Անցնել բովանդակությանը

Վերևի ձախ կողմում՝ ուսանողները մասնակցում են շրջանային վերակացուների և նրանց կանանց համար դպրոցին (Ճապոնիա)։ Ներքևի ձախ կողմում՝ շրջանային համաժողով (Պանամա)։ Աջ կողմում՝ շրջանային համաժողովին քույրերը գրկախառնվում են (ԱՄՆ)

ՓԵՏՐՎԱՐԻ 28, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերսկսվել են ֆիզիկական մասնակցությամբ շրջանային համաժողովներն ու աստվածապետական դպրոցները

Վերսկսվել են ֆիզիկական մասնակցությամբ շրջանային համաժողովներն ու աստվածապետական դպրոցները

2023 թ. հունվարին՝ գրեթե եռամյա դադարից հետո, ամբողջ աշխարհում վերսկսվեցին ֆիզիկական մասնակցությամբ շրջանային համաժողովները։ Միևնույն ժամանակ շատ երկրներում վերսկսվեցին աստվածապետական դպրոցները։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնել է այս հատուկ միջոցառումները։

Մեքսիկայի Տաբասկո նահանգի Վիլյաերմոսա քաղաքում մոտ 200 քարոզիչներ շրջանային համաժողովից առաջ մասնակցեցին համաժողովների սրահի մաքրությանը։ Նրանցից ոմանք գրեթե 6 ժամվա ճանապարհ անցան, որ հասնեն այնտեղ։ Մի քույր ասաց. «Վաղուց այսքան եղբայրներով ու քույրերով չէինք հավաքվել։ Ինչպե՞ս կարող էինք բաց թողնել օգնելու այս հնարավորությունը»։

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Քրաունսվիլից մի քույր շրջանային համաժողովին ասաց. «Ուրախությունից ցնծում եմ։ Ինչ տեղ եմ հասել, աչքերս չեն չորանում։ Բոլոր անձեռոցիկներս օգտագործել եմ, իսկ ծրագիրը դեռ չի էլ սկսվել։ Այստեղ լինելու հնարավորությունը աշխարհում ոչնչի հետ չէի փոխի»։

Եղբայրներն ու քույրերը գալիս են շրջանային համաժողովի (Կագուաս, Պուերտո Ռիկո)

Շատ մասնաճյուղերի տարածքներում ուսանողները ուրախ էին ֆիզիկապես մասնակցել Թագավորության քարոզիչների ու շրջանային վերակացուների և նրանց կանանց համար դպրոցներին։ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Քոստ քաղաքում գտնվող դպրոցների համալիրում դասավանդողներից մեկը՝ եղբայր Ջիովանի Կաբեզասը, ասաց. «Այնքա՜ն էի ոգևորվել, երբ իմացա, որ վերսկսվում են ֆիզիկական մասնակցությամբ աստվածապետական դպրոցները։ Այստեղ աննկարագրելի միջավայր է. դասավանդողները, ուսանողներն ու կամավորները սիրտ ու հոգի են դնում, որ կատարեն Եհովայի կամքը»։

2023 թ. հունվարին քույր Սատոկո Նակատան իր ամուսնու հետ մասնակցեց շրջանային վերակացուների և նրանց կանանց համար դպրոցին։ Նա նշեց. «Ինչ խոսք, հրաշալի էր, որ համավարակի ընթացքում հանդիպումներն ու ռահվիրայական դպրոցները Zoom-ով էին անցկացվում։ Այդուհանդերձ, այդ եղանակով դժվար էր անկաշկանդ զրուցել և լսել մյուսների ծիծաղը կամ երգելը։ Այս դպրոցին ֆիզիկապես մասնակցելը պարգև էր Եհովայից։ Մենք ուսանողներով միասին շփվում էինք ու ծիծաղում, երբեմն միասին լացում, ինչպես նաև ուրախությամբ երգում։ Այնքա՜ն շնորհակալ եմ Եհովային ու Կառավարիչ մարմնին»։

Ուսանողները մասնակցում են Թագավորության քարոզիչների դպրոցին (Քենիա)

Անկասկած, Եհովան ուրախություն է ապրում՝ տեսնելով, թե իր ժողովուրդը ինչպես է հավաքվում մաքուր երկրպագություն մատուցելու և իր կողմից կրթվելու համար։ Միանում ենք Դավիթ թագավորի խոսքերին. «Ես կգովերգեմ քեզ մեծ ժողովում, շատ մարդկանց մեջ կփառաբանեմ քեզ» (Սաղմոս 35։18