Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 26, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

COVID-19-ը չխանգարեց Եհովայի վկաներին օգնել ռեկորդային քանակով աղետներից տուժածներին

COVID-19-ը չխանգարեց Եհովայի վկաներին օգնել ռեկորդային քանակով աղետներից տուժածներին

2020 թ. ծառայողական տարին ազդարարեց աղետից տուժածներին օգնելու աննախադեպ ծրագրի սկիզբը, ընդ որում՝ այդ գործը համաշխարհային մասշտաբների է հասել և դեռևս շարունակվում է։ Ամբողջ աշխարհում աղետից տուժածներին օգնելու ավելի քան 950 կոմիտեներ (այսուհետ՝ ԱՏՕԿ) են ձևավորվել։ Բացի համավարակից՝ 2020 թ.-ին բազմաթիվ կործանարար աղետներ եղան։ ԱՏՕԿ-ները հավելյալ խնդրի առաջ կանգնեցին. նրանք պետք է ոչ միայն հումանիտար օգնություն հասցնեին տուժածներին, այլև հետևեին COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոններին։ Այս աշխատանքներում մասնակցած քույրերն ու եղբայրները նշում են, որ իրենց հավատը շատ է ամրացել։ Եկեք տեսնենք, թե ինչ աղետների են դիմագրավել մեր հավատակիցները։

Կործանարար փոթորիկներ

2020 թ. ծառայողական տարվա ընթացքում մեր հավատակիցները վնասներ են կրել 126 ուժեղ փոթորիկներից, և այս թիվը 11,5 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Դրանցից շատերը ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել։

Օրինակ՝ բազմաթիվ արևադարձային ցիկլոններ հարվածեցին Ֆիլիպիններին, ինչի հետևանքով շատ քարոզիչներ ստիպված եղան լքել իրենց տները։

Ֆիլիպիններում երբևէ գրանցված ամենաուժեղ «Գոնի» սուպերթայֆունից մի քանի շաբաթ հետո տեղի ունեցած «Վամկո» թայֆունի հետևանքով առաջացած ջրհեղեղը

Նիգերիայում հորդառատ անձրևները վնասեցին մեր եղբայրների բերքը։

Ջրհեղեղ Նիգերիայի Ռիվերս նահանգում՝ տեղատարափ անձրևներից հետո

Երկարատև մուսսոնային սեզոնը մեծ վնասներ հասցրեց Հարավային Կորեային։

Ջրհեղեղ Հարավային Կորեայում՝ երկրի պատմության մեջ երբևէ գրանցված ամենաերկար մուսսոնային սեզոնից հետո

Հուժկու անտառային հրդեհներ

Բազմաթիվ երկրներում տեղի ունեցան հրդեհներ, որոնցից մի քանիսը իրենց մասշտաբներով ռեկորդային էին։

Դրանց թվում կային հրդեհներ, որոնք այրեցին առնվազն մեկ միլիոն ակր (405 000 հա) տարածք։

Հենց այսպիսին էր ԱՄՆ-ում տեղի ունեցած հրդեհը։

Անտառային հրդեհներ Կալիֆոռնիայում (ԱՄՆ)

Այս մասշտաբի հրդեհ տեղի ունեցավ նաև Ավստրալիայում։

Անտառային հրդեհ Ավստրալիայում

Անվտանգ և արդյունավետ աշխատանքներ

Հենց սկզբից կազմակերպությունը անվտանգության կանոնակարգ սահմանեց, որպեսզի ապահովվեր հումանիտար օգնություն հասցնողների և այն ստացողների անվտանգությունը։

Հան Չան-հի

Եղբայր Հան Չան-հին, որը համագործակցում է Հարավային Կորեայի ԱՏՕԿ-ներից մեկի հետ, պատմում է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մեր հավատակիցներին պաշտպանելու համար. «Ամեն առավոտ չափում էինք բոլորի ջերմությունը, իրարից միշտ ֆիզիկական հեռավորություն էինք պահպանում, խուսափում էինք տարածքում կամավորների կուտակումից, իսկ ճաշին և ընդմիջումներին միասին չէինք հավաքվում։ Աշխատանքից առաջ և հետո կամավորները ախտահանում էին իրենց գործիքները»։

Քրիս Շիրա

Մեր հավատակիցներից ոմանք տարհանվեցին և նույնիսկ կորցրին իրենց տները այս աղետների ժամանակ։ Եղբայր Քրիս Շիրան, որը Միացյալ Նահանգների արևմտյան շրջանների անտառային հրդեհների ժամանակ համագործակցում էր ԱՏՕԿ-ի հետ, ասում է. «Տարհանվածներին կացարան տրամադրելիս ուշադիր հետևում էինք, որ COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոնները չխախտվեն»։

Ֆիլիպս Ակինդուրո

Շատ տարածքներում անվտանգության կանոնների և տեղաշարժման սահմանափակումների պատճառով փոքր թվով կամավորներ մասնակցեցին աղետից տուժածներին օգնություն տրամադրելու աշխատանքներին։ Ֆիլիպս Ակինդուրոն, որը ծառայում էր Նիգերիայի ԱՏՕԿ-ներից մեկում, ասաց. «Մեր գլխավոր դժվարություններից մեկն այն էր, որ [կառավարությունը] սահմանափակել էր քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ուստի դժվար էր կամավորներին հասցնել այնտեղ, որտեղ նրանց կարիքը կար»։

Կիմ Ջուն-հյոնգ

Եղբայր Կիմ Ջուն-հյոնգը, որը նույնպես աշխատել է Հարավային Կորեայի ԱՏՕԿ-ի հետ, պատմում է, թե կամավորները ինչ ոգի էին դրսևորում։ Նա ասում է. «Քանի որ Աստծու և հավատակիցների հանդեպ սերն է մղել մեզ անելու այս գործը, մենք ամեն ջանք թափում էինք, որ հետևեինք անվտանգության կանոններին և մարդկանց կյանքը չվտանգեինք։ Թեպետ շատ կանոնների էինք հետևում, սակայն շարունակում էինք ուրախությամբ անել մեր գործը»։

Օգնություն տրամադրելու գործը ամրացնում է հավատը

Դժվար հանգամանքների ներքո աղետից տուժածներին հաջողությամբ օգնություն տրամադրելը շատերի հավատն ամրացրեց։

Օրինակ՝ եղբայր Հանը անհանգստանում էր, թե արդյոք ԱՏՕԿ-ը կկարողանա արագ կամավորներ գտնել և աղետից տուժածներին 24 ժամվա ընթացքում օգնություն տրամադրել։ «Մի քանի ժամ անց հասկացա, որ անհանգստանալու պատճառ չկա։ Ամբողջ երկրից հարյուրավոր եղբայրներ և քույրեր կամավորագրվեցին։ Նրանց թիվն այնքան մեծ էր, որ նույնիսկ ոմանց ստիպված եղանք մերժել։ Հստակ տեսա, որ Եհովան մեզ հետ էր, և դա շատ քաջալերական էր»։

Բրադ Բեններ

Նմանապես Հոնդուրասից եղբայր Բրադ Բենները ասում է, թե ինչ զգացումներ է ունեցել, երբ մասնակցում էր փոթորկից տուժածներին օգնություն տրամադրելու գործին. «Ճիշտ է, իրավիճակը լարված էր, սակայն տարհանված մեր եղբայրները չմնացին առանց ուտելիքի, կացարանի և հոգևոր աջակցության։ Երկու փոթորիկները և համավարակը չկարողացան խարխլել մեր կազմակերպության մեջ տիրող սերը»։

Ալքին Դայագ

Եղբայր Ալքին Դայագը, ով համագործակցել է Ֆիլիպինների ԱՏՕԿ-ի հետ, ասում է. «Այս դեպքերից հետո ավելի շատ համոզվեցի, որ Եհովան առատաձեռնությամբ տալիս է սովորականին գերազանցող ուժ և իմաստություն, որպեսզի ավարտին հասցնենք մեր հանձնարարությունը» (2 Կորնթացիներ 4։7

Մենք շնորհակալ ենք այն բոլոր մասնաճյուղերին, ԱՏՕԿ-ներին և մեր հավատակիցներին, ովքեր օգնել են աղետից տուժածներին օգնություն տրամադրելու գործում։ Կամավորների ջանքերի և առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ այս աննախադեպ տարվա ընթացքում հնարավոր եղավ օգնություն տրամադրել աղետներից տուժածներին (1 Թեսաղոնիկեցիներ 1։3