ՄԱՐՏԻ 20, 2014
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մահացել է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Մարտի 18-ին՝ երեքշաբթի օրը, մահացել է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Գայ Փիրսը Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող գլխավոր վարչությունում։ Նա 79 տարեկան էր։
Եղբայր Փիրսը ծառայել է տարբեր կոմիտեներում, որոնք վերահսկում են Եհովայի վկաների գործունեությունը և Աստվածաշնչի համաշխարհային կրթական աշխատանքը։ Կազմակերպության մեջ իր ստանձնած պատասխանատվությունները կատարելու համար նա շատ էր ճանապարհորդում և այդ առիթները օգտագործում էր աշխարհի մյուս ծայրերում գտնվող Եհովայի վկաներին քաջալերելու համար։ Չնայած իր ծանրաբեռնվածությանը՝ նա հայտնի էր նրանով, որ միշտ պատրաստ էր լսելու նրանց, ովքեր օգնության կամ խորհրդի կարիք ունեին։ Նրա բարի ժպիտը և հումորի զգացումը անկաշկանդ մթնոլորտ էին ստեղծում իր շուրջը, և նույնիսկ տարբեր ծագման ու մշակույթի մարդիկ ակամայից ձգվում էին դեպի նա։ Մի անգամ լիաժամ ծառայողների դպրոցի ավարտական ծրագրի ժամանակ նա իր ելույթում ասաց խոսքեր, որոնք անձամբ կիրառում էր. «Հաստատակամորեն հետևեք արդարության սկզբունքներին, բայց միևնույն ժամանակ եղեք ճկուն։ Վերևից մի՛ նայեք նրանց, ովքեր այլ մշակույթի են պատկանում»։
Գայ Փիրսը ծնվել է 1934թ. նոյեմբերի 6-ին Կալիֆորնիայի Օբեռն քաղաքում, մկրտվել և դարձել է Եհովայի վկա 1955-ի օգոստոսի 14-ին 20 տարեկան հասակում։ 1977-ի մայիսի 30-ին ամուսնացել է Պենելոպե (Փենի) Ուոնգի հետ, ով նույնպես Եհովայի վկա է։ Միասին մեծացրել են իրենց երեխաներին և ծառայել են որպես լիաժամ Աստվածաշունչ ուսուցանողներ (ընդհանուր ռահվիրաներ)։ Հետագայում նա նշանակվեց շրջագայող ծառայող. նա այցելում էր ԱՄՆ-ում Եհովայի վկաների ժողովները և հոգևորապես քաջալերում էր ժողովի անդամներին և մյուս լիաժամ Աստվածաշունչ ուսուցանողներին։ 1997-ին նրան իր կնոջ հետ հրավիրեցին ծառայելու Եհովայի վկաների ԱՄՆ-ի մասնաճյուղում, իսկ 1999-ի հոկտեմբերի 2-ին նա նշանակվեց Կառավարիչ մարմնի անդամ։
Գայ Փիրսը նախագահեց «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) 129-րդ տարեկան հանդիպումը, որը տեղի ունեցավ 2013-ի հոկտեմբերի 5-ին և 6-ին։ Ծրագրին ներկա եղան և ինտերնետային հեռարձակման միջոցով ունկնդրեցին ընդհանուր հաշվով 1413676 մարդ 31 երկրներում։ Ըստ Եհովայի վկաների պաշտոնական վեբ կայքի՝ դա նրանց ամենամեծ հավաքույթն էր։
Եղբայր Փիրսը և նրա կին Փենին ունեին վեց երեխաներ, թոռներ ու ծոռներ։ Նրան ջերմությամբ կհիշեն նաև ամբողջ աշխարհի Եհովայի վկաները, որոնց նա համարում էր իր ընտանիքը։
Խոսելով նրա ամուր հավատի և Եհովայի օրենքներին ու սկզբունքներին հետևելու հաստատակամության մասին՝ Կառավարիչ մարմնի մյուս անդամները նշեցին. «Նրա քաջության և հավատարիմ երկրային կյանքի հետ կապված հուշերը կշարունակեն զորացնել մեզ»։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000