Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 13, 2014
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եհովայի վկաները լույս են ընծայում վերանայված Աստվածաշնչի խոշոր չափի հրատարակությունը

Եհովայի վկաները լույս են ընծայում վերանայված Աստվածաշնչի խոշոր չափի հրատարակությունը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Շարունակելով Աստվածաշունչը մատչելի դարձնել հնարավորինս շատ մարդկանց՝ Եհովայի վկաները ծրագրում են լույս ընծայել Աստվածաշնչի վերանայված «Նոր աշխարհ» թարգմանության խոշոր չափի հրատարակությունը։ Առաջին տպաքանակը կլինի 424000, որը կթողարկվի Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում գտնվող մեր տպարաններում։

Վերանայված «Նոր աշխարհ» թարգմանության սովորական չափի հրատարակության մասին հայտարարությունը արվեց հատուկ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ 2013-ի հոկտեմբերի 5-ին և հեռարձակվեց 31 երկրներում։ Այս Աստվածաշունչը 1984թ. հրատարակության համակողմանիորեն վերանայված տարբերակն է։ 2013-ի հոկտեմբերի 7-ից այն մատչելի դարձավ տարբեր օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար հավելվածի տեսքով։ Այն կոչվում է JW Library և արդեն բեռնվել է մոտ 1,4 միլիոն անգամ։ Վերանայված «Նոր աշխարհ» թարգմանությունը մատչելի է նաև էլեկտրոնային տարբեր ձևաչափերով www.pr418.com կայքում։

Վերանայված «Նոր աշխարհ» թարգմանության մեջ կան մոտ 60000 զուգահեռ հղումներ, որոնք օգնում են ընթերցողին ավելի լավ հասկանալ աստվածաշնչյան տվյալ պատմությունը։ Ընդգրկված են գունավոր սխեմաներ, աղյուսակներ, քարտեզներ, որոնք մանրամասն տեղեկություններ են հայտնում աստվածաշնչյան ժամանակներում մարդկանց առօրյա կյանքի մասին։ Հավելվածներում բացատրվում է նաև, օրինակ, թե ինչպես է գրվել ու պահպանվել Աստվածաշունչը և ինչ սկզբունքներ են կիրառվել այս թարգմանության աշխատանքներն անելիս։

1984թ. հրատարակության մեջ Աստծու անունը հանդիպում է մոտ 7000 անգամ։ 2013-ի վերանայված տարբերակում փոփոխություններ են արվել՝ հաշվի առնելով Մեռյալ ծովի և այլ հնագույն ձեռագրերի վերջերս արված հետազոտությունները։ Արդյունքում՝ այս հրատարակության մեջ վեց տարբեր տեղերում՝ Դատավորներ 19:18; 1 Սամուել 2:25; 6:3; 10:26; 23:14 և 16-րդ համարներում, ավելացվել է Աստծու անունը։ Հավելվածներից մեկում խոսվում է հին եբրայերեն և հունարեն ձեռագրերում Աստծու անվան գրության մասին և թե ինչպես է այն հայտնվել Աստվածաշնչի մի քանի ժամանակակից բարբառներով և լեզուներով թարգմանություններում։

Տարիներ շարունակ Եհովայի Վկաները թարգմանել, տպագրել և տարածել են Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը, որն իր ճշգրտության համար մասնագետների կողմից բարձր գնահատականի է արժանացել։ Այս թարգմանությունը ամբողջությամբ անգլերենով առաջին անգամ լույս է տեսել 1961-ին։ 1963-ին «Նյու Յորք թայմսում» գրվեց, որ «Նոր աշխարհը» մատչելի կլինի ևս 6 լեզուներով, ինչպես որ հայտարարվել էր Եհովայի վկաների՝ «Յանկի» մարզադաշտում անցկացված համաժողովի ժամանակ։ Այսօր արդեն Վկաները թարգմանությունը մատչելի են դարձրել ավելի քան 120 լեզուներով։ Վերջին տարիներին Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն որոշեց վերանայել և փոփոխություններ մտցնել՝ ելնելով ժամանակակից լեզվի պահանջներից և հստակեցնելով որոշ աստվածաշնչյան արտահայտություններ։ Այդպիսով՝ այն դարձավ ավելի հասկանալի և դյուրընթեռնելի։ Վերանայված «Նոր աշխարհ» թարգմանության մեջ արվել են նաև այլ փոփոխություններ՝ ելնելով հին ձեռագրերի վերջին ուսումնասիրություններից։

«Որքա՜ն հուզիչ էր, երբ ավելի քան 50 տարի առաջ հայտարարվեց «Նոր աշխարհ» թարգմանության լույս ընծայման մասին։ Շատ ավելի հուզիչ էր, երբ հայտարարվեց վերանայված հրատարակության մասին,— ասում է Ջ. Ռ. Բրաունը գլխավոր վարչությունից։— Մեր նպատակն է Սուրբ Գիրքը հասկանալի դարձնել բոլորին՝ օգտագործելով ճշգրիտ, արժանավայել ու ժամանակակից լեզու»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000