ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 2019
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 թ. տարեկան հանդիպման ամփոփում
2019 թ. հոկտեմբերի 5-ին՝ շաբաթ, Նյուբերգում (Նյու Յորք, ԱՄՆ) գտնվող Եհովայի վկաների համաժողովների սրահում տեղի ունեցավ Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Փենսիլվանիա)՝ ամեն տարի անցկացվող պաշտոնական հանդիպումը։ Այդ հանդիպումից հետո Կառավարիչ մարմինը ոգևորիչ հոգևոր ծրագիր ներկայացրեց։ Ծրագիրն ունկնդրեց 20 679 մարդ, այդ թվում՝ նրանք, ովքեր հեռարձակմամբ էին լսում այլ վայրերում։ Ստորև ամփոփ ներկայացնում ենք մտքեր յուրաքանչյուր բաժնից։ a
«Մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը»
Եղբայր Գերիտ Լյոշը, որը ծրագրի նախագահողն էր, ներկայացրեց բացման ելույթը՝ հիմնված Մատթեոս 23:10-ի վրա, և հիշեցրեց, որ մեր առաջնորդը Հիսուս Քրիստոսն է և ոչ թե որևէ մարդ։
Եհովան օգնություն է ցույց տալիս մեր մարդասիրական ծառայության միջոցով
Եղբայր Ստիվեն Լեթը բացատրեց ուրախությամբ տալու կարևորությունը։ Ոլորտներից մեկը, որում կարող ենք առատաձեռնություն դրսևորել, մարդասիրական մեր ծառայությանը թիկունք կանգնելն է։ Եղբայր Լեթը ամփոփ ներկայացրեց, թե 2018 և 2019 ծառայողական տարիներին ինչ վնաս են պատճառել բնական աղետները, և մարդասիրական ինչ օգնություն է տրամադրվել։ Այդ աղետների պատճառով տուժել են ավելի քան 900 000 եղբայրներ ու քույրեր, վնասվել և ավերվել են 700-ից ավելի Թագավորության սրահներ և մեր հավատակիցներին պատկանող ավելի քան 15 000 տներ։ Եհովայի վկաները ծախսել են 49,5 միլիոն դոլար՝ այդ տարերային աղետներից տուժածների վիճակը թեթևացնելու համար։
Այս բաժնում ներկայացվեցին տեսանյութեր, որոնցում մեր մարդասիրական ծառայությունից օգտված քարոզիչները իրենց անկեղծ երախտագիտությունն էին հայտնում։
«Աստծու բարի ձեռքը մեզ վրա է.... Եկեք վեր կենանք ու կառուցենք» | Տեսանյութ
Այս տեսանյութում բացատրվեց, որ ողջ աշխարհում Եհովայի վկաները հոգ են տանում գրեթե 80 000 շինությունների մասին։ Դրանում նաև ընդգծվեց, թե ինչպես ենք մենք պահպանում, նորոգում և կառուցում աստվածապետական շինությունները։
Հայացք աստվածապետական գույքի ձեռքբերման պատմությանը | Տեսանյութ
Այս տեսանյութն ընդգրկում էր տեսագրված հարցազրույցներ երեք եղբայրների հետ, ովքեր անցյալում աջակցել էին Միացյալ Նահանգների մասնաճյուղի և գլխավոր վարչության համար գույք ընտրելու և գնելու հարցում։ Այդ եղբայրներն էին Մաքս Լարսոնը, Ջորջ Քաուչը և Ջիլբերտ Նազարոֆը։ Նրանք պատմեցին, թե ինչպես են հստակ տեսել Եհովայի ձեռքը տարբեր գույքեր ձեռք բերելիս։
Ծրագրվում է շինարարական նոր նախագիծ | Տեսանյութ
Այս տեսանյութում հայտարարվեց, որ Եհովայի վկաները ծրագրում են մեդիա արտադրությունը կենտրոնացնել նոր շինությունում, որը կառուցվելու է Ռամապոյում (Նյու Յորք)։ Տարածքը Ուորվիքում գտնվող գլխավոր վարչությունից մոտ 3 կիլոմետր (2 մղոն) հեռավորության վրա է։ Նախատեսված է շինարարությունը սկսել 2022 թ.-ին և ավարտել 2026 թ. դեկտեմբերին։ Ըստ հաշվարկների՝ շինարարական նախագծի ամենածանրաբեռնված ժամանակ ամեն օր մոտ 1 500 կամավորների կարիք կլինի։
Նոր հավելված՝ դիմումների համար | Տեսանյութ
Այս տեսանյութում բացատրվեց, որ սկսած 2020 թ. հունվարից՝ իրենց ծառայությունը ընդլայնել ցանկացող քարոզիչները կկարողանան դիմումներ լրացնել jw.org կայքում և փոխանցել երեցների խորհրդին, որ դիտարկի դրանք։
Նոր մեթոդ՝ JW.ORG կայքի աուդիո ֆայլերը լսելու համար
jw.org կայքի որոշ աուդիո ֆայլեր այժմ կարելի է լսել Amazon Alexa կամ Google Assistant ծրագրերի միջոցով։
Հարձակում հյուսիսից
Եղբայր Դեյվիդ Սփլեյնը հստակեցրեց մեր հասկացողությունը «Հովել» գրքի 2-րդ գլխում արձանագրված մարգարեության վերաբերյալ, որտեղ խոսվում է մորեխների երամի մասին։ Անհամբերությամբ սպասում ենք, որ այս հստակեցված հասկացողությունը լույս տեսնի «Դիտարանում», որպեսզի ուսումնասիրենք այն։
Ուսումնասիրենք Աստվածաշունչը «Ուսումնասիրության Աստվածաշնչի» օգնությամբ
Եղբայր Սեմյուել Հերդը նշեց «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» (ուսումնասիրության թողարկում) առավելությունները։ Այդ Աստվածաշունչը հասանելի է էլեկտրոնային տարբերակով։ Այնուհետև նա հայտարարեց տպագիր տեսքով «Ուսումնասիրության Աստվածաշնչի» լույսընծայման մասին, որն ընդգրկում է «Մատթեոսից» «Գործեր» գրքերը։ Քարոզիչները կարող են պատվիրել այս հրատարակությունը իրենց ժողովի միջոցով։
Մենք գործ ունենք անելու
Եղբայր Էնթոնի Մորիսն ընդգծեց, որ ճշմարիտ քրիստոնյաների համար բարի լուրի քարոզչությունը կարևորագույն հանձնարարությունն է։ Աստվածապետական շինությունները Կառավարիչ մարմնին օգնում են կազմակերպելու քարոզչական գործը ու Եհովայի ժողովրդին հոգևոր կերակուր տրամադրելու։ Եղբայր Մորիսը մեջբերեց «Դիտարանի» 1976 թ. նոյեմբերի 15-ի համարում տեղ գտած հետևյալ ոգեշնչող խոսքերը. «Երբ «մեծ նեղությունը» սկսվի, քարոզչական գործը պետք է աննախադեպ ընթացքի մեջ լինի ու հասած լինի իր գագաթնակետին ողջ երկրով մեկ։ Տեր Հիսուսը շատ անսպասելի է գալու, որ դատաստան իրագործի։ Նրա գալուստը անսպասելի է լինելու նույնիսկ Եհովայի ժողովրդի համար, քանի որ այն, անկասկած, վրա կհասնի, երբ նրանք ավելի քան երբևէ զբաղված կլինեն»։
Ինչի՞ց պետք է վախենանք
Եղբայր Մարկ Սանդերսոնը բացատրեց, որ, ինչպես մարգարեացել է Հիսուսը, Աստծու ժողովուրդը պետք է ակնկալի, որ ատված կլինի «բոլոր ազգերի կողմից» (Մատթեոս 24։9)։ Սակայն եղբայր Սանդերսոնը մեզ հորդորեց վախենալ ոչ թե մարդկանցից, այլ Եհովայից (Սաղմոս 111:10)։
Ներկայացվեց մի հուզիչ տեսանյութ Ռուսաստանում հալածանքի ենթարկվող եղբայրների ու քույրերի մասին, որոնք պատմում էին, թե ինչպես են հաղթահարել հալածանքի հանդեպ վախը։ Այս ելույթն ու տեսանյութը Եհովայի ժողովրդին հորդորեցին նույն ոգին զարգացնել։
Լիովին սթա՞փ ես
Եղբայր Ջեֆրի Ջեքսոնը ցույց տվեց Քրիստոնեական Հունարեն Գրությունների այն համարների գործնական կիրառությունը, որտեղ գործածված է մի բառ, որը բառացի նշանակում է «սթափ»։ Նա նաև ընդգծեց այս վերջին օրերում «ամեն ինչում զգոն լինելու (բռց.՝ «կատարելապես սթափ լինել»)» կարևորությունը (1 Պետրոս 1։13)։
Կանե՞ս
Եղբայր Քենեթ Կուկը հայտարարեց, որ 2020 թ. տարվա խոսքը Մատթեոս 28:19-ն է. «Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով»։ Նա ընդգծեց, որ հարկավոր է օգնել սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցողներին նվիրելու իրենց կյանքը Եհովային և մկրտվելու։
Այնպիսի հոգևոր միջոցառումներ, ինչպիսին տարեկան հանդիպումն է, մղում են մեզ շարունակելու մեր ուժն ու եռանդը ներդնել Եհովային մատուցվող ծառայության մեջ։
a Տարեկան հանդիպման ամբողջական ծրագիրը jw.org կայքում կլինի 2020 թ. հունվարին։