ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2023 թ. սեպտեմբերի քարոզարշավին Թագավորության լուրը հասավ ամբողջ աշխարհին
2023 թ. սեպտեմբերին ամբողջ աշխարհում Եհովայի վկաները մասնակցեցին մի հատուկ քարոզարշավի, որի նպատակն էր հռչակել Աստծու Թագավորությունը։ Նրանք տարածեցին 2020 թ. «Դիտարանի» № 2 թողարկումը, որի խորագիրն է «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը»։ a Հետևյալ դեպքերը ցույց են տալիս, թե ամբողջ աշխարհում այս քարոզարշավը ինչ դրական ազդեցություն է ունեցել մարդկանց վրա։
Անգլիա
Անգլիայի Սաութպորտ քաղաքում Մարկը և նրա տասնամյա որդին՝ Ֆլինը, առաջին դուռը թակելիս հանդիպեցին միջին տարիքի մի կնոջ։ Կինը Մարկի ձեռքից ոգևորված վերցրեց «Դիտարանը» և, շապիկի վրա գրված հարցը նկատի ունենալով, բացականչեց. «Չեմ հավատում, որ հենց այսօր եք եկել։ Հիմա այս հարցի պատասխանն ինձ պետք է առավել, քան երբևէ»: Նա արցունքն աչքերին ասաց, որ մխիթարություն է փնտրում, քանի որ իր որդին վերջերս է մահացել։ Մարկն էլ անմիջապես պատմեց հարության հույսի մասին։ Կինը խորապես հուզվեց և ասաց, որ ցանկանում է ավելին իմանալ։ Երբ Մարկն ու Ֆլինը վերադարձան, այդ կինն ու նրա ամուսինը ուրախությամբ վերցրին «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը և սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։
Ինդոնեզիա
Ինդոնեզիայի բժշկական կենտրոններից մեկում Ֆրեդերիկ անունով մի եղբայր, հերթի մեջ կանգնած, զրույց սկսեց մի մարդու հետ, ով իր տղայի հետ նույնպես սպասում էր հերթում։ Ֆրեդերիկը Աստվածաշնչից ցույց տվեց, որ հիվանդություններն ու տառապանքը շուտով անցյալի գիրկն են գնալու։ Ֆրեդերիկը այդ մարդուն խնդրեց կարդալ Աստծու Թագավորությանը առնչվող Հիսուսի այն խոսքերը, որ արձանագրված են Մատթեոս 6։9, 10 համարներում, ինչից հետո հարցրեց. «Փաստորեն, ինչպե՞ս է տառապանքը վերանալու»։ Տղամարդն էլ պատասխանեց. «Աստծու և նրա Թագավորության միջոցով»։ Հետո հարցրեց, թե ինչ է Աստծու Թագավորությունը, բայց այդ պահին նրա տղայի հերթը եկավ, ու նրանք հեռացան։ Ֆրեդերիկը արագ տվեց իր հասցեն և «Դիտարանի» մեկ օրինակ։ Ի զարմանս Ֆրեդերիկի՝ հենց հաջորդ առավոտ այդ տղամարդն ու նրա կինը եկան նրանց տուն և ասացին, որ ցանկանում են ավելին իմանալ Աստծու Թագավորության օրհնությունների մասին։ Ֆրեդերիկը մեծ ուրախությամբ քայլեր ձեռնարկեց, որ իրենց քննարկումները շարունակվեն։
Մալավի
Մալավիում երկու քույրեր տեղի գյուղերից մեկի գյուղապետին առաջարկեցին «Դիտարան» ամսագիրը և բացատրեցին, թե ինչպես է Աստծու Թագավորությունը շուտով իշխելու ողջ երկրի վրա։ Գյուղապետն ասաց. «Փաստորեն, մի օր ես կորցնելո՞ւ եմ իմ թագավորությունը»։ Այն բանից հետո, երբ նրան ցույց տվեցին, որ մարդկության խնդիրների միակ լուծումը Աստծու Թագավորությունն է, նա ասաց. «Դա շատ լավ լուր է։ Ճիշտ է, ղեկավար եմ, բայց ես էլ եմ հասկանում, որ ղեկավարները երբեք չեն կարողանա իրագործել այն, ինչ Աստծու Թագավորությունը կանի բոլոր մարդկանց համար»։ Գյուղապետը «Դիտարանի» ևս հինգ օրինակ խնդրեց, որպեսզի մյուս գյուղերի գյուղապետներին տա։ Նա նաև ասաց, որ շատ կցանկանա շարունակել աստվածաշնչյան թեմաներով քննարկումները։
Մեքսիկա
Պուեբլա նահանգում (Մեքսիկա) քույրերից մեկը ավտոբուսի մեջ հարցրեց մի տարեց տղամարդու, թե արդյոք կարող է քաջալերական բան ասել նրան։ Այդ մարդը համաձայնեց, ուստի քույրը Մատթեոս 6։9, 10-համարներից կարդաց Աստծու Թագավորության մասին Հիսուսի խոսքերը։ Տղամարդը հարցրեց. «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։ Նախկինում երբեք չեմ կարդացել Աստվածաշունչը և չեմ խոսել Եհովայի վկաների հետ»։ Քույրը պատասխանեց նրա հարցին՝ իր հեռախոսով ցույց տալով «Դիտարան» ամսագիրը։ Տարեց տղամարդը սկսեց ավելի շատ հարցեր տալ, ուստի քույրը բացատրեց, թե ինչպես կարող է JW Library հավելվածի միջոցով գտնել իր հարցերի պատասխանները։ Պարզելով, որ իր սարքի հիշողությունը շատ քիչ է՝ տղամարդը սկսեց ջնջել որոշ բաներ և ասաց. «Աստծու Թագավորության մասին սովորելը ավելի կարևոր է»։ Ուղևորության վերջում նա արդեն ամբողջությամբ կարդացել էր «Դիտարանը», քրոջ օգնությամբ քննել էր «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկի առաջին դասը և համաձայնել էր Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Նա շատ շնորհակալ էր քրոջը և ցանկություն հայտնեց ներկա լինելու Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին։
Նոր Զելանդիա
Նոր Զելանդիայում Բեն անունով մի եղբայր տնետուն ծառայության ժամանակ մի երիտասարդ մոր ասաց, որ Աստծու Թագավորությունը շուտով թեթևացում կբերի բոլոր նրանց, ովքեր նեղություններ են կրում։ Կինը ուրախ բացականչեց. «Ապշած եմ, որ այստեղ եք։ Անցած գիշեր չէի կարողանում քնել, քանի որ շատ անհանգիստ էի ապագայի համար»։ Երբ Բենը սկսեց կարդալ Հայտնություն 21։4-ը, այդ կնոջ աչքերից արցունքներ հոսեցին։ Եղբայրը բացատրեց, որ Թագավորությունը վերջ է դնելու հիվանդություններին ու մահվանը։ Կինը հաճույքով վերցրեց «Դիտարանը» և ասաց, որ շատ է ուզում կարդալ այն ու ավելին իմանալ։
Հարավային Սուդան
Հարավային Սուդանի փախստականների ճամբարներից մեկում շատերը ցանկանում էին ավելին իմանալ Աստծու Թագավորության մասին։ Ընդամենը երկու ժամում մոտ 1 000 հրատարակություն տարածվեց, այդ թվում՝ «Դիտարանի» վերոնշյալ թողարկումը։ Փախստականներից մեկն ասաց. «Դուք ճիշտ ժամանակին եկաք։ Սա հենց այն էր, ինչի կարիքն ունեինք»։ Մեկ ուրիշ փախստական էլ ասաց մեր եղբայրներին. «Գիտենք, որ հեռվից եք գալիս, բայց խնդրում ենք, նորից եկեք»։
Թայվան
Թայվանում երկու քույրեր հանդիպեցին մի մարդու, ով շատ էր սրտնեղել Հավայան կղզիներում վերջերս տեղի ունեցած հրդեհների պատճառով։ Քույրերից մեկը «Դիտարանից» մի նկար ցույց տվեց նրան, որում պատկերված էր ապագա դրախտը։ Տղամարդն ասաց. «Հրաշալի կլիներ, եթե Երկիր մոլորակը նման լիներ այս նկարին։ Վատ լուրերով լի այս աշխարհում այնքա՜ն հաճելի է լսել հույսի այս մխիթարական ուղերձը»։
Որքա՜ն մեծ պատիվ էր մասնակցել այս համաշխարհային քարոզարշավին և ամենուրեք մարդկանց պատմել Աստծու Թագավորության՝ իրական մխիթարության ու հույսի աղբյուրի մասին (Հռոմեացիներ 15։4)։
Ստորև ներկայացնում ենք մի քանի երկրներից մեր եղբայրների ու քույրերի լուսանկարները, որոնք ուրախությամբ մասնակցեցին համաշխարհային քարոզարշավին։
a Այս հոդվածում «Դիտարան» ասելիս նկատի ունենք 2020 թ. «Դիտարանի» № 2 թողարկումը։
Բուրկինա Ֆասո
Կոստա Ռիկա
Եթովպիա
Վրաստան
Ինդոնեզիա
Իտալիա
Քենիա
Մեքսիկա
Նոր Զելանդիա
Պանամա
Լեհաստան
Շոտլանդիա
Հարավային Կորեա
Թայվան
Տոգո
Ուելս