ՀՈՒԼԻՍԻ 23, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
90 տարի է՝ Եհովայի վկաներ ենք կոչվում
1931 թ. հուլիսի 26-ին եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը, որն այդ ժամանակ Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության նախագահն էր, Կոլումբուսում (Օհայո, ԱՄՆ) տեղի ունեցած համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ 15 000 մարդկանց առջև։ Ծրագրի մի մասը հեռարձակվեց աշխարհի ավելի քան 450 ռադիոկայաններով, ինչն աննախադեպ էր այդ ժամանակների համար։ Եղբայր Ռադերֆորդը հայտարարեց մի պատմական բանաձևի մասին, որը կոչվում էր «Նոր անուն»: Այն այսպիսի միտք էր ընդգրկում. «Մենք ցանկանում ենք ճանաչվել և կոչվել Եհովայի վկաներ անունով» (տես « Բանաձև» շրջանակը)։ Ներկաները իրենց համաձայնությունն արտահայտեցին՝ բացականչելով «այո՛», և դահլիճը թնդաց ծափահարություններից։
Արթուր Վորզլին, որի կենսագրությունը հրատարակվել է 1986 թ.-ին, այսպես արտահայտվեց. «Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր դահլիճը թնդում բացականչություններից ու ծափահարություններից»։
Այդ բանաձևի ընթերցանությունը լսեցին նաև այլ երկրներում, քանի որ այն հեռարձակվեց ռադիոյով։ Ավստրալիայից եղբայր և քույր Բարբերները հիշում են. «Երբ բազմությունը սկսեց ոգևորված ծափահարել Ամերիկայում, Մելբուրնի եղբայրները ոտքի կանգնեցին և նույնպես սկսեցին ծափահարել»։ Այդ բանաձևի ընթերցանությունը լսեց նաև մի խումբ Ճապոնիայում, այդ թվում՝ քույր Մացուե Իշին։ Նա գրել էր. «Մենք ուրախության ճիչ արձակեցինք Ամերիկայի մեր եղբայրների հետ»։
Ասում են, որ Կոլումբուսում այն գրասենյակները, որոնք Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողներին ողջունող ցուցանակներ էին փակցրել, դրանք փոխարինել էին այլ ցուցանակներով, որոնց վրա գրված էր «Բարի գալուստ, Եհովայի վկաներ»։ 1931 թ. հուլիսի 28-ին Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության «Պատգամաբեր» թերթում առաջին անգամ գործածվեց Եհովայի վկաներ անունը։ Այդ թերթը համաժողովների վերաբերյալ նորություններ էր հրապարակում։
Համաժողովից կարճ ժամանակ անց մեծ քարոզարշավ տեղի ունեցավ, և մեր հավատակիցները «Թագավորություն. աշխարհի հույսը» գրքույկը տարածեցին, որի մեջ գրված էր նոր անվան մասին բանաձևը։ Երկուսուկես ամսվա ընթացքում Վկաները ավելի քան 5 միլիոն գրքույկ էին տարածել, որոնցից շատերը տվել էին հայտնի կրոնականների, բիզնեսմենների և պաշտոնյաների։
Մարտին Փետցինգերն այդ ժամանակաշրջանի մասին ասում է. «Մարդիկ ապշահար նայում էին մեզ, երբ դուռը բացում էինք ու այսպես ներկայանում. «Ես ձեզ այցելել եմ, քանի որ Եհովայի վկա եմ»։ Մարդիկ տարակուսած նայում էին ու հարցնում. «Բայց դուք Աստվածաշունչ ուսումնասիրողներ չե՞ք»» (տես « Այցեքարտերը հայտնի են դարձնում Եհովայի անունը» շրջանակը)։ Հետագա տարիների մասին Փետցինգերը գրում է. «Որքան բան է փոխվել։ Բերանս չբացած՝ մարդիկ արդեն ասում են՝ երևի Եհովայի վկա եք»։
Եղբայր Մակմիլանը, որը նույնպես ներկա էր 1931 թ. համաժողովին, հետագայում նշեց, թե այդ անունը ինչու էր համապատասխան. «Փայլուն գաղափար էր, քանի որ այդ անունը ողջ աշխարհին պարզ ասում է, թե ինչ ենք անում և ինչ նպատակ ունենք։ Դրանից առաջ մեզ Աստվածաշունչ ուսումնասիրողներ էին անվանում։ Ինչո՞ւ։ Քանի որ հենց դա էինք։ Իսկ հետո, երբ սկսեցինք մյուս ազգերի հետ Աստվածաշունչ ուսումնասիրել, մեզ անվանեցին Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողներ։ Սակայն այժմ մենք Եհովա Աստծու վկաներն ենք, և այդ անունը մարդկանց ցույց է տալիս, թե ինչով ենք զբաղվում ու ինչ նպատակ ունենք»։
Այսօր միլիոնավոր մարդիկ հպարտանում են, որ իրենց անվանում են Եհովայի վկա (Եսայիա 43։10–12)։