ՀՈՒԼԻՍԻ 3, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլխավոր վարչության նախագիծ. Ռամապո
Ռամապոյի նախագիծը նշանակալի թույլտվություն է ստացել
2023 թ. հունիսի 28-ին Ռամապոյի նախագիծը (Նյու Յորք, ԱՄՆ) ստացավ ամենակարևոր թույլտվություններից մեկը։ Ռամապոյի քաղաքաշինության խորհուրդը նախագծի վերաբերյալ այս որոշումը կայացրեց միաձայն։ Ճիշտ է, դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն այլ թույլտվություններ ստանալու և որոշ տեխնիկական հարցեր կարգավորելու համար, սակայն այս թույլտվության շնորհիվ նախագիծն առաջ կընթանա։
Հատկանշական է, որ տեղի բնակիչները և պաշտոնյաները քաղաքաշինության խորհրդի նիստի ժամանակ որևէ առարկություն կամ մտահոգություն չեն ներկայացրել: Եղբայր Քեյթ Քեյդին, ով ծառայում է շինարարական նախագծի կոմիտեում, ասում է. «Մենք ամիսներ շարունակ աշխատել ենք, որպեսզի մեր նախագիծը ներկայացնենք խորհրդին, և հետևել ենք բոլոր անհրաժեշտ պահանջներին։ Մեր նպատակն էր հնարավորինս հեշտացնել մեզ թույլտվություն տրամադրելու գործընթացը»։ Խորհրդի անդամները բարձր գնահատեցին, որ քրտնաջան աշխատել ենք պահանջներին հետևելու համար, և միաձայն ընդունեցին նախագծի վերաբերյալ ներկայացված յուրաքանչյուր բանաձև: Շինարարական նախագծի կոմիտեում ծառայող մեկ այլ եղբայր՝ Դեյվիդ Սոտոն, նշում է. «Ամբողջ քննարկումն ու որոշում կայացնելը մեկ ժամից էլ քիչ տևեց: Շնորհակալ ենք քաղաքաշինության խորհրդին իրենց ծանր աշխատանքի, ջանասիրության և համագործակցության համար: Անհամբեր սպասում ենք քաղաքաշինության վարչության հետ գալիք համագործակցությանը»։
Այս վերջին թույլտվության շնորհիվ կսկսենք Ռամապոյի նախագծի առանցքային աշխատանքներից մի քանիսը։ Եղբայր Քեյդին ասում է. «Երբ կտրված ծառերը հեռացվեն տարածքից, կապալառուները կարող են սկսել իրենց աշխատանքները: Դրանից հետո՝ մինչև հաջորդ տարվա վերջը, ավելի շատ կամավորներ կկարողանան աշխատել այստեղ։ Հանդիպման բոլոր ներկաներս շատ ոգևորվեցինք, երբ խորհուրդը միաձայն հավանություն տվեց սկսելու աշխատանքը»։
Որպես համաշխարհային կազմակերպություն՝ մենք երախտապարտ ենք Եհովային այս վերջին իրադարձությունների համար: Աղոթում ենք, որ նա շարունակի օրհնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս նախագծում, քանի որ իրենց ձեռքերը զորացրել են բարի գործի համար (Նեեմիա 2։18)։