ՄԱՐՏԻ 8, 2021
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«JW Լուրեր» բաժնի հոդվածների միջոցով ծնողները օգնում են իրենց երեխաներին
Շատ Վկա ծնողներ «JW Լուրեր» բաժնի հոդվածների օգնությամբ ամրացնում են իրենց երեխաների հավատը։
Քույր Ֆումիկո Տակեհարան, որը Ճապոնիայից է, սիրում է «JW Լուրեր» բաժնի հոդվածները կարդալ և քննարկել իր 12-ամյա տղայի՝ Նաոկիի հետ։ Նրանք այդ հոդվածներից տպում են մեր եղբայրների և քույրերի նկարներն ու փակցնում են պատին։ Ֆումիկոն ասում է. «Մենք նրանց համար անհատապես աղոթում ենք։ Մենք մխիթարվում ենք՝ իմանալով, որ Եհովան իր ծառաներին տալիս է ուրախություն, անգամ երբ նրանք գտնվում են բանտում։ [Այդ ուրախությունը] երևում է նրանց դեմքի արտահայտությունից։ Նրանց լավ օրինակը օգնում է իմ տղային հավատարիմ մնալ Եհովային դպրոցում»։
Կոտ դ’Իվուարից եղբայր Կիլանկո Զանուն, որը երկու երեխաների հայր է, ասում է. «Ես ամեն օր հետևում եմ «JW Լուրեր» բաժնին»։ Կիլանկոն շատ հաճախ այդ հոդվածներից մտքեր է օգտագործում իրենց ընտանեկան երկրպագության ժամանակ։ Նա նկատել է, որ իր ընտանիքը, այդ թվում՝ իր 7-ամյա որդին՝ Մատիասը, շատ բան են սովորել հալածանքներին խիզախորեն դիմակայող եղբայրներից։
Փոքրիկ Մատիասը վարանում էր քարոզել իր դասընկերներին։ Կիլանկոն պատմում է. «Մեր ընտանեկան երկրպագությունից հետո Մատիասը բացականչեց. «Ես էլ չե՛մ վախենում քարոզելուց»»։
Ինդոնեզիայից Հոլմս Սիմատուպանգը երկու հոդված կարդաց իր երեխաների համար։ Դրանք երկու ինդոնեզացի Վկա պատանիների մասին էին, որոնց դպրոցից հեռացրել էին դրոշին պատիվ չտալու համար։
Եղբայր Սիմատուպանգն ասում է. «Մեր երկու երեխաները հենց այդպիսի փորձության են բախվել դպրոցում։ Նրանց ուսուցիչները և դասընկերները անընդհատ ճնշում էին, որ պատիվ տան դրոշին, երգեն ազգային հիմնը և մասնակցեն կրոնական արարողություններին։ Դրա պատճառով մեր երեխաները միառժամանակ վախենում էին դպրոց գնալ»։
Հոլմսը շարունակում է պատմել. «Ընտանեկան երկրպագության ժամանակ այդ երկու հոդվածները քննարկելուց հետո երեխաները կարողացան քաջաբար վկայություն տալ իրենց չեզոքության մասին։ Նրանք արդեն շատ չեն վախենում դպրոցից հեռացվելուց»։
Բրազիլիայից քույր Լեյդի Ների Պասոսը ասում է. «Երբ մեր որդին՝ Պեդրոն, հինգ-վեց տարեկան էր, պետք է դպրոցում բացատրեր, թե ինչու չի մասնակցում ծննդյան տոնակատարություններին»։ Երբ քույրը մտածում էր, թե ինչպես կարող է օգնել որդուն, հիշեց «JW Լուրեր» բաժնի հոդվածներում հիշատակված հավատակիցներին, ովքեր նախապատրաստվել էին փորձություններին։ Նա պատմում է. «Ընտանեկան երկրպագության ժամանակ տարբեր իրադրություններ էինք փորձում, որոնք օգնեցին մեր տղային սովորել, թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում»։ Այդ փորձերի շնորհիվ Պեդրոն պատրաստ էր պաշտպանելու իր հավատալիքները։
«JW Լուրեր» բաժնի հոդվածները հիշեցնում են, թե Եհովան ինչպես է զորացնում և հոգ տանում իր հավատարիմ ծառաներին։ Անշուշտ, հիմքեր ունենք վստահ լինելու, որ երբ փորձությունների բախվենք, Եհովան մեզ «կլցնի ուրախությամբ և սուրբ ոգով» (Գործեր 13։50–52)։