Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 2019
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

JW Broadcasting-ը հինգ տարեկան է

JW Broadcasting-ը հինգ տարեկան է

Վերջին հինգ տարիներին մեր համաշխարհային եղբայրությունը ամեն ամիս վայելում է հոգևոր ծրագիր JW Broadcasting հեռուստաալիքով։ Մենք անհամբերությամբ սպասում ենք 2020 թ. ծառայողական տարվա և դրանից հետո սպասվող հեռարձակումներին։ Իսկ մինչ այդ, տեսնենք, թե 2014 թ. հոկտեմբերի առաջին հեռարձակումից ի վեր ինչ ուշագրավ ձեռքբերումներ ենք ունեցել։

Թարգմանվել է 185 լեզվով։ Սկզբում ամսական հեռարձակումները կարելի էր դիտել միայն անգլերենով։ Այնուհետև 2015 թ. մայիսին Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ դրանք թարգմանվեն ավելի քան 40 լեզվով։ Այժմ՝ ընդամենը չորս տարի անց, JW Broadcasting-ը թարգմանվում է միջինը 185 լեզվով։

Նյութեր՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Քանի որ JW Broadcasting-ը նախատեսված է համաշխարհային եղբայրության համար, դրա տարբեր մասեր ավելի ու ավելի հաճախ են նկարահանվում աշխարհի տարբեր անկյուններում գործող նկարահանման խմբերի կողմից։ Հեռարձակումների վերջում սովորաբար ներկայացվում է մեկուսի վայրերում, օրինակ՝ Եթովպիայում, Թուվալուում, Իսլանդիայում, Մոնղոլիայում, Սայպանում և Ուգանդայում գտնվող ժողովներից մեկը։ JW Broadcasting հեռուստաալիքը դիտում են 230 երկրներում, այդ թվում՝ այնպիսի հեռավոր վայրերում, ինչպիսիք են ենթաանտարկտիկական գոտու Հերդ և Մակդոնալդ կղզիները, որոնք չունեն մշտական բնակիչներ։ Հեռարձակման նոր ծրագրի թողարկման առաջին ամսվա ընթացքում դիտումների և ներբեռնումների միջին թիվը կազմում է մոտ 8,6 միլիոն։

Բազմազան և բազմաքանակ նյութեր։ Այս հեռուստաալիքով կարելի է դիտել ելույթներ, հարցազրույցներ, կյանքի պատմություններ, նորություններ և բեմականացումներ։ Նյութերի ընդհանուր տևողությունը ավելի քան 60 ժամ է։ «Լավագույն կյանքը» առաջին երգի թողարկումից հետո երաժշտական տեսահոլովակները ամենամսյա հեռարձակման մշտական մաս դարձան։ Այդ երգերը թարգմանվում են 368 լեզվով։

Անցկացնողներ։ Սկզբում յուրաքանչյուր ծրագիր միայն Կառավարիչ մարմնի անդամներից մեկն էր վարում։ Հետագայում Կառավարիչ մարմնի կոմիտեների օգնականները սկսեցին աջակցել ծրագրի անցկացմանը և երբեմն անձամբ վարել դրանք։ Ընդհանուր առմամբ 29 եղբայրներ են անցկացրել կամ օգնել են անցկացնելու ամենամսյա հեռարձակումը։

Շնորհակալական խոսքեր։ Միացյալ Նահանգներից մի եղբայր, ով կաթված է տարել և շարունակում է պայքարել կողմնակի ազդեցությունների դեմ, հատկապես գնահատում է առանձին երգերը։ Նա ասում է. «Հոգևոր թեմաներով գեղեցիկ երաժշտությունը օգնել է ինձ ավելի լավատես լինելու և ուժ է տվել պայքարելու իմ կյանքի այս նոր փորձության դեմ։ Զարմանում եմ, թե այդ երաժշտությունը ինչպես է օգնել ինձ բարելավելու քրիստոնեական հատկություններս։ Անչափ շնորհակալ եմ այդ երգերի համար»։

2016 թ. նոյեմբերի հեռարձակումը դիտելուց հետո Միացյալ Նահանգներում բնակվող մի ընտանիք, որը քաղցկեղի պատճառով կորցրել է իր փոքր որդուն, գրեց. «Արցունքները հոսում էին, երբ դիտում էինք «Նոր աշխարհն աչքիս առաջ է» երաժշտական տեսահոլովակը։ Այդ ծնողների փոխարեն՝ մեզ էինք պատկերացնում դրախտում։ Երբ մտածում եմ, որ այլևս չեմ կարող դիմանալ էմոցիոնալ ցավին, Եհովան միշտ հիշեցնում է, որ հասկանում է մեզ և կօգնի անցնելու այս դժվարության միջով։ Այդ տեսանյութը իրոք մեր բազում սրտաբուխ աղոթքների պատասխանն է»։

Ուկրաինայում ապրող մի ամուսնական զույգ իր գնահատանքն արտահայտեց ամենամսյա հեռարձակումների համար՝ ասելով. «JW Broadcasting-ի շնորհիվ Կառավարիչ մարմնի անդամները դարձել են մեր ընտանիքի անդամները»։

Երախտապարտ ենք Եհովային պատեհ ժամանակին տրված այս պարգևի համար, որը շարունակում է միավորել ողջ աշխարհում սփռված նրա ժողովրդին։