ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 2017
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդհանուր տեղեկություն «Իրմա» փոթորկի հետևանքների մասին
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Բարբադոսի, Դոմինիկյան Հանրապետության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների մասնաճյուղերը տեղեկություն են տրամադրել «Իրմա» փոթորկից հետո մեր եղբայրների վիճակի մասին։
Բարբադոսի մասնաճյուղի հսկողության տակ գտնվող տարածքներից տուժել են Անգիլյա, Անտիգուա և Բարբուդա, Մոնտսեռատ, Սաբա, Սենտ Էստատիոս, Սենտ Քիտս, Նևիս և Սեն Մարտեն (հոլանդական մաս) կղզիները։ Հատկապես մեծ վնաս են կրել Բարբուդան և Սեն Մարտենը։
Բարբուդան փոքր կղզի է, որտեղ մոտ 1800 մարդ է բնակվում։ Քանի որ կոմունալ ծառայությունների մեծ մասի աշխատանքը խափանվել է, և ըստ հաշվարկների՝ տների 95 տոկոսը վնաս է կրել, կղզին հայտարարվել է աղետի գոտի և այնտեղ սահմանվել է արտակարգ իրավիճակ։ Տեղեկությունների համաձայն՝ կղզում բնակվող 11 քարոզիչները ապահով տարհանվել են և տեղափոխվել մոտակա Անտիգուա կղզի, որտեղ աղետից տուժածներին օգնելու կոմիտեն հոգ է տանում նրանց կարիքների մասին։ Այդ անհատներից ոչ մեկը վնասվածք չի ստացել։
Մոտ 700 քարոզիչներ ապրում են Սեն Մարտեն կղզու վրա (և՛ հոլանդական, և՛ ֆրանսիական մասերում)։ Այնտեղ վնասվածք է ստացել մեկ քույր։ Եղբայրներին աջակցելու նպատակով Սեն Մարտեն է մեկնել մի պատվիրակություն, որի կազմում կան Բարբադոսի ու Ֆրանսիայի մասնաճյուղերից ներկայացուցիչներ և բուժաշխատողներ։
Ֆրանսիայի մասնաճյուղի հսկողության տակ գտնվող տարածքներից տուժել են Գվադելուպա, Մարտինիկ, Սեն Բարտելեմի և Սեն Մարտեն (ֆրանսիական մաս) կղզիները։ Գվադելուպայում և Մարտինիկում մահվան դեպքեր չեն գրանցվել, և ոչ ոք վնասվածք չի ստացել։
Փոթորիկը ավերել է Սեն Բարտելեմի կղզին (ֆրանսիական անունը՝ Սեն Բարտ), և գրեթե անհնար է կապ հաստատել այնտեղի քարոզիչների հետ։ Սակայն մասնաճյուղը շրջանային վերակացուից տեղեկություն է ստացել, որ բոլոր 30 քարոզիչները ողջ են, իսկ Թագավորության սրահը չնչին վնաս է կրել։ Կազմավորվել է աղետից տուժածներին օգնելու կոմիտե, որը կոորդինացնում է մոտակա Գվադելուպա և Մարտինիկ կղզիներից ջրի, սննդի և այլ անհրաժեշտ իրերի առաքումը Սեն Բարտելեմի և Սեն Մարտեն կղզիներում բնակվող եղբայրներին։
Դոմինիկյան Հանրապետության մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքը տուժել է։ Մասնաճյուղի կոմիտեն կազմավորել է աղետից տուժածներին օգնելու հինգ մշտական կոմիտե՝ հոգ տանելու համար երկրի 38000 քարոզիչների մասին։ «Իրմա» փոթորկից մի քանի օր առաջ շրջանային վերակացուների առաջնորդությամբ ժողովի երեցները այցելել էին բոլոր քարոզիչներին՝ համոզվելու համար, որ նրանցից յուրաքանչյուրը անհրաժեշտ նախազգուշական քայլեր էր ձեռնարկում։ Հյուսիսային ափի երկայնքով ձգվող այն տարածքներից, որոնք ենթակա են հեղեղվելու, երեցները տարհանել էին 1273 քարոզիչների և տեղափոխել ավելի ապահով վայր, իսկ 2068 քարոզիչներին, որոնց տները այդքան էլ ապահով չէին, առաջնորդություն էր տրվել ապաստան գտնել Թագավորության սրահներում կամ մյուս Վկա ընտանիքների տներում, որոնք ավելի ապահով էին։
Վերջերս կառուցված մի քանի Թագավորության սրահներ չնչին վնաս են կրել։ Վնասվել են հինգ Վկա ընտանիքների տներ։ Վերանորոգման աշխատանքները իրականացվում են տեղի ժողովների կողմից կամ աղետից տուժածներին օգնելու կոմիտեների առաջնորդությամբ։ Համաձայն տեղեկության՝ ոչ ոք չի զոհվել և վնասվածք չի ստացել։
Միացյալ Նահանգների մասնաճյուղի հսկողության տակ գտնվող տարածքներից տուժել են Բահամյան կղզիները, Ֆլորիդան, Ջորջիան, Պուերտո Ռիկոն, Թըրքս և Քայկոս կղզիները ու Բրիտանական և Ամերիկյան Վիրջինյան կղզիները։ Մենք արդեն հայտնել էինք, որ մեկ եղբայր և մեկ քույր մահացել են։ Թեև մեր հավատակիցներից ուրիշ ոչ ոք չի զոհվել, մասնաճյուղը տեղեկացնում է, որ ևս 6 եղբայրներ վնասվածք են ստացել, և ավելի քան 3000-ը լքել են իրենց տները։ Ֆլորիդայի և Ջորջիայի կենտրոնական հատվածներից հարյուրավոր եղբայրներ իրենց տներն են տրամադրել տարհանվածներին։
Ֆլորիդայում՝ Ֆորտ Լոդերդեյլում գտնվող թարգմանչական գրասենյակի ծառայողները տարհանվել և տեղափոխվել էին Ուեսթ Փալմ Բիչում գտնվող համաժողովների սրահ, որտեղ մնացել էին մի քանի օր։ Գրասենյակների ջրամատակարարման համակարգերը վնասվել էին, իսկ բնակելի շենքը մի քանի օր չուներ էլեկտրականություն և ինտերնետ կապ։ Այժմ ամեն բան վերականգնվել է, և գործն ընթանում է իր բնականոն հունով։
Փալմ Քոստ (Ֆլորիդա) շրջանային վերակացուների և նրանց կանանց համար դպրոցում սովորելու եկած ուսանողները, ինչպես նաև Թագավորության քարոզիչների դպրոցի երեք դասարանների ուսանողները տարհանվել էին։ Մոտ 20 հոգուց բաղկացած մեկ այլ փոքր խումբ ապահով մնացել էր շենքում։ Տարածքը լուրջ վնաս չէր կրել, թեև հոսանքազրկվել էր։
Ծառայողական բաժնի՝ աղետից տուժածներին օգնելու ենթաբաժինը և նախագծման/շինարարության տեղի բաժինը կոորդինացնում են աղետից տուժածներին օգնելու համար ներդրած ջանքերը, որպեսզի մեր եղբայրները անվտանգ կերպով և ժամանակին աջակցություն ստանան։
ԱՄՆ-ում հիմնվել են տուժածներին օգնելու կենտրոններ՝ մայրցամաքային հատվածում գտնվող տուժածներին սնունդ և ջուր տրամադրելու համար։ Բացի այդ, Պուերտո Ռիկոյում աղետից տուժածներին օգնելու կոմիտեն հումանիտար օգնություն է տրամադրում կղզիներում բնակվող մեր եղբայրներին։
Կարիբյան կղզիներում առնվազն 61 տուն չնչին վնաս է կրել, իսկ 55 տուն՝ լուրջ վնաս։ Մեծ վնաս է կրել նաև առնվազն երկու Թագավորության սրահ։
Մասնաճյուղում և գլխավոր վարչությունում ծառայող որոշ եղբայրներ մեկնում են Ֆլորիդա և կղզիներ՝ իրենց հավատակիցներին աջակցելու համար։ Վնասների չափը դեռ ճշտվում է։
Մենք մտածում ենք «Իրմա» փոթորկից տուժածների, ինչպես նաև բոլոր նրանց մասին, ովքեր ներգրավված են օգնություն տրամադրելու գործում ու մխիթարում են տուժածներին, և աղոթում ենք նրանց համար (Հռոմեացիներ 15։5; 2 Կորնթացիներ 1։3, 4, 7; 8։14)։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Բարբադոս: Ջոն Մեդֆորդ, +1-246-438-0655
Դոմինիկյան Հանրապետություն: Խոսե Ֆելիս, +1-809-595-4007
Ֆրանսիա: Գի Քոնոնիսի, +33-2-32-25-55-55