ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսաստանում և Ղրիմում բանտարկված Վկաների թիվը հատեց 100-ի սահմանը
2022 թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ Ռուսաստանում և Ղրիմում իրենց հավատի համար բանտարկված կամ կալանավորված են 106 եղբայրներ և 4 քույրեր։ 44-ամյա եղբայր Դմիտրի Դոլժնիկովը դարձավ 100-րդ Եհովայի վկան, ով ազատազրկված է։ Դմիտրին ձերբակալվեց 2022 թ. սեպտեմբերի 8-ին։ Նա մեղադրվում է ծայրահեղական կազմակերպության գործունեության մասնակցելու մեջ, քանի որ ներկա է եղել քրիստոնեական հանդիպումների և իր հավատի մասին պատմել է ուրիշներին։ 2017 թ. արգելքից ի վեր տարբեր պատժաժամկետներով բանտարկվել են մոտ 350 Վկաներ։
Ոստիկանները ձերբակալեցին Դմիտրիին այն բանից հետո, երբ խուզարկեցին Չելյաբինսկի մարզում գտնվող նրա բնակարանը։ Երկու օր անց նրան տեղափոխեցին նախնական կալանավայր, որը գտնվում է Նովոսիբիրսկի մարզում՝ իր տնից մոտ 1 500 կմ (932 մղոն) հեռու։
Դմիտրիի հետ նույն խցում ևս 12 հոգի կա։ Դմիտրիի կնոջը՝ Մարինային, թույլ չեն տալիս այցելել նրան, բայց նրանք հաղորդակցվում են նամակագրությամբ։
Մարինան պատմում է. «Երբ ամուսնուս նոր էին ձերբակալել, չէի կարողանում լավ քնել, հաճախ էի գիշերները արթնանում։ Մեր ժողովից մի ընտանիք առաջարկեց ինձ իրենց հետ ապրել։ Դա անգնահատելի օգնություն էր ինձ համար»։
Մարինան ավելացնում է, որ Դմիտրին դրական է տրամադրված։ Նա ասում է. «Եհովան հոգ է տանում ամուսնուս մասին»։
Մեր եղբայրների ու քույրերի հանդեպ մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի՝ ծայրահեղական գործունեության վերաբերյալ հոդվածով։ Նրանց թվում է 57-ամյա Աննա Սաֆրոնովան, ով դատապարտված է վեց տարվա ազատազրկման։ Սա մեր քույրերի հանդեպ կիրառված ամենաերկար պատժաժամկետն է։
Դմիտրիի ձերբակալումը Եհովայի վկաների դեմ ուղղված Ռուսաստանի հինգամյա հալածանքների պատմության հերթական ամոթալի էջն է։ Ռուսաստանը չի դադարեցնում իր հետապնդումները, թեպետ բազմիցս արժանացել է միջազգային կառույցների քննադատությանը։ Երբ 2017 թ.-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշում կայացրեց ընդդեմ Եհովայի վկաների, իշխանությունները պնդեցին, որ կլուծարեն Վկաների իրավաբանական անձանց, բայց չեն խոչընդոտի նրանց հոգևոր գործունեությանը։ Սակայն իրականությունն այլ է։ Մինչ օրս 308 քրեական գործ է հարուցվել մոտ 700 Եհովայի վկաների դեմ։ Ավելին՝ Վկաների 1 851 տներ խուզարկվել են։
Մենք աղոթում ենք Դմիտրիի և իրենց հավատի պատճառով հալածվող մեր մյուս եղբայրների ու քույրերի համար։ Վստահ ենք՝ Եհովան կշարունակի նրանց տալ անհրաժեշտ ուժը, որ դիմանան (Մատթեոս 24։13)։