ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2018
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վկաները մեծածավալ աշխատանքներ են ձեռնարկում փոթորիկներից տուժածներին օգնելու համար
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ «Իրմա» և «Մարիա» փոթորիկներից հետո, որոնք 2017թ. սեպտեմբերին Կարիբյան ավազանում և դրա շուրջ տարածքներ ավերեցին, շարունակվում են տուժածներին օգնություն ցույց տալու աշխատանքները։ Բարբադոսի, Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների մասնաճյուղերը մանրամասն տեղեկություններ են հայտնում մեր եղբայրների ցուցաբերած աջակցության վերաբերյալ։
Բարբադոսի մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ Անգիլյա, Անտիգուա և Բարբուդա, Դոմինիկա և Սեն Մարտեն (հոլանդական մաս)
Միասին համագործակցելով՝ աղետից տուժածներին օգնելու երեք կոմիտեներ, որոնցից մեկում կան նաև Ֆրանսիայի մասնաճյուղից եղբայրներ, տեղի եղբայրներից ու քույրերից խմբեր են կազմել՝ փոթորիկներից տուժած քարոզիչների անհրաժեշտ կարիքների մասին հոգ տանելու համար։ Բարբադոսի մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ծրագրված շինարարական աշխատանքների համար կծախսվի 2,4 միլիոն դոլար։ Կվերանորոգվեն 8 Թագավորության սրահներ և մեր եղբայրներին պատկանող 122 տներ։ Եվս 19 տուն կկառուցվի։
Կուբայի մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածք
Մասնաճյուղը տեղեկացրել է, որ «Իրմա» փոթորկից տուժած քարոզիչները ստանում են անհրաժեշտ աջակցությունը։ Մասնաճյուղի ներկայացուցիչները նաև հովվական այցելություններ են անում նրանց։
Դոմինիկյան Հանրապետության մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածք
Աղետից տուժածներին օգնելու երեք կոմիտեներ կոորդինացնում են օգնություն տրամադրելու աշխատանքները՝ տուժած 57 քարոզիչներին հոգ տանելու համար։ Տեղի եղբայրներն ու քույրերը նվիրաբերել են սնունդ, ջուր, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ։ Հոկտեմբերի վերջին բոլոր վնասված տները մաքրվել և վերանորոգվել էին։ Այդ աշխատանքներն արվել էին հիմնականում տեղի կամավորների օգնությամբ։
Ֆրանսիայի մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ Գվադելուպա և Սեն Մարտեն
Մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու կոմիտե կազմավորեց Սեն Մարտեն կղզում, ինչպես նաև աղետից տուժածներին օգնելու տարածաշրջանային կենտրոն հիմնեց Գվադելուպա կղզում՝ կոորդինացնելու համար շինարարական աշխատանքները, որոնց համար, ըստ հաշվարկների, կծախսվի մոտ 1,4 միլիոն դոլար։ Պետք է վերանորոգվեն 12 Թագավորության սրահ Գվադելուպայում և 2 Թագավորության սրահ ու մեր եղբայրներին պատկանող 24 տուն Սեն Մարտենում։ Ընդհանուր առմամբ 22 կամավոր շինարարներ Ֆրանսիայից, Գվադելուպայից և Մարտինիկից կաջակցեն շինարարական աշխատանքներին։
Միացյալ Նահանգների վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ Բրիտանական և Ամերիկյան Վիրջինյան կղզիներ, Ֆլորիդա, Ջորջիա, Պուերտո Ռիկո, Թըրքս և Քայկոս կղզիներ
Մասնաճյուղի տարածքում աղետից տուժել են ավելի քան 13000 քարոզիչներ։ Ներկայումս աղետից տուժածներին օգնելու չորս կոմիտեներ աջակցում են մեր եղբայրներին և քույրերին, և արդեն ավարտին է հասցվել վերականգնման աշխատանքների առաջին փուլը, որի ընթացքում ամրացվել է մեր եղբայրներին պատկանող սեփականության ավելի քան 95 տոկոսը և բաշխվել է մարդասիրական օգնություն, այդ թվում՝ սնունդ և ջուր։ Սկզբնական վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են Պուերտո Ռիկոյում ու Բրիտանական և Ամերիկյան Վիրջինյան կղզիներում։
Ընդհանուր առմամբ 690 կամավոր շինարարներ (450-ը՝ կղզիներում, և 240-ը՝ Ֆլորիդայում ու Ջորջիայում) կօգնեն վերանորոգելու Թագավորության սրահները և մեր եղբայրներին պատկանող տները։ Ըստ հաշվարկների՝ շինարարական աշխատանքների համար կծախսվի ավելի քան 30 միլիոն դոլար։ Արվելու են հետևյալ աշխատանքները։
Բրիտանական և Ամերիկյան Վիրջինյան կղզիներ՝ 5 Թագավորության սրահ, 190 տուն
Ֆլորիդա՝ 40 Թագավորության սրահ, 1174 տուն
Պուերտո Ռիկո՝ 106 Թագավորության սրահ, 2 համաժողովների սրահ, 1216 տուն
Թըրքս և Քայկոս կղզիներ՝ 2 Թագավորության սրահ, 56 տուն
Մենք աղոթում ենք, որ Եհովան զորացնի բոլոր նրանց ձեռքերը, ովքեր մասնակցում են վերականգնման աշխատանքներին։ Վստահ ենք, որ այդ աշխատանքները, ինչպես նաև հոգևոր քաջալերանքը կօգնեն մեր եղբայրներին վերականգնվել և շարունակել միասնաբար ծառայել մեր մեծ Աստծուն՝ Եհովային (Նեեմիա 2։18)։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Բարբադոս: Ջոն Մեդֆորդ, +1-246-438-0655
Դոմինիկյան Հանրապետություն: Խոսե Ֆելիս, +1-809-595-4007
Ֆրանսիա: Գի Քոնոնիսի, +33-2-32-25-55-55