ԱՊՐԻԼԻ 9, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«JW Լուրեր» բաժնի հոդվածները զորացնում են մեր հավատակիցներին և միասնական դարձնում
Երբ «JW Լուրեր» բաժնի հոդվածներում կարդում ենք, թե մեր հավատակիցները ինչպես են դիմագրավում հալածանքներին, շատ ենք զորանում։ Մեր հավատակիցների կենսագրությունները կարդալով՝ ճանաչում ենք նրանց։ Նրանց օրինակները և բառերը զորացնում են մեզ։ Դրանք կարդալով՝ հավաստիանում ենք, որ նրանք չեն կորցնում իրենց ուրախությունը։ Հետևյալ օրինակներից կտեսնենք, թե մեր համաշխարհային եղբայրությունն ինչ օգուտներ է քաղում այս հոդվածներից։
Կենտրոնանում ենք այն ամենի վրա, ինչ կարող ենք անել
Շատերիս պես՝ Պորտուգալիայում հատուկ ռահվիրա ծառայող եղբայր Միգել Սիլվայի և նրա կնոջ՝ Մոնիկայի կենսակերպը համավարակի պատճառով փոխվել է։ Դա կարող է վհատեցնել երբեմն։ Նրանց շատ է քաջալերել Կոնստանտին Բաժենովի մասին հոդվածը։ Կոնստանտինը կալանավայրում ցանկանում էր Աստվածաշունչ կարդալ, սակայն չուներ։ Վհատվելու փոխարեն նա գրեց իր մտապահած համարները և իր «Աստվածաշունչը» կազմեց։ Դրանից Միգելն ու Մոնիկան կարևոր դաս սովորեցին։ Միգելն ասում է. «Փոխանակ կենտրոնանալու այն բանի վրա, թե ինչ չենք կարող անել համավարակի պատճառով՝ մենք փորձում ենք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ կարող ենք անել տանը եղած ժամանակ, և երախտագետ լինել»։
Միգելն ու Մոնիկան որոշեցին բարելավել Աստվածաշնչի իրենց ընթերցանությունը և ավելի շատ խորհրդածել։ Մոնիկան ասում է. «Համոզված ենք, որ անհրաժեշտության դեպքում Եհովան կհիշեցնի մեզ մեր սովորածը»։ Միգելն էլ հավելում է. «Եղբայր Բաժենովի փորձառությունը մղեց մեզ, որ մեր «տնային կալանքը» դիտենք որպես ուրիշներին քաջալերելու, Եհովային երգերով փառաբանելու և մեր աղոթքները բարելավելու հնարավորություն»։
Հաղթահարում ենք հալածանքի հանդեպ վախը
Քույր Քրիստին Մուհիմա Էտոնդեն, որը որպես ռահիրա է ծառայում Կամերունում, ասում է, որ տարիներ շարունակ, երբ լսել է եղբայրների հալածանքների մասին, վախով է լցվել։ Նա պատմում է, թե ինչպես է փոխվել իր մտածելակերպը. ««JW Լուրեր» բաժնի հոդվածներում կարդալով, թե մեր հավատակիցներն ինչպես են դիմակայում հալածանքներին՝ տրամադրվածությունս փոխվեց։ Երբ կարդում եմ մեր եղբայրների ցուցաբերած ոգու և կոնկրետ աղոթքների մասին, թե ինչպես են նախօրոք պատրաստվում հալածանքներին՝ անկախ տարիքից, և տեսնում եմ նրանց ժպիտները, ցանկանում եմ ավելի շատ ճանաչել Եհովային։ Նրա հանդեպ սերս այնքան է աճել, որ հիմա առանց վախի պատկերացնում եմ, թե ինչպես եմ հալածվում։ Կարծում եմ, որ այդ ժամանակ չեմ կորցնի ուրախությունս, կաղոթեմ ու կխորհրդածեմ Եհովայի մասին»։
Պատրաստվում ենք, որ պաշտպանենք մեր հավատը
Ռումինիայում բնակվող եղբայր Յուլիան Նիստորին և նրա կնոջը՝ Օանային, շատ էր տպավորել, թե Անատոլի Տոկարևն ինչպես էր պաշտպանել իր հավատը դատարանում։ Նա հանգիստ էր, հարգալից և վճռական՝ պահելու իր անարատությունը։ Նրա օրինակը Յուլիանին և Օանային մղեց մտածելու, թե ինչպես կարող են պաշտպանել իրենց հավատը նման իրավիճակում։ Օանան պատմում է. «Ընտանեկան երկրպագության ժամանակ պատկերացնում էինք, թե դատարանի առջև մեր հավատն ենք պաշտպանում։ Նկատեցինք, որ այդքան էլ հեշտ չէ մեր եղբոր պես հարգանքով և նրբանկատորեն խոսել մեր համոզմունքների մասին։ Սակայն դա նպաստեց, որ մեր հավատակիցները ավելի հարազատ դառնան, նաև տեսանք, թե որքան կարևոր է պատրաստ լինել պաշտպանելու մեր հավատը և հիշել, թե ինչու ենք հպարտ, որ Եհովայի վկա ենք»։
Քննում ենք մեր աղոթքների որակը
Մադագասկարում բնակվող Աննա Ռեյվոջերսենը ցանկացավ քննել իր աղոթքների որակը։ Եղբայր Ջովիդոն Բոբոջոնովի օրինակի մասին կարդալուց հետո Աննան ասում է. «Զգացել եմ, որ երբեմն այնքան եմ տարվում ամենօրյա գործերով, որ մեխանիկորեն եմ աղոթում։ Եթե նախօրոք մի քանի րոպե չեմ մտածում, թե ինչ եմ ասելու Եհովային, նույն նախադասություններն եմ կրկնում»։ Նա փորձեց իրեն Ջովիդոնի փոխարեն պատկերացնել և մտածեց. «Եթե այդպիսի փորձության միջով անցնեի, կկարողանայի՞ այդքան կոնկրետ աղոթքներ անել»։ Աննան ավելացնում է. «Հասկացա, որ նախքան աղոթելը պետք է խորհեմ, թե ինչ եմ ասելու Եհովային։ Այնքան երախտապարտ եմ այս հոդվածների համար»։
Ավելի կարեկից ենք դառնում մեր հավատակիցների հանդեպ
Ռուբեն Կատարինուն և նրա կինը՝ Անդրեան, ովքեր ռահվիրաներ են Պորտուգալիայում, ավելի են մտերմացել իրենց եղբայրների հետ։ Ռուբենն ասում է. «Անցյալում գիտեինք, որ մեր եղբայրները հալածվում են այլ երկրներում, սակայն չէինք ճանաչում նրանց։ Չգիտեինք, թե ովքեր են, ինչպիսին է նրանց կյանքը, և թե ինչ դժվարություններ են դիմագրավում։ Այս հոդվածների շնորհիվ հիմա մենք իրոք ճանաչում ենք նրանց։ Կարող ենք կոնկրետ աղոթել նրանց համար, որ ամուր մնան՝ չնայած հանգամանքներին։ Այդպես մեզ ավելի մոտ ենք զգում մեր հավատակիցներին և զգում ենք, որ մեր աղոթքները կարող են մեծ ազդեցություն ունենալ»։
Ավելի շատ ենք գնահատում անձնական ուսումնասիրությունը
Անկասկած, շատերս մեզ զգում ենք Պորտուգալիայում ծառայող մի ռահվիրա քրոջ՝ Սեսիլիա Կարդոսոյի պես։ Նա ասում է. «Հիմա ավելի եմ կարևորում անձնական ուսումնասիրությունը՝ տեսնելով, թե ինչ են կրել մեր հավատակիցները։ Աստվածաշունչը խորությամբ ուսումնասիրելը կնպաստի, որ ավելի շատ ապավինեմ Եհովային, իսկ սերս կաճի նրա հանդեպ։ Նա էլ կօգնի, որ վախերս աչքիս ավազահատիկի պես դառնան։ Հասկացել եմ, որ վախը հաղթանակ է տանում միայն այն ժամանակ, երբ մենք դադարում ենք մեր հույսը Եհովայի վրա դնել»։
Որքան երախտապարտ ենք, որ jw.org կայքում տեղ են գտել հոդվածներ քաջության ու հավատի ժամանակակից օրինակների մասին։ Այս դեպքերի շնորհիվ մենք «քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա»» (Եբրայեցիներ 13։6)։