռնում են լճում՝ լաստի վրա։ Այդպես երեցները զգալի ժամանակ են խնայում ճանապարհի վրա։

Մոզամբիկ

Հյուսիսարևմտյան Մոզամբիկի մեկուսի տարածքներ «այցելելիս» շրջանային վերակացուներն իրենց ելույթներն անում են բջջային հեռախոսներով։ Քանի որ շատ դեպքերում «կոնֆերանս զանգեր» ծառայությունը հասանելի չէ, շրջանային վերակացուները ելույթը ներկայացնելիս երբեմն հեռախոսներ են շարում իրենց դիմաց, որոնցից յուրաքանչյուրը միացված է ժողովի ինչ-որ ընտանիքի։

Եղբայր Ալիք Քազավին, ով շրջանային վերակացու է, ելույթ է ներկայացնում։ Ելույթը յուրաքանչյուր հեռախոսով լսում է մեկ ընտանիք

Որոշ քարոզիչներ այնպիսի տարածքներում են ապրում, որտեղ բջջային ծածկույթ չկա։ Ժողովի հանդիպման օրերին նրանք այնքան են քայլում մացառուտների միջով, մինչև հեռախոսի վրա բջջային կապի ազդանշան ստանան։ Ազդանշանը ստանալուն պես՝ նստում են ու լսում ծրագիրը։

Եղբայր Յոհան Վինյոն՝ այդ տարածքի շրջանային վերակացուն, ասում է, որ «շատ եղբայրներ ու քույրեր մեծ ջանքեր են թափում, որ մասնակցեն ժողովի հանդիպումներին», ինչի շնորհիվ պահպանում են Եհովայի հետ իրենց մտերմությունը՝ չնայած մեկուսացմանը։ Մեկ այլ շրջանային վերակացու՝ եղբայր Կառլոս Կորտեզեուն էլ ասում է. «Մենք մեզ այնպես ենք զգում, կարծես դեռ ֆիզիկապես մեր եղբայրների հետ ենք Թագավորության սրահում, միասին մեկնաբանություններ ենք տալիս ու երգեր երգում։ Մենք իսկապես տեսնում ենք Եհովայի ձեռքը։ Տեսնում ենք, թե նա ինչպես է շարունակում հոգևորապես սնել իր ժողովրդին այս համավարակի ընթացքում» (Հովհաննես 21:17):