Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 2014
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եհովայի վկաների արձագանքը Էբոլայի համաճարակին

Եհովայի վկաների արձագանքը Էբոլայի համաճարակին

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Մինչ մահաբեր Էբոլա վիրուսը ամայացնում է Արևմտյան Աֆրիկան, Եհովայի վկաները շարունակում են արդյունավետորեն կրթել իրենց հավատակիցներին այս հիվանդության մասին։

Երբ իմացվեց, որ Էբոլա վիրուս է հայտնաբերվել Գվինեայում և արագորեն տարածվել է հարևան Լիբերիա և Սիեռա Լեոնե պետություններում, Եհովայի վկաների՝ այդ երկրների մասնաճյուղերը անմիջապես նամակներ ուղարկեցին բոլոր ժողովներին՝ զգուշացնելու համար վտանգի մասին։ Կառավարության պատկան մարմինների տրամադրած առաջնորդության և կանխարգելիչ միջոցների վերաբերյալ առաջարկների հետ մեկտեղ նամակներում բացատրվում էր վիրուսի վտանգավորությունը, ինչպես է այն փոխանցվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկել դրա տարածումը կանխելու համար։ «Ապրելով մի տարածքում, որտեղ հիվանդությունների բնույթը չեն հասկանում բժշկական տեսակետից և որտեղ Էբոլայի ծագման վերաբերյալ սխալ ասեկոսեներ են պտտվում, շատերը սկզբում շփոթված էին և չգիտեին՝ ինչ է հարկավոր անել,— ասում է Քոլին Աթթիքը՝ Եհովայի վկաների խոսնակը Սիեռա Լեոնեում։— Երբ մեր հավատակիցները իրենց Թագավորության սրահներում լսեցին տրվող առաջնորդությունը, անմիջապես դրականորեն արձագանքեցին»։

Հուլիսին Եհովայի վկաների շրջագայող ներկայացուցիչները սկսեցին հատուկ երկօրյա այցելություններ կատարել Սիեռա Լեոնեի և Գվինեայի բոլոր ժողովներ։ Այցի ժամանակ նրանք ներկայացնում էին «Հնազանդությունը կյանք է փրկում» վերնագրով ելույթ, որի նպատակն էր ավելացնել անվտանգության միջոցների վերաբերյալ նրանց գիտելիքները, ինչպես նաև հորդորել, որ սերտորեն հետևեն տրամադրված ամենաթարմ առաջնորդությանը։ Այս այցելությունները կշարունակվեն մինչև 2014թ. նոյեմբերը։ Բացի դրանից, Եհովայի վկաները Գվինեայի, Լիբերիայի և Սիեռա Լեոնեի իրենց հավաքույթների անցկացման վայրերում (հայտնի են որպես Թագավորության սրահներ)՝ մուտքի մոտ, տեղադրեցին քլորաջրով լի տարաներ՝ ձեռքերը լվանալու համար։ Վկաներից շատերը, հետևելով այս օրինակին, նման տարաներ դրեցին նաև իրենց տան մուտքի մոտ։

Վկա ընտանիքը հետևում է կարանտինին, որ հայտարարվել էր Դոլոսում՝ մայրաքաղաք Մոնրովիայի արևելքում գտնվող համայնքում (Լիբերիա)։ Կարանտինը հանվեց 2014-ի սեպտեմբերի 8-ին

2014-ի հոկտեմբերի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տեղեկության համաձայն՝ համաճարակի բռնկման ընթացքում վարակի 7178 դեպք է գրանցվել, որից ավելի քան 3300 վարակակիր մահացել է։ Հոկտեմբերի 2-ի տվյալներով՝ Գվինեայի և Սիեռա Լեոնեի 2800 Վկաներից մահացել է մի հոգի սեպտեմբերի 25-ին։ Նա բուժքույր էր և վարակվել էր հիվանդանոցում։ Իսկ Լիբերիայում գտնվող 6365 Վկաներից մահացել է 10 հոգի, որոնցից 6-ը բուժաշխատող էին։ Թեև վերջերս համաճարակը տարածվել է նաև Նիգերիայում, սակայն այնտեղ Վկաներից ոչ ոք չի վարակվել։ Բացի այդ, տվյալների համաձայն՝ այս երկրներում ծառայող Վկա միսիոներներից ոչ ոք չի վարակվել. համաճարակի ժամանակ միսիոներներից շատերը գնացել էին արձակուրդ կամ մասնակցում էին Եվրոպայում ու ԱՄՆ-ում անցկացվող համաժողովներին։ Վերջերս ոմանք վերադարձել են իրենց միսիոներական գործունեությանը և հետևում են տեղի մասնաճյուղի տրամադրած առաջնորդությանը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներին։ Այլ միսիոներներ էլ չեն կարողանում վերադառնալ թռիչքների սահմանափակումների կամ այլ հանգամանքների պատճառով։

Սիեռա Լեոնեում Թագավորության սրահներից մեկի մոտ դրված քլորաջրի տարա

Վկա կամավորներից կազմված կոմիտեները Արևմտյան Աֆրիկայում՝ համաճարակի կիզակետում ապրող Վկաներին օգնում են հոգալ իրենց ընտանիքների և հավատակիցների կարիքները։ «Մաքրության և կարանտինի վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքներին հետևելը օգնում է մեզ պաշտպանված լինել այս իրավիճակում,— ասում է Թոմաս Նիայնը՝ Եհովայի վկաների խոսնակը Լիբերիայում։— Լինելով Եհովայի վկա՝ մենք նաև չենք հետևում մահացածներին թաղելու հետ կապված ոչ սուրբգրային սովորություններին։ Սա էլ իր հերթին է պաշտպանություն մեզ համար, հատկապես այս կրիտիկական ժամանակներում»։

Սիեռա Լեոնեում տեղի ռադիոկայաններից մեկով հայտարարվեց, թե ինչպես են Եհովայի վկաները օգնել իրենց հավատակիցներին և ոչ Վկա մարդկանց պաշտպանվելու Էբոլա վիրուսով վարակվելուց։ Այստեղ իշխանությունները Վկաների կոմիտեներին խնդրել են աջակցել այդ տարածաշրջանում համաճարակի դեմ պայքարի համար նշանակված մարդկանց։

«Քաջալերական է տեսնել, թե ինչպես են Արևմտյան Աֆրիկայի մեր հավատակիցները զգուշություն դրսևորում և միևնույն ժամանակ շարունակում իրենց հոգևոր գործունեությունը՝ հնարավորինս աստվածաշնչյան կրթություն տրամադրելով մարդկանց,— ասում է Ջ. Ռ. Բրաունը՝ Եհովայի վկաների խոսնակը գլխավոր վարչությունում (Նյու Յորք)։— Մենք աղոթում ենք մեր հոգևոր քույրերի ու եղբայրների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են այս վիրուսի դեմ»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Գվինեա: Թիերի Պորտիե, հեռ. +224 631 40 96 50

Լիբերիա: Թոմաս Նիայն, հեռ. +231 886 513 414

Նիգերիա: Փոլ Էնդրյու, հեռ. +234 7080 662 020

Սիեռա Լեոնե: Քոլին Աթթիք, հեռ. +232 77 850 790