Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 17, 2022
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

JW Library հավելվածում թարմացվել է «Փնտրտուքների ուղեցույցը»

JW Library հավելվածում թարմացվել է «Փնտրտուքների ուղեցույցը»

2022 թ. ապրիլի 25-ին JW Library հավելվածում թարմացվեց «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկը։ Այժմ աստվածաշնչյան համարների բացատրության ցանկը ընդլայնվել է, և այն պարունակում է ավելի շատ հղումներ։

Ի՞նչ նորություններ է իր հետ բերել այս թարմացումը

2013 թ.-ին լույս տեսավ «Փնտրտուքների ուղեցույցը», որտեղ կար «Աստվածաշնչյան համարների բացատրություն» հատվածը, որը պարունակում էր վերջին հրատարակությունների հղումների ցանկ։

Վերջին տարիների ընթացքում JW Library հավելվածում ավելացվել են հին հրատարակություններ։ Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ առկա գրեթե բոլոր հրատարակությունները այժմ հասանելի են նաև JW Library հավելվածում։ Թարմացված «Փնտրտուքների ուղեցույցը» այժմ պարունակում է այդ հրատարակությունների հղումները, այդ թվում՝ «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանից։ Եվ եթե JW Library հավելվածում բեռնեք «Փնտրտուքների ուղեցույցը», ֆայլում արդեն ներառված կլինեն բոլոր աղբյուրները, այսինքն կկարողանաք օգտվել բոլոր հղումներից, նույնիսկ երբ միացած չեք ինտերնետին։

Թարմացումից հետո ուղեցույցում կան նաև հղումներ «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկից։ Կարի անունով մի քույր ասում է. «Հեռախոսով ծառայության ժամանակ փոքր-ինչ լարվում եմ, բայց գիտակցում եմ, որ մարդիկ մխիթարության կարիք ունեն։ Երբեմն ուզում եմ աստվածաշնչյան որևէ համար կարդալ, բայց հասկանում եմ, որ այն պարզ ձևով ներկայացնելու, բացատրելու և զրույցը շարունակելու համար օգնության կարիք ունեմ։ Շատ ուրախ եմ, որ «Փնտրտուքների ուղեցույցի» օգնությամբ կարող եմ արագ գտնել համարի բացատրությունը, այդ թվում՝ «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկից։ Այս գործիքը ինձ վստահություն է տալիս և ուրախություն է պատճառում»։

«Փնտրտուքների ուղեցույց» գրքի լույսընծայման գործընթացը պարզեցվել է, ուստի այն հասանելի կդառնա ավելի շատ լեզուներով։ Չիլիի մասնաճյուղից եղբայր Իվոն ասում է. «Վերջերս առաջին անգամ մապուդունգուն լեզվով լույս տեսավ «Փնտրտուքների ուղեցույցը»։ Ես երբեք չէի աշխատել նման նախագծում, բայց հրատարակչական գործընթացը բավականին պարզ էր։ Եղբայրները շատ էին զարմացել՝ իմանալով, որ մապուդունգունով լույս է տեսել այս գիրքը, քանի որ մեր լեզվով շատ քիչ մարդ է խոսում։ Նրանք անչափ ուրախ էին, քանի որ այս գիրքը շատ է օգնում անձնական ուսումնասիրություն անելիս, ելույթներ կամ մեկնաբանություններ պատրաստելիս»։

Ինչպե՞ս օգտագործել «Փնտրտուքների ուղեցույց»-ի «Աստվածաշնչյան համարների բացատրության» ցանկը

  • Աստվածաշնչում բացեք այն համարը, որի մասին ուզում եք փնտրտուքներ անել։

  • Սեղմեք թվանշանի վրա։ Հայտնված համատեքստի մենյուում սեղմեք «Փնտրտուքների ուղեցույց»-ի նշանի վրա։ Եթե համատեքստի մենյուում չկա այդ նշանը, ուրեմն «Փնտրտուքների ուղեցույց»-ում տվյալ համարի վերաբերյալ աղբյուրներ չկան։

«Փնտրտուքների ուղեցույց»-ում ամենաթարմ աղբյուրները ամենավերևում են տեղակայված։ Եթե ցանկանում եք աչքի անցկացնել նաև ավելի հին հրատարակությունները, ապա կարող եք իջնել ներքև։ Վերաճշտված հասկացողություն պարունակող աստվածաշնչյան համարների դեպքում ամենավերևի աղբյուրում կգտնեք վերջին հասկացողությունը։