Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 3, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 թ. հունիս 28-ին Աստվածաշունչը լույս է ընծայվել վեց լեզուներով

2020 թ. հունիս 28-ին Աստվածաշունչը լույս է ընծայվել վեց լեզուներով

Այս համաշխարհային ճգնաժամի ընթացքում Եհովայի վկաները շարունակում են Աստվածաշունչը թողարկել նոր լեզուներով։ 2020 թ. հունիսի 28-ին «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս ընծայվեց 4 լեզուներով՝ սվազի, ցոնգա, զուլու և չիտոնգա։ Նույն օրը լույս ընծայվեց նաև «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» բելիզյան կրեոլ և տոտոնակ լեզուներով։ Թեև COVID-19-ի սահմանափակումների պատճառով մեր եղբայրներն և քույրերը չկարողացան միասին հավաքվել, սակայն դա չնվազեցրեց նրանց ոգևորությունը, երբ Աստվածաշնչերը ստացան էլեկտրոնային ձևաչափով: Լույսընծայման մասին հայտարարություններն արվեցին նախապես ձայնագրված ելույթներում։ Քարոզիչների մի մասը դրանք դիտեց տեսահեռարձակման, իսկ մյուս մասը՝ տեսակոնֆերանսի միջոցով:

Սվազի, ցոնգա և զուլու

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը հայտարարեց, որ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել սվազի լեզվով, իսկ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված տարբերակը՝ ցոնգա և զուլու լեզուներով (տես հոդվածի գլխավոր նկարը)։ Հատուկ հանդիպումը դիտեցին Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Սվազիլենդում բնակվող մեր հավատակիցները։

Սվազի, ցոնգա և զուլու լեզվով վերջերս թողարկված Աստվածաշնչերի կազմերը (ձախից աջ)

Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղի հոգածության տակ գտնվող տարածքում մոտ 18,5 մլն մարդ, այդ թվում՝ 38 000 քարոզիչ խոսում է սվազի, ցոնգա և զուլու լեզուներով։

Չիտոնգա (Մալավի)

Եղբայր Ավգուստին Սեմոն, որը Մալավիի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, հայտարարեց չիտոնգա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։

Չիտոնգա լեզվով Աստվածաշունչը ավարտին հասցնելու համար թարգմանչական թիմն աշխատել է ավելի քան 2 տարի։ Թարգմանիչներից մեկն ասաց. «Չիտոնգա լեզուն 3 բարբառ ունի։ Այն բառերը, որոնք օգտագործվում են մի տարածաշրջանում, անծանոթ են մեկ այլ տարածքի բնակիչներին։ Մենք ուշադրություն ենք դարձրել բառերի ընտրությանը, որպեսզի դրանք մարդկանց մեծամասնությանը հասկանալի լինեն։ Նաև ծանոթագրություններ ենք օգտագործել, որպեսզի բացատրենք այն բառերի նշանակությունը, որոնք գուցե ընթերցողներին ծանոթ չլինեն»։

Մեկ այլ թարգմանիչ էլ նշեց. «Այս Աստվածաշունչը քարոզիչների համար հեշտ կլինի օգտագործել ծառայության և ժողովի հանդիպումների ժամանակ, քանի որ պարզ լեզվով է գրված, ինչն էլ կարդալը և հասկանալը դյուրին է դարձնում»։

Բելիզյան կրեոլ

Եղբայր Ջոշուա Կիլգորը, որը ծառայում է Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեում, հայտարարեց բելիզյան կրեոլ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Ծրագիրը դիտեց ավելի քան 1 300 հոգի։

Վեց հոգուց կազմված թարգմանիչների խումբը 16 ամիս աշխատել էր այդ նախագծի վրա։ Թարգմանության բերած օգուտների մասին նրանցից մեկը հետևյալն ասաց. «Մեր հավատակիցները վերջապես ունեն Աստվածաշնչի այնպիսի թարգմանություն, որը ճշգրիտ է և արժանահավատ: Այն ճրագ կլինի նրանց համար, որը կլուսավորի նրանց հասկացողությունը»։

«COVID-19 համավարակի ընթացքում, երբ բելիզյան կրեոլ լեզվով խոսող մեր հավատակիցները Աստվածաշունչը կարդան իրենց լեզվով, դա կսփոփի նրանց անհանգիստ սրտերը և կօգնի, որ ավելի հեշտորեն հաղթահարեն գալիք փորձությունները»,— ասաց մեկ այլ թարգմանիչ։

Բելիզում բելիզյան կրեոլ լեզվnվ խոսող 19 ժողովներում ծառայում է 867 քարոզիչ։ 58 քարոզիչ էլ ծառայում է ԱՄՆ-ի բելիզյան կրեոլ դաշտում։

Տոտոնակ

Եղբայր Խեսե Պերեսը, որը Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեում է ծառայում, հայտարարեց տոտոնակ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Ծրագրին տեսակապով 2 200 հոգի էր միացել տոտոնակ լեզվով խոսող 50 ժողովներից։

Թարգմանչական թիմն այս նախագիծն ավարտին է հասցրել մոտ 3 տարում։ Մեքսիկայում բնակվող տոտոնակ լեզվով խոսող ավելի քան 250 000 մարդկանց քարոզելիս Աստվածաշնչի այս թարգմանությունը օգտակար գործիք կլինի։

«Ի տարբերություն տոտոնակ լեզվով թարգմանված Աստվածաշնչի այլ հրատարակությունների՝ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» կատարվել է «առօրյայում օգտագործվող լեզվով»,— ասաց մի թարգմանիչ։— Հիմա մեզ համար ավելի հեշտ կլինի մեր տեղանքի բնակիչներին աստվածաշնչյան տարբեր թեմաներ բացատրել»։

Մեկ այլ թարգմանիչ էլ ասաց. «Մեր եղբայրներն ու քույրերը երազում էին այսպիսի Աստվածաշունչ ունենալ։ Վերջերս միջշաբաթյա հանդիպման ժամանակ իրենց հանձնարարությունները ներկայացնելիս որոշ քարոզիչներ նույնիսկ իրենք էին թարգմանում աստվածաշնչյան համարները իսպաներենից։ Հունարեն Գրություններից մեջբերումներ անելիս դրա կարիքն այլևս չի լինի»։

Այս թարգմանության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ծանոթագրություններում բերված են տոտոնակ լեզվի տարբեր բարբառներով որոշ բառերի և արտահայտությունների հոմանիշներ, ինչն ավելի կմղի մարդկանց ընթերցելու Աստվածաշունչը:

Մենք անչափ ուրախ ենք մեր հավատակիցների համար, որոնք այժմ իրենց մայրենի լեզվով Աստվածաշունչ ունեն։ Մենք գիտենք, որ նրանց հավատը կզորանա, երբ իրենց «ոգու սուրն» օգտագործեն ծառայության և անձնական ուսումնասիրության ժամանակ (Եբրայեցիներ 4:12