ՕԳՈՍՏՈՍԻ 5, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2024 թ. հուլիսը նշանավորվեց տասը Աստվածաշնչերի լույսընծայումով
Մալավիական ժեստերի լեզու
2024 թ. հուլիսի 5-ին Մալավիի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Քոլին Քարսոնը, հայտարարեց, որ մալավիական ժեստերի լեզվով լույս է տեսել Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Հայտարարությունն արվեց Մալավիի մայրաքաղաք Լիլոնգվեում տեղի ունեցած «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովի առաջին օրը։ Այդ օրը ներկա էր 331 հոգի։ Գրքի էլեկտրոնային ձևաչափը անմիջապես հասանելի դարձավ jw.org կայքում և JW Library Sign Language հավելվածում։
Սա մալավիական ժեստերի լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրվածքների երբևէ արված առաջին ամբողջական թարգմանությունն է։ Այդ լեզվով խոսում է ավելի քան 400 000 մարդ։ Ներկայումս Մալավիի ժեստերի լեզվով խոսող 16 ժողովներում և 8 խմբերում ծառայում են ավելի քան 600 եղբայրներ ու քույրեր։
Բեմբա
2024 թ. հուլիսի 19-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Գեյջ Ֆլիգլը հայտարարեց, որ բեմբա լեզվով լույս է տեսել Աստվածաշնչի վերանայված «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Հայտարարությունն արվեց «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովի առաջին օրը։ Այն տեղի ունեցավ Նդոլա քաղաքի (Զամբիա) «Լևի Մվանավասա» մարզադաշտում։ Ծրագրին ֆիզիկապես ներկա էին 23 336 եղբայրներ ու քույրեր, 5 920 հոգի էլ հինգ այլ վայրերից միացել էր տեսակոնֆերանսով։ Բոլոր ներկաները ստացան «Նոր աշխարհ» թարգմանության տպագիր օրինակը։ Աստվածաշունչը, ինչպես նաև «Հռութ», «1 Հովհաննես», «2 Հովհաննես» և «3 Հովհաննես» գրքերի ձայնագրությունները անմիջապես հասանելի դարձան բեռնելու համար։
Բեմբա լեզվով Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը առաջին անգամ լույս էր տեսել 2008 թ.-ին։ Ըստ հաշվարկների՝ Զամբիայում ապրում է 4 միլիոն բեմբախոս մարդ։ Այդ երկրի 1 856 ժողովներում և 8 խմբերում ծառայում են 131 351 եղբայրներ ու քույրեր։
Կիչե
2024 թ. հուլիսի 19-ին Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Խոսե Տոռեսը հայտարարեց, որ կիչե լեզվով լույս է տեսել «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը։ Հայտարարությունն արվեց «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովին, որը տեղի ունեցավ Սան Լուկաս Սակատեպեկեսում (Գվատեմալա)։ 405 ներկաները հայտարարությունից հետո ստացան իրենց տպագիր օրինակը։ Իսկ էլեկտրոնային ձևաչափը անմիջապես հասանելի դարձավ jw.org կայքում և JW Library հավելվածում։
Ըստ հաշվարկների՝ կիչե լեզվով խոսում է ավելի քան 1 միլիոն մարդ։ Նրանց մեծ մասն ապրում է Գվատեմալայում։ Կիչե լեզվով խոսող առաջին ժողովը կազմավորվել է 2010 թ.-ին։ Այսօր Գվատեմալայում կիչե լեզվով գործող 16 ժողովներում ծառայում են 387 քարոզիչներ։
Չուաբո/մակուա-միտո/մակուա-շիրիմա/նսենգա (Մոզամբիկ)/ֆիմբի/տեվե/չվա
2024 թ. հուլիսի 28-ին Մապուտույի (Մոզամբիկ) «Էստադիո Նասիոնալ դո Զիմպետո» մարզադաշտում տեղի ունեցավ մի հատուկ միջոցառում, որին ներկա էր 26 025 հոգի։ Իսկ 16 այլ վայրերից տեսակոնֆերանսով միացել էր 64 570 հոգի։
Հանդիպման ընթացքում եղբայր Ֆլիգլը հայտարարեց մի քանի թարգմանությունների լույսընծայման մասին, որոնց տպագիր և էլեկտրոնային ձևաչափերը անմիջապես հասանելի դարձան։ Նա հայտարարեց, որ մակուա-միտո, մակուա-շիրիմա և նսենգա (Մոզամբիկ) լեզուներով լույս է տեսել «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը, իսկ չուաբո, ֆիմբի և տեվե լեզուներով՝ Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Չվա լեզվով էլ լույս ընծայվեց Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության ամբողջական տարբերակը։
Ուշագրավ է, որ այժմ՝ այս թարգմանությունների լույսընծայումից հետո, «Նոր աշխարհ» թարգմանությունը ամբողջությամբ կամ մասամբ հասանելի է 300 լեզուներով։