ԱՊՐԻԼԻ 21, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2020 թ. Հիշատակի երեկո. JW.ORG
Մեր պաշտոնական կայքի այցելությունների բարձրագույն թիվ է գրանցվել
Մինչ աշխարհում մոլեգնում է COVID-19 համավարակը, և Եհովայի վկաները ակտիվ գործունեություն են ծավալում Հիշատակի երեկոյի շրջանում, աննախադեպ թվով մարդիկ են այցելում jw.org կայք, որպեսզի աստվածաշնչյան գիտելիքներ ձեռք բերեն, մխիթարություն ստանան, ինչպես նաև ծանոթանան վերջին նորություններին։ Նախորդ ամսվա համեմատ՝ մարտին կայքի այցելուների թիվը 50 տոկոսով աճել է, և Աստվածաշնչի ուսումնասիրության օնլայն հայտերի բարձրագույն թիվ է գրանցվել։
Համավարակի տարածմանը զուգընթաց սկսեցին նաև աճել jw.org կայքի այցելությունները։ Փետրվարին կայքն ամեն օր սովորականի պես ունենում էր մոտ 2 միլիոն այցելու։ Մարտին այս թիվը դարձավ 3 միլիոն։ Իսկ հետո, երբ կայքում սկսեցին կորոնավիրուսի վերաբերյալ նորություններ տեղադրվել, այցելուների թիվը գերազանցեց 4,5 միլիոնը։ 2020 թ. ապրիլի 7-ին՝ Հիշատակի երեկոյի օրը, ավելի քան 7 միլիոն մարդ այցելեց մեր կայք, որոնց մեծամասնությունը դիտեց հատուկ առավոտյան երկրպագությունը և Հիշատակի երեկոյի ելույթը։
«Տարվա այս ժամանակահատվածում բազմաթիվ մարդիկ են այցելում jw.org, որպեսզի իմանան, թե երբ և որտեղ կարող են ներկա գտնվել Հիշատակի երեկոյին,— ասում է եղբայր Կլայվ Մարտինը, որը Եհովայի վկաների գլխավոր վարչության MEPS ծրագրավորման բաժնի վերակացուն է։— Քանի որ այս տարի շատերը չէին կարողանալու ժողովների հետ հավաքվել Հիշատակի երեկոն նշելու համար, մենք 2020 թ. հատուկ ելույթը և Հիշատակի երեկոյի ելույթը ավելի քան 500 լեզուներով տեղադրեցինք կայքում։ Միլիոնավոր մարդիկ են դիտել կամ բեռնել այս ելույթները։ Ներկայիս համաշխարհային ճգնաժամի ընթացքում կայքի այցելուների մեծ թիվը ցույց է տալիս, թե այն ինչ կարևոր միջոց է ոչ միայն Եհովայի վկաներին, այլև ուրիշներին հոգևոր կրթություն և մխիթարություն տրամադրելու հարցում։
Կայքի շատ այցելուներ տեղեկություններ են փնտրում առողջության և հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև սթրեսի ու մտահոգությունների վերաբերյալ։ Շատ-շատերը նաև փնտրել են տեղեկություններ՝ կապված վերջին օրերի նշանի և Հայտնություն 6-րդ գլխի չորս ձիավորների հետ։
Զգալիորեն աճել է նաև Աստվածաշնչի ուսումնասիրությունների օնլայն հայտերի թիվը։ Սովորաբար այդ հայտերը օրական մոտ 250-ն էին լինում։ Մարտ ամսվա ընթացում հայտերի թիվը 40 տոկոսով աճեց՝ հասնելով մոտ 11 000-ի, կամ՝ օրական մոտ 350-ի։ Հիշատակի երեկոյի և դրա հաջորդ օրը՝ 48 ժամվա ընթացքում, լրացվել է Աստվածաշնչի ուսումնասիրության ավելի քան 1 000 օնլայն հայտ։
Հիսուսն ասաց, որ այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, երջանիկ կլինեն (Մատթեոս 5։3)։ Մեր սրտերը ցնծում են ուրախությունից, երբ տեսնում ենք, թե որքան շատ մարդիկ են այս դժվար օրերին գալիս դեպի Եհովան և նրա կազմակերպություն՝ մխիթարություն և հոգևոր աջակցություն գտնելու համար (2 Կորնթացիներ 1։3, 4)։