Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 31, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 թ. ծառայողական տարվա կարևոր իրադարձությունները

2020 թ. ծառայողական տարվա կարևոր իրադարձությունները

2020 թ. ծառայողական տարին ամբողջ աշխարհում աննախադեպ դժվարություններ ստեղծեց Եհովայի վկաների հոգևոր գործունեության համար։ Սակայն այս դժվարությունները երևան հանեցին մեր հավատակիցների միասնական ու հավատարիմ մնալու վճռականությունը։

Հիմնական դժվարությունը պայմանավորված էր COVID-19 համավարակով։ Այս համավարակը այնպիսի խնդիրներ ստեղծեց ամբողջ աշխարհում, որոնց երկար տարիներ է, ինչ մարդկությունը չէր բախվել։

Համավարակի բռնկումից կարճ ժամանակ անց Եհովայի վկաները անմիջապես փոփոխություններ արեցին իրենց գործունեության մեջ։ Նրանք միասին հավաքվելու, իրար քաջալերելու և բարի լուրը քարոզելու նոր կերպեր գտան։

Ձեզ ենք ներկայացնում այս առանձնահատուկ տարվա նշանակալից իրադարձությունները (Առակներ 15։30

Աստվածաշնչերի թողարկում

Այս ծառայողական տարվա ընթացքում կազմակերպությունը «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ թողարկել է 36 լեզուներով։ COVID-19 համավարակի սահմանափակումների պատճառով այդ Աստվածաշնչերից շատերը լույս ընծայվեցին էլեկտրոնային ձևաչափով վիրտուալ հատուկ հանդիպումների ժամանակ։ Այժմ «Նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ հասանելի է 193 լեզուներով։

Կառավարիչ մարմնի հաշվետվություններ

2020 թ. մարտի 18-ից սկսած՝ Կառավարիչ մարմնի անդամները համավարակի վերաբերյալ հատուկ ամսական թողարկումներ են ներկայացրել, որոնք հասանելի են jw.org կայքում և «JW Library» հավելվածում։

Առաջին հաշվետվության մեջ եղբայր Ստիվեն Լեթը նշեց, որ թեև համավարակը շատ սթրեսների պատճառ է դարձել, բայց այն փաստում է, որ «ապրում ենք վերջին օրերի վերջին ժամանակաշրջանում՝ վերջին օրերի վերջին օրը»։

Սակայն չնայած դժվարություններին՝ եղբայր Լեթը հավելեց. «Լինելով Եհովայի ժողովուրդը՝ մենք խուճապի մատնվելու կարիք չունենք»։

Այդ տեսանյութերում ընդգրկված են քաջալերական հաշվետվություններ ամբողջ աշխարհից։ Դրանցում ընդգծվում է, թե որքան խելամիտ է հնազանդվել Կառավարիչ մարմնի առաջնորդությանը։ Նաև պատմվում են շատ դեպքեր, երբ պաշտոնյաները գովել են մեր հավատակիցներին համավարակի ընթացքում անհապաղ և իմաստուն որոշումներ կայացնելու համար։

Առանձնահատուկ Հիշատակի երեկո

Արդեն տասնամյակներ է՝ Եհովայի ժողովուրդը նշում է Տիրոջ ընթրիքը։ Այս տարի շատ վայրերում խորհուրդ չտրվեց կամ նույնիսկ արգելվեց միասին հավաքվել, ուստի շատերը իրենց տներում պատրաստեցին Հիշատակի երեկոյի խորհրդանիշները և տեսակապի միջոցով դիտեցին Հիշատակի երեկոյի ելույթը։

Որոշ տարածքներում տեսակապ ապահովելը անհնար էր։ Այդպիսի իրավիճակում էին հայտնվել Աֆրիկայի 11 մասնաճյուղեր։ Այդ իսկ պատճառով նրանք կազմակերպեցին, որ Հիշատակի երեկոյի ծրագիրը հեռարձակվի հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Այս նախաձեռնության շնորհիվ ծրագիրը լսեցին ավելի քան 47 000 քարոզիչներ, ինչպես նաև մեծ թվով հետաքրքրվողներ, որոնց թիվն անհայտ է։

Ժողովի հանդիպումները հեռարձակվում են հեռուստատեսությամբ և ռադիոյով

Կառավարիչ մարմնի հավանությամբ որոշ մասնաճյուղեր, որոնք հեռարձակել էին Հիշատակի երեկոյի ծրագիրը հեռուստատեսությամբ և ռադիոյով, նույն կերպով շարունակեցին հեռարձակել ժողովի հանդիպումները։ Այս նախաձեռնության շնորհիվ սահմանափակ միջոցներ ունեցող երկրների քարոզիչները կարողանում են լսել իրենց ժողովի հանդիպումները հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Դրանից հետո ընդհանուր առմամբ 23 մասնաճյուղեր սկսեցին օգտվել այս հնարավորությունից, այդ թվում՝ Աֆրիկայում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում գտնվող մի շարք մասնաճյուղեր։

Աղետից տուժածներին օգնելու կոմիտեներ

COVID-19 համավարակի պատճառով մեր եղբայրներից ու քույրերից շատերի համար հիմնական կարիքները բավարարելը մեծ խնդիր է դարձել։ Ամբողջ աշխարհում աղետից տուժածներին օգնություն տրամադրելու ավելի քան 400 կոմիտեները հոգ են տանում կարիքի մեջ եղող մեր հավատակիցների մասին։ 2020 թ. ծառայողական տարում Կառավարիչ մարմնի հավանությամբ ավելի քան 18 միլիոն դոլար է ծախսվել COVID-19 համավարակի հետևանքով տուժած մեր 330 000 հավատակիցներին օգնություն տրամադրելու համար։

Նախապես ձայնագրված համաժողովներ

Պատմության մեջ առաջին անգամ տարածաշրջանային համաժողովի ծրագիրը տեղի ունեցավ օնլայն հարթակում։ Համաժողովի ելույթները, որոնք ներկայացրին Կառավարիչ մարմնի անդամները և նրանց օգնականները, ձայնագրվեցին։ Այդ տեսանյութերը թարգմանվեցին ավելի քան 500 լեզուներով։ Համաժողովի ծրագիրը հասանելի դարձավ jw.org կայքում և «JW Library» հավելվածում, որպեսզի քարոզիչները և հետաքրքրվող անձինք կարողանան դիտել այն իրենց տանը ապահով պայմաններում։

Շարունակվող հալածանքներ

Համավարակի դեմ պայքարելուց բացի՝ մեր հավատակիցները մի շարք երկրներում բախվում են օրեցօր ուժգնացող հալածանքների։

Անցած տարվա ընթացքում Ռուսաստանում ոստիկանները ապօրինաբար ներխուժել են հարյուրավոր Եհովայի վկաների տներ և ձերբակալել նրանցից շատերին։ Ներկայումս Ռուսաստանում 42 եղբայրներ և քույրեր գտնվում են անազատության մեջ, իսկ Ղրիմում՝ 2 հոգի։ Գերագույն դատարանի 2017 թ.-ին կայացրած վճռից հետո ավելի քան 1 000 Եհովայի վկաների տներ են խուզարկվել։ Այժմ Վկա բանտարկյալների ամենամեծ թիվը Էրիթրեայում է։ Այնտեղ բանտարկված է 52 Եհովայի վկա։ Նրանց թվում են Պաուլոս Իյասուն, Նեգեդե Տեկլեմարիամը և Իսակ Մոգոսը, որոնք 1994 թ. սեպտեմբերի 17-ից ազատազրկված են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Արդեն ավելի քան տասը տարի է՝ այնտեղ բանտարկված են ևս 26 եղբայրներ ու քույրեր։

Մենք շարունակում ենք աղոթել անազատության մեջ գտնվող մեր հավատակիցների համար, որպեսզի վերջիններս շարունակեն քաջ մնալ։ Ուրախ ենք տեսնել, թե նրանք ինչպես են հավատարմորեն տոկում այդ փորձությունների ներքո (Հայտնություն 2։10

Հաստատակամորեն տոկում են

Անցած ծառայողական տարվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հավատակիցները փաստել են Եհովայի հանդեպ իրենց հավատարմությունը՝ քարոզելու և միմյանց քաջալերելու տարբեր մեթոդներ գտնելով և հնազանդվելով Կառավարիչ մարմնի ու իշխանությունների հրահանգներին։

Մեր բոլոր հավատակիցները իրենց աստվածանվեր գործերով ցույց են տվել, որ սիրում են իրենց Արարչին։ Նրանց դրսևորած այս հավատարմությունը կօգնի, որ ապագայում էլ նվիրված մնան (Հակոբոս 1։2, 3