ԱՊՐԻԼԻ 10, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2020 թ. Հիշատակի երեկո. Միացյալ Նահանգների Բեթել
2020 թ. ապրիլի 7-ին ամբողջ աշխարհում անցկացվեց Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։ Ինչպես ասել էր Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ստիվեն Լեթը, աշխարհում ոչ մի վիրուս և ոչ մի համավարակ չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որ ցույց տանք մեր գնահատանքը այն ամենի հանդեպ, ինչ Եհովան և Հիսուսը արել են մեզ համար։ Նա ասաց, որ ոչինչ չի կարող թուլացնել Տիրոջ ընթրիքը նշելու մեր վճռականությունը։ Ի՞նչը փաստեց այս խոսքերի ճշմարտացիությունը։
Այսուհետ մեր կայքի «Լրատվություն» բաժնում կհրապարակվի հոդվածաշար, որտեղ կներկայացվի, թե ինչպես են մեր հավատակիցները ամբողջ աշխարհում նշել Հիշատակի երեկոն՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։ Սա այդ հոդվածաշարի առաջին հոդվածն է, որում ներկայացվում է, թե ինչպես է Հիշատակի երեկոն նշվել Եհովայի վկաների գլխավոր վարչությունում և Միացյալ Նահանգների մասնաճյուղում։
Հետևելով իշխանությունների՝ հավաքույթներ կազմակերպելու սահմանափակումներին՝ Կառավարիչ մարմինը որոշեց հեռարձակել Հիշատակի երեկոյի ելույթը Բեթելի ընտանիքի համար։ Ելույթը Ուորվիքից ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Էնթոնի Մորիսը։ Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքի անդամները հնարավորություն ունեցան դիտելու ծրագիրը իրենց սենյակներից։ Թեև խորհրդանիշներից օգտվողների թիվը փոքր էր, սակայն Բեթելի բյուրոն հոգ տարավ, որ ողջ ընտանիքը ունենա խորհրդանիշներ։
Բեթելցիները նաև կարող էին տեսակապի միջոցով միանալ իրենց ժողովներին և նրանց հետ նշել Հիշատակի երեկոն։ Բացի այդ՝ որոշ բեթելցի երեցներ տեսակապի միջոցով իրենց ժողովներում ներկայացրին Հիշատակի երեկոյի ելույթը։
Շատ բեթելցիներ ասում են, որ սա յուրահատուկ Հիշատակի երեկո էր։ Թեև նրանք ֆիզիկապես իրենց հավատակիցների կողքին չէին, սակայն միասնականորեն իրենց գնահատանքը ցույց տվեցին այն մեծագույն սիրո հանդեպ, որը դրսևորել են Եհովան և նրա սիրելի որդին՝ Հիսուս Քրիստոսը (Հովհաննես 3։16; Մատթեոս 20։28)։