ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2020
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
80-ամյա Ալեքսանդր Ուրսուն՝ իր տոկունության մասին
«Եհովան մեր մասին հոգ է տարել անցյալում, և ես գիտեմ, որ նա հիմա էլ դա կանի»։
2018 թ. նոյեմբերի 15-ն էր։ Եղբայր Ալեքսանդր Ուրսուն, որն այդ ժամանակ 78 տարեկան էր, Ջանկոյում (Ղրիմ) գտնվող իր տնից դուրս եկավ, որ դիմավորի որդուն՝ Վիկտորին։ Նա զարմացավ, երբ դարպասից այն կողմ լույս նկատեց։ Զգուշորեն քայլեց դեպի լույսը և հանկարծ բարձր ձայն լսեց. «Չշարժվե՛ս։ Ոստիկանությո՛ւնն է»։
Ալեքսանդրը մտածեց, թե եղբայրները գլխին խաղ են խաղում, բայց շուտով հասկացավ, որ դա կատակ չէ։ Դիմակավորված մի մարդ ոլորեց նրա ձեռքերը, մեկ այլ դիմակավորված անձ էլ հարվածեց նրա դեմքին։ Ավտոմատներով զինված՝ Ազգային դաշնային ծառայության (ԱԴԾ) 6 գործակալներ խուզարկեցին Ալեքսանդրին ու Վիկտորին, այնուհետև ներխուժեցին նրանց տուն։
Ալեքսանդրի կինը՝ Նինան, խոհանոցում էր, երբ այդ զինված մարդիկ ներս մտան։ Նրանցից մեկը խլեց Նինայի հեռախոսը և հարցրեց, թե ինչ է դիտում։ ԱԴԾ աշխատակիցները մի քանի ժամ խուզարկեցին տունը՝ ցանկանալով գտնել ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում ընդգրկված գրականություն, բայց ոչինչ չգտան։
Մեր թանկագին տարեց եղբայրը չձերբակալվեց։ Սակայն Ալեքսանդրը և Ռուսաստանի ու Ղրիմի մյուս բոլոր Վկաները ապրում են այն մտավախությամբ, որ ոստիկանները ցանկացած պահի կարող են ներխուժել իրենց տուն և ձերբակալել ընտանիքի անդամներից որևէ մեկին։ Այս իրողության հետ հաշտվելու համար Ալեքսանդրը հաճախ հիշում է իր ընտանիքի հավատարիմ անդամներին, ինչպես նաև խորհրդային տարիներին իր հաղթահարած փորձությունները։
1949 թ. հուլիսի 6-ին, երբ Ալեքսանդրը 9 տարեկան էր, զինվորները գիշերը ուշ ժամին մտել էին նրանց տուն և խուզարկություն իրականացրել։ Նրանք շպրտել էին իրերը հատակին և հրամայել, որ սկսեն ճամպրուկները հավաքել։ Ալեքսանդրը հիշում է. «Այն պահին, երբ զինվորներն ուրիշ կողմ էին նայում, մայրս աստվածաշնչյան գրականություն թաքցրեց իրերի մեջ։ Դրանց թվում էր նաև «Աստծու քնարը» գիրքը»։ Զինվորները նրանց ողջ ընտանիքին տարան գնացքի կայարան։
Ալեքսանդրի ընտանիքի անդամները գնացքում առանց վախի Թագավորության երգերն էին երգում, մինչ ուղևորվում էին իրենց նոր տուն՝ Սիբիր։ Նրանք այն հազարավոր Վկաներից էին, ովքեր 1949–1951 թթ. աքսորվեցին Սիբիր։
1950-ականներին Սիբիրում եղբայրները գաղտնի հավաքվում էին ֆերմաներում, որ ժողովի հանդիպումներ անցկացնեին։ Որոշ ընտանիքներ ժողովներին մասնակցելու համար քայլում էին 20 կմ (13 մղոն)։
Ալեքսանդրը շատ օգուտներ է քաղել իր ընտանիքի հարուստ հոգևոր ժառանգությունից։ Նրա հորական պապիկի հայրը՝ Մակարը, պապը՝ Մաքսիմը, հոր հորեղբայրը՝ Վլադիմիրը, և հայրը՝ Պյոտրը, հավատարմության և տոկոնության հիանալի օրինակներ են եղել։
Ալեքսանդրի հայրը 1944 թ.-ին զինծառայությունից հրաժարվելու համար 10 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել։ Ողնաշարի վնասվածքի պատճառով նա կաթվածահար էր եղել և երեք տարի հետո ազատ էր արձակվել ու վերադարձել տուն։ Ալեքսանդրը հիշում է, որ հայրը սիրում էր պատմել Դավթի, Գողիաթի, ինչպես նաև Դավթի և Հովնաթանի ընկերության մասին։
«Հորեղբայրս՝ Վլադիմիրը, WBBR ռադիոկայանի հավատարիմ ունկնդիրներից էր։ Նա աստվածաշնչյան գրականություն էր ստանում։ Քանի որ այդ ժամանակ օրենքով արգելված էր ռադիո ունենալ, հորեղբայրս գետնի տակ նկուղ էր սարքել, որ հետաքրքրվողների հետ կարողանար լսել WBBR ռադիոկայանի հեռարձակումները»։
1940-ականներին մի «հետաքրքրվող» մատնեց նրանց։ Ալեքսանդրի հորեղբայրը և պապը ձերբակալվեցին և կալանավորվեցին արևմտյան Ուկրաինայում գտնվող Խոտին քաղաքում, որը նրանց գյուղից 80 կմ (50 մղոն) հեռավորության վրա էր։
«Տատս ոտքով գալիս էր բանտ, որ տեսներ նրանց։ Նա պատմում էր, որ հավատի շնորհիվ նրանք չէին կորցնում իրենց ուրախությունը, թեև ծեծի էին ենթարկվում»։ Ցավոք, Ալեքսանդրի հորեղբայրն ու պապը բանտում մահացան։
«Մենք մինչև հիմա չգիտենք, թե նրանց հետ ինչ է եղել, նրանց ինչպես են վերաբերվել, ինչպես են մահացել կամ որտեղ են թաղվել։ Սակայն մեզ քաջալերում է այն բանի գիտակցումը, որ նրանք մինչև մահ հավատարիմ են մնացել Եհովային»,— ասում է Ալեքսանդրը։
Ալեքսանդրի հոգևոր ժառանգությունը և Սիբիրի փորձությունները նրան պատրաստել են այս հալածանքին։ Նա ասում է. «Ես արդեն սովոր եմ խուզարկություններին, քանի որ մանկուց եմ տեսել այդպիսի բաներ։ Եհովան մեր մասին հոգ է տարել անցյալում, և ես գիտեմ, որ նա հիմա էլ դա կանի։
Ինձ հոգևորապես լավ վիճակում են պահում նաև ամեն օր Աստվածաշունչ կարդալն ու խորհրդածելը, կանոնավոր ժողովի հանդիպումներին հաճախելը և հավատակիցներիս հետ շփումը»։
Նա նաև կանոնավոր կարդում է մեր եղբայրների փորձությունների մասին և զորանում նրանց քաջությունից։ «Կարդացել եմ, թե ոմանք ինչ են ասել դատարանի առաջ իրենց եզրափակիչ ճառում։ Քաջաբար վկայություն տալով՝ նրանք մասնակից են դառնում Հիսուսի մարգարեական խոսքերի կատարմանը. «Իմ պատճառով ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ, որպեսզի վկայություն լինեք նրանց և ազգերին»» (Մատթեոս 10։18):
Եհովայի սիրո ու աջակցության շնորհիվ մեր եղբայրներն ու քույրերը տոկում ու նույնիսկ հոգևորապես բարգավաճում են հալածանքների ներքո։ Նրանք իրենց օրինակով փաստում են Դավթի ներշնչյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Բոլոր [Եհովայի] մոտ ապաստան գտնողները կուրախանան, հավիտյան կցնծան ուրախությունից» (Սաղմոս 5։11)։