ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2024 թ. սեպտեմբերը նշանավորվեց յոթ Աստվածաշնչերի լույսընծայումով
Իտալական ժեստերի լեզու
2024 թ. սեպտեմբերի 1-ին Իտալիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Մասսիմիլիանո Բրիկոն հայտարարեց, որ իտալական ժեստերի լեզվով լույս է տեսել Աստվածաշնչի ամբողջական «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Հայտարարությունն արվեց Հռոմի համաժողովների սրահում կայացած «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովին, որին ներկա էր 854 հոգի։ Աստվածաշունչն անմիջապես հասանելի դարձավ jw.org կայքում և JW Library Sign Language հավելվածում։
Առաջին անգամ է, որ իտալական ժեստերի լեզվով Աստվածաշնչի ամբողջական թարգմանություն է հրատարակվում։ Եհովայի վկաները սկսել են աստվածաշնչյան նյութեր հրատարակել իտալական ժեստերի լեզվով 1998 թ.-ից։ Այսօր Իտալիայում 845 եղբայրներ ու քույրեր են ծառայում իտալական ժեստերի լեզվով գործող 15 ժողովներում, 12 խմբերում և 10 նախախմբերում։
Ռուտորո
2024 թ. սեպտեմբերի 6-ին Ուգանդայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ֆրեդերիկ Նյենդեն հայտարարեց, որ ռուտորո լեզվով լույս են տեսել «Մատթեոս», «Մարկոս», «Ղուկաս» և «Հովհաննես» գրքերը։ Հայտարարությունն արվեց Ուգանդայի Հոյմա քաղաքում կայացած «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովին։ Բոլոր 928 ներկաները ստացան «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի տպագիր օրինակը։ Բացի այդ՝ չորս գրքերն էլ անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում և JW Library հավելվածում։
Ուգանդայում շուրջ 2,2 միլիոն մարդ է խոսում ռուտորոյով կամ էլ դրան շատ նման նյորո լեզվով։ Այս լեզուներով առկա Աստվածաշնչի թարգմանություններից շատերում Աստծու անձնանունը բացակայում է։ Ուգանդայի երկու ռուտորոախոս և չորս նյորոախոս ժողովներում ծառայող 374 եղբայրներն ու քույրերը անչափ ուրախ են, որ այսուհետ ծառայության մեջ և հանդիպումներին կարող են օգտագործել չորս Ավետարանների այս ճշգրիտ ու պարզ թարգմանությունը։
Ույղուրերեն (արաբագիր) և ույղուրերեն (կիրիլիցա)
2024 թ. սեպտեմբերի 8-ին «Մատթեոս» գիրքը լույս տեսավ ույղուրերենի երկու գրատիպերով՝ արաբագիր և կիրիլիցա։ Հայտարարությունն արվեց Ղազախստանի մասնաճյուղում (Ալմաթի) կայացած հատուկ հանդիպման ժամանակ։ Ներկաները 483-ն էին։ «Մատթեոս» գիրքը անմիջապես հասանելի դարձավ երկու գրատիպերով jw.org կայքում և JW Library հավելվածում։
Ույղուրերենի արաբագիր և կիրիլիցա գրատիպերով առկա են Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանություններ, սակայն դրանցում հնացած լեզու է օգտագործվում, ինչի պատճառով շատ ընթերցողներ դժվարանում են ըմբռնել տեքստի իմաստը։ Շուրջ 11 միլիոն ույղուրախոս մարդկանց մեծամասնությունը բնակվում է Ասիայում։ Սակայն որոշ ույղուրախոսներ կան նաև Աֆրիկայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։
Լհուկոնզո
2024 թ. սեպտեմբերի 13-ին Ուգանդայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Մոզես Օունդոն հայտարարեց, որ լհուկոնզո լեզվով լույս են տեսել Աստվածաշնչի «Մատթեոս», «Մարկոս», «Ղուկաս» և «Հովհաննես» գրքերը։ Հայտարարությունն արվեց Ուգանդայի Բվերա ավանում կայացած «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովին, որին ներկա էր 925 հոգի։ Բոլոր ներկաները ստացան «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի տպագիր օրինակը։ Բացի այդ՝ չորս գրքերն էլ անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում և JW Library հավելվածում։
Ուգանդայում առնվազն 1 միլիոն մարդ է խոսում լհուկոնզոյով։ Եհովայի վկաները սկսել են աստվածաշնչյան նյութեր հրատարակել լհուկոնզո լեզվով 2001 թ.-ից։ Ներկայումս 324 եղբայրներ ու քույրեր են ծառայում լհուկոնզո լեզվով խոսող 6 ժողովներում։
Լիբերիական անգլերեն
2024 թ. սեպտեմբերի 15-ին Լիբերիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ջեֆրո Բարկլին հայտարարեց, որ լիբերիական անգլերենով լույս են տեսել Աստվածաշնչի «Մատթեոս» և «Մարկոս» գրքերը։ Հայտարարությունն արվեց Լիբերիայի Ջոնսոնվիլ ավանի համաժողովների սրահում կայացած հատուկ ծրագրի ժամանակ, որին ներկա էր 1 176 հոգի։ Բացի այդ՝ լիբերիական անգլերենով խոսող ժողովները երկրի տարբեր հատվածներից միացել էին ծրագրին տեսակապով։ Երկու գրքերն էլ անմիջապես հասանելի դարձան թվային և աուդիո ձևաչափերով jw.org կայքում ու JW Library հավելվածում։ Շուտով հասանելի կլինի «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի տպագիր տարբերակը։
Լիբերիական անգլերենով առկա են Աստվածաշնչի որոշ գրքեր, սակայն դրանք աուդիո ձևաչափով են։ Ուստի առաջին անգամ է, որ Աստծու Խոսքից որևէ հատված գրավոր տարբերակով թարգմանվել է լիբերիական անգլերենով։ Թեև Լիբերիայի պետական լեզուն անգլերենն է, սակայն այնտեղ շուրջ 1,6 միլիոն մարդ է խոսում լիբերիական անգլերենով՝ ներառյալ 120 ժողովներում ծառայող մեր 7 034 եղբայրներն ու քույրերը։
Նահուատլ (Գերերո)
2024 թ. սեպտեմբերի 20-ին Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Լազարո Գոնսալեսը հայտարարեց, որ նահուատլ (Գերերո) լեզվով լույս են տեսել Աստվածաշնչի «Մատթեոս», «Մարկոս», «Ղուկաս» և «Հովհաննես» գրքերը։ Հայտարարությունն արվեց Մեքսիկայի Գերերո նահանգի Չիլպանսինգո քաղաքի համաժողովների սրահում կայացած «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովին։ Ներկաները 769-ն էին։ Բացի այդ՝ Մեքսիկայի Տլապա դե Կոմոնֆորտ քաղաքում անցկացվող համաժողովի 742 ներկաները տեսակապով էին միացել ծրագրին։ Երկու վայրերում էլ բոլոր ներկաները ստացան «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի տպագիր օրինակը։ Չորս Ավետարաններն էլ անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում և JW Library հավելվածում։
Մեքսիկայում շուրջ 250 000 մարդ է խոսում նահուատլ (Գերերո) լեզվով։ Նահուատլ (Գերերո) լեզվով խոսող առաջին ժողովը կազմավորվել է 1987 թ.-ին։ Այսօր Մեքսիկայում 1 216 հավատակիցներ են ծառայում նահուատլ (Գերերո) լեզվով խոսող 37 ժողովներում և 2 խմբերում։