ՄԱՐՏԻ 31, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օգնում ենք տարեցներին, որ համավարակի ընթացքում մնան լավ հոգևոր վիճակում
Հաշվի առնելով, որ տարեցների համար կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը մեծ են, մեր տարեց եղբայրներն ու քույրերը, խելամտություն դրսևորելով և հետևելով մասնագետների խորհուրդներին, տնից դուրս չեն գալիս։ Սակայն նրանք մեկուսացած ու անգործ չեն։ Օգտվելով նոր տեխնոլոգիաներից՝ տարեցները մասնակցում են ժողովի հանդիպումներին և ծառայությանը։
Իտալիայի Հռոմ քաղաքում 94-ամյա մի քույր, որը մկրտվել է 1952 թ.-ին, նույնիսկ նախքան համավարակը վատ առողջության պատճառով տնից դուրս չէր գալիս։ Թեև նա դիտում էր ժողովի հանդիպումները «JW Stream»-ով, իր ժողովի հանդիպումներին արդեն երկար ժամանակ է՝ չէր մասնակցել։ Երբ երեցները սկսեցին ժողովներն անցկացնել տեսակապի միջոցով, քույրը կարողացավ միանալ իր ժողովին, տեսնել իր բոլոր հավատակիցներին և մասնակցել ժողովի հանդիպմանը։
Սփենիշ Ֆորք քաղաքում (Յուտա, ԱՄՆ) քույր Ստեֆանի Էյքենը, որը խուլ է, ապրում է ծերանոցում, որտեղ այժմ արգելված են այցելությունները։ Մի երեց իր կնոջ հետ ծերանոցի մուտքի ապակյա պատուհանի հակառակ կողմից ժեստերի լեզվով օգնեց քրոջը իր սարքի մեջ բեռնել տեսակապի հավելվածը։ Երբ քույր Էյքենին հաջողվեց բեռնել հավելվածը, նա պլանշետը ամուր սեղմեց իր կրծքին։ Վերջինս շատ ուրախ է, որ կարող է շփվել իր ժողովի հետ։
Երբ տեսնում ենք, թե ամբողջ աշխարհում մեր եղբայրներն ու քույրերը, այդ թվում՝ տարեցները ինչպես են, նոր տեխնոլոգիաներից օգտվելով, հարմարվում այս դժվար հանգամանքներին, հիշում ենք Եհովայի խոսքերը, որ իր ժողովուրդը իմաստնորեն էր օգտվելու «ազգերի կաթից» (Եսայիա 60։16)։ Մենք գիտենք, որ Նա միշտ կդառնա այն, ինչի կարիքը կունենան իր ծառաները նեղության մեջ։
Շվեդիայում մի զույգ (վերևում՝ ձախ կողմում), Ֆրանսիայում մի եղբայր (ներքում՝ ձախ կողմում) և Հարավային Կորեայում մեկ այլ զույգ (աջ կողմում) մասնակցում են ժողովի հանդիպմանը։
Նորվեգիայում ամուսինները վկայություն են տալիս հեռախոսով։
Իտալիայում տարեց ամուսինները քաջալերվում են հովվական այցելությունից։