Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 8, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 թ. քարոզարշավ. անմոռանալի իրադարձություն, որը թարմություն բերեց

2020 թ. քարոզարշավ. անմոռանալի իրադարձություն, որը թարմություն բերեց

2020 թ. նոյեմբերի քարոզարշավը կմնա Եհովայի վկաների պատմության մեջ որպես հիշարժան իրադարձություն։ Մահացու համավարակը շատերին ստիպեց փակվել տանը։ Քարոզչական ծառայության հիմնական ձևերը ժամանակավորապես կասեցվեցին։ Չնայած դրան՝ Եհովայի ժողովուրդը հաջողությամբ իրականացրեց մի քարոզարշավ, որի նպատակն էր Աստծու Թագավորության մասին պատմել ուրիշներին։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր քարոզիչներ ջանք չխնայեցին, որ 2020 թ. № 2 «Դիտարանը» հասանելի դարձնեն գործարարներին, պաշտոնյաներին, ուսուցիչներին, իրենց ընկերներին, բարեկամներին և առհասարակ բոլորին։ Այս քարոզարշավը ուրախություն և հոգևոր թարմություն բերեց ոչ միայն նրանց, ովքեր լսեցին, այլև այն քարոզիչներին, ովքեր մասնակցեցին դրան։

Ահա մի քանի դեպքեր ամբողջ աշխարհի մեր եղբայրներից և քույրերից։

ԱՎՍՏՐԱԼԱՍԻԱ

Լուսինդա Ֆրկինը

Ավստրալիայում բնակվող տասնութամյա Լուսինդա Ֆրկինը, որը վերջերս է մկրտվել, գրում է. «Քարոզարշավի ժամանակ, չնայած առողջական լուրջ խնդիրներիս, այնպիսի տպավորություն էր, ասես Եհովան բռնել էր իմ ձեռքը և ուժ էր տալիս, որ կարողանամ տոկալ»։

Նոր Զելանդիայից մի հայր պատմում է, թե քարոզարշավն ինչպես է օգնել իր ընտանիքին. «Մենք ունենք 7, 9, 11 և 13 տարեկան չորս աղջիկներ։ Այս քարոզարշավը մենք դիտեցինք որպես նշանակում մեր սիրառատ Հորից՝ Եհովայից, և դա մեզ օգնեց կառչած մնալ ծառայության մեր գրաֆիկին»։

ԲՈՏՍՎԱՆԱ

Կեհիսո և Լիդիա Մարումոները, որոնք շրջանային ծառայության մեջ են, «Դիտարանի» էլեկտրոնային տարբերակը ուղարկեցին իրենց հարազատներին։ Ի պատասխան՝ նրանք մի քանի շնորհակալական նամակներ ստացան։ Կեհիսոյի բարեկամներից մեկը, որը բժշկուհի է, ասաց, որ ամսագիրը ճիշտ ժամանակին էին իրեն ուղարկել։ Նաև նշեց, որ իր պացիենտներից ոմանք Աստծու և Աստվածաշնչի վերաբերյալ հարցեր ունեին, իսկ իր երեխաները ներքաշվել էին ոգեհարցության մեջ։ Մարումոները կապ հաստատեցին իրենց բարեկամուհու հետ և հենց նույն երեկո Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին։ Այժմ նրանք շաբաթը երկու անգամ ուսումնասիրում են Աստվածաշունչը։

Կեհիսո Մարումոն և իր կինը՝ Լիդիան

ԿԱՆԱԴԱ

Քույր Սորոյա Թոմսոնը

Սորոյա Թոմսոնը, որը ռահվիրա է ծառայում Օնտարիոյում, գրել էր. «Այս քարոզարշավն օգնեց, որ կենտրոնանամ ամենակարևորի վրա, նաև այն բանի վրա, թե դեռ որքան գործ կա անելու։ Այն նաև լավ հիշեցում էր, թե Եհովան որքան շատ է սիրում մեզ ու որ չի ուզում՝ որևէ մեկը կործանվի։ Այդպիսի մտավիճակ պահպանելը օգնեց, որ քարոզարշավի ժամանակ ավելի եռանդուն լինեմ»։

Բրիտանական Կոլումբիայից մի քույր էլ ասաց. «Այս սթրեսային շրջանում որոշեցի ենթառահվիրա ծառայել, որ հաղթահարեմ բացասական զգացումներս։ Այն լավ ազդեց թե՛ իմ, թե՛ ընտանիքիս վրա»։

Կանադայի մասնաճյուղից հայտնում են, որ այս քարոզարշավը նպաստել է, որ ընտանիքների անդամները մտերմանան միմյանց հետ։ Այն նաև օգնել է, որ երեխաներն իրենց պիտանի զգան ծառայության մեջ։ Նրանք նամակներ են գրել և ընտանիքի անդամներին օգնել են նամակները ծրարի մեջ դնել, հասցեները փնտրել և նամականիշներն ամրացնել։

ՖԻՆԼԱՆԴԻԱ

Եղբայր և քույր Տուոմիստոները, ովքեր շրջանային ծառայության մեջ են, ասացին. «Այստեղ՝ հյուսիսում, նոյեմբերն ամենամութ ամիսն է։ Եղբայրներն ու քույրերը, հատկապես ռահվիրաները շատ երախտապարտ են այս քարոզարշավի համար, քանի որ այն լուսավորեց խավարը»։

Թիմո Տուոմիստոն իր կնոջ՝ Էյվայի հետ

Մի ամուսնական զույգ պարբերագիր էր ուղարկել իր ծանոթին և պատասխան նամակ ստացել, որում ասվում էր. «Այսօր «Հակոբոս» [գիրքն էի կարդում]։ Այնտեղ ասվում է, որ հավատն առանց գործերի մեռած է։ Եհովայի վկաները միշտ փորձել են Աստվածաշունչը բացատրելու և ուսուցանելու համար դեմառդեմ խոսել մարդկանց հետ։ Նրանք հավատը զորացնող գործեր են անում»։

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հունաստանի մասնաճյուղը հայտնեց. «Բազմաթիվ մարդկանց համար համավարակը և դրա հետևանքով առաջացած սահմանափակումներն ու կարանտինը սթրեսի պատճառ են դարձել։ Սակայն քարոզարշավը նրանց շատ թարմացրեց։ Իզուր չէ, որ շատերն այս քարոզարշավն անվանեցին «հոգևոր օազիս»»։

Սյուզի Կոնտարգիրին

Սյուզին, որն առողջական խնդիրներ ուներ ու ապրում էր կրոնապես բաժանված ընտանիքում, որոշեց ենթառահվիրա ծառայել։ Նա ասաց. «Քարոզարշավի շնորհիվ բոլոր բացասական մտքերից ազատվեցի։ Առավոտյան ուրախ արթնանում էի, տնային գործերս անում, ճաշ պատրաստում, ամուսնուս մասին հոգ տանում ու հետո սկսում ծառայությունս։ Ոչ Վկա ամուսինս հաճախ ասում էր. «Այսօր ծառայություն չունե՞ս»։ Նա սովոր էր տեսնել, թե ես ինչպես էի ուրախ համագործակցում քույրերի հետ»։

ՃԱՊՈՆԻԱ

Քույր Թամակի Հիրոտան նամակներ էր գրել պաշտոնյաներին։ Նա ասում է. «Եհովան առաջինն է վկայություն տվել նամակների միջոցով։ Նա 66 նամակ է գրել, որոնք մարդիկ երկար տարիներ է՝ կարդում են, որպեսզի մտերմանան նրա հետ։ Եհովան գիտի, թե որքան արդյունավետ է այս մեթոդը։ Սա իսկապես անմոռանալի իրադարձություն էր»։

Թամակի Հիրոտան

ՇՐԻ ԼԱՆԿԱ

Քույրեր Մահարաջա Վիջայան և Իմայանաթան Ամուտան պատահաբար նույն հասցեով էին նամակ ուղարկել։ Հասցեատերը առաջին նամակն առանց բացելու շպրտել էր։ Այնուհետև, տեսնելով մյուս նամակը, մտածել էր, որ եթե երկու անգամ են ուղարկել, ուրեմն այն պետք է որ շատ կարևոր լիներ։ Նա կարդացել էր ամսագիրը, զանգահարել երկրորդ նամակն ուղարկած քրոջը ու համաձայնել, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։

Ձախից աջ. Մահարաջա Վիջայան և Իմայանաթան Ամուտան

Մի պաշտոնյա ամսագիրը ստանալուց հետո զանգահարեց Շրի Լանկայի մասնաճյուղ։ Նա նշեց, որ թեև քրիստոնյա է, սակայն երբեք չի հանդիպել Եհովայի վկաներին։ Մեր ամսագրի վերաբերյալ գովաբանական խոսքեր ասելուց հետո այդ կինը հարցրեց. «Ինչպե՞ս կարող եմ Եհովայի վկա դառնալ»։ Եղբայրներն անմիջապես կազմակերպեցին, որ ինչ-որ մեկը կապ հաստատի նրա հետ։

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

13-ամյա մի քարոզիչ պատմեց, որ իրենց դպրոցում հաճախ էին քաղաքական թեմաներով քննարկումներ լինում։ Նա ասաց, թե նոյեմբերի քարոզարշավը ինչ հարցում է իրեն օգնել. «Հիմա ավելի վստահ եմ, որ կկարողանամ ուսուցիչներիս բացատրել, թե ինչու եմ չեզոք։ Հիմա հավատս ավելի է ամրացել»։

Մարգիտ Հերինգը

Մարգիտ Հերինգը նույպես այդպիսի զգացումներ ուներ։ Նա գրում է. «Ավելի քաջ ու նախանձախնդիր դարձա։ Սկզբում, երբ մտածում էի, որ պետք է գործարարների ու պաշտոնյաների հետ խոսեմ, կաշկանդվում էի։ Բայց սովորեցի հավատալիքներիս մասին ավելի նրբանկատորեն խոսել, ինչը ապագայում էլ շատ պետք կգա»։

Մի երեց էլ ասաց. «Ինձ հատկապես տպավորել էր, թե որքան շատ մարդիկ ենթառահվիրա ծառայեցին՝ չնայած իրենց լուրջ առողջական խնդիրներին։ Նրանք կարող էին և չծառայել, բայց առիթն օգտագործեցին, որ մասնակցեն քարոզարշավին։ Նրանց ուրախությունը, ինչպես նաև Եհովայի ու եղբայրների հանդեպ ունեցած երախտագիտության զգացումը այնքան մեծ էր, որ հաճախ հուզմունքից չէինք կարողանում զսպել մեր արցունքները»։

Այսպիսի դեպքեր այնքան շատ են եղել ամբողջ աշխարհում, որ հնարավոր չէ բոլորը պատմել։ Միլիոնավոր մարդկանց Թագավորության մասին բարի լուրը հայտնելն իսկապես մեծ ուրախություն էր (Հովհաննես 15:11):