ԱՊՐԻԼԻ 16, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2020 թ. Հիշատակի երեկո. Աֆրիկա
Ծրագիրը հեռարձակվում է հեռուստատեսությամբ և ռադիոյով
2020 թ. Հիշատակի երեկոն առանձնահատուկ էր մեր աստվածապետական պատմության մեջ։ Առաջին անգամ այն Աֆրիկայի մի շարք երկրներում տարբեր լեզուներով հեռարձակվեց հեռուստատեսությամբ և ռադիոյով։
Այս նախաձեռնության շնորհիվ Հիշատակի երեկոն դիտեցին ավելի քան 407 000 քարոզիչներ, ինչպես նաև բազմաթիվ այլ մարդիկ։ Թեև դիտողների թիվը մեզ հայտնի չէ, սակայն մենք գիտենք, որ այն տարածքներում, որտեղ հեռարձակվել է ծրագիրը, բնակչության թիվը գերազանցում է 150 միլիոնը։
COVID-19 համավարակի պատճառով մարդկանց մեծամասնությունը Հիշատակի երեկոյին միացել էր տեսակապի միջոցով։ Քանի որ Աֆրիկայի որոշ տարածքներում բջջային կապը և ինտերնետը թանկ են, շատերը հնարավորություն չունեին հեռարձակել ծրագիրը կամ բեռնել տեսանյութերը։ Ուստի Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ որոշ մասնաճյուղեր խելամիտ գներով պայմանագրեր կնքեն հեռարձակող կազմակերպությունների հետ, որպեսզի Հիշատակի երեկոյի ծրագիրը հեռարձակվի ազգային և այլ հեռուստաընկերություններով, ինչպես նաև ռադիոկայաններով։
Հիշատակի երեկոյից առաջ 11 մասնաճյուղերի՝ Անգոլայի, Բենինի, Գանայի, Զամբիայի, Զիմբաբվեի, Կամերունի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Կոտ դ’Իվուարի, Մալավիի, Մոզամբիկի և Սենեգալի եղբայրները կապ հաստատեցին հեռարձակող ընկերությունների հետ և պայմանավորվեցին ելույթը հեռարձակել 16 երկրներում գտնվող ավելի քան 36 տարածքներում։
Անգոլա
Վեց ռադիոկայաններ համաձայնեցին հեռարձակել Հիշատակի երեկոյի ծրագիրը վեց լեզուներով՝ իբինդա, կիկոնգա, կիմբունդու, նյանեկա, պորտուգալերեն և ումբունդու։ Ծրագիրը հեռարձակվեց նաև երկրի խիտ բնակեցված մասերում։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեկը, որի ընտանիքի անդամները դեմ էին Եհովայի վկաներին, որոշել էր մենակ դիտել ծրագիրը։ Երբ նա պատրաստվում էր, հայրը կանչեց նրան հյուրասենյակից‵ ասելով՝ «Սկսվե՛ց»։ Նա գնաց հյուրասենյակ և շատ զարմացավ՝ տեսնելով, որ ողջ ընտանիքը հավաքվել է հեռուստացույցի առաջ, որ դիտի ծրագիրը։ Նրանց ընտանիքում 10 հոգի դիտեց ծրագիրը։
Լուենա քաղաքի մոտ գտնվող գյուղերից մեկում մի մարդ ասաց. «Մեր հովիվները ոչ մի բան չարեցին։ Բայց դուք, չնայած այս վիրուսին, շարունակում եք երկրպագել ձեր Աստծուն։ Մենք էլ կմիանանք ձեզ»։
Գանա
Ազգային հեռուստատեսությունը համաձայնեց հեռարձակել Հիշատակի երեկոյի ծրագիրը թվի լեզվով։ Նրանք նույնիսկ գովազդեցին այն։ Բացի Հիշատակի երեկոյի ծրագրից՝ նրանք նաև ցուցադրեցին «Ինչո՞ւ Հիսուսը մահացավ» և «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» տեսանյութերը, ինչպես նաև «Ծնվում է նոր աշխարհ» և «Նոր աշխարհն աչքիս առաջ է» երգերի տեսահոլովակները։
Սենեգալ
Մի քույր ասաց. «Հեռուստացույցով ու ռադիոյով Եհովայի մասին էին խոսում։ Անհավատալի էր։ Մենք այնքան երջանիկ ենք։ Մենք հպարտ ենք, որ Եհովան մեր Աստվածն է»։
Մեկ ուրիշ քույր էլ ասում է. «Երբ իմացա, որ Հիշատակի երեկոյի ելույթը հեռարձակվելու է հեռուստատեսությամբ, մտածեցի, որ թեև համաճարակի պատճառով չկարողացանք քարոզարշավ անել, բայց սա շատ լավ հնարավորություն է մարդկանց հրավիրելու ծրագրին։ Ես անմիջապես զանգեցի այն մարդկանց, ում այցելում էի կամ Աստվածաշունչ սովորեցնում, ինչպես նաև ոչ Վկա ծանոթներիս, որ տեղեկացնեմ հեռարձակման մասին։ Իմ ուսուցումներից ինը և նրանց ընտանիքները դիտեցին ծրագիրը։ Զարմիկներիցս մեկը, որը հեռուստացույցով դիտել էր ծրագիրը Զիգինշորում, ինձ խնդրեց, որ զրուցենք այդ թեմայով։ Ես մեծ ուրախությամբ համաձայնեցի»։
Այս հատուկ միջոցառումները փաստում են, որ Եհովայի համար «ամեն բան հնարավոր է» (Մատթեոս 19։26)։