Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 2017
ՀԱՅԱՍՏԱՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանում է Հայաստանում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանում է Հայաստանում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները

2017թ. հոկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սահմանեց, որ Հայաստանում չորս Եհովայի վկաներ անարդարացիորեն դատապարտվել են ազատազրկման այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար, որը հսկվում և վերահսկվում էր զինվորական մարմինների կողմից։ ՄԻԵԴ-ը նաև սահմանեց, որ այդ չորս երիտասարդները դատապարտվել են անհիմն կերպով, քանի որ Հայաստանը չի տրամադրել իսկական քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն, թեև պարտավորվել էր դա անել։

«Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է Արթուր Ադյանին, Վահագն Մարգարյանին, Հարություն Խաչատրյանին և Գարեգին Ավետիսյանին, ովքեր 2011թ. ամռանը դատապարտվել են երկուսուկես տարվա ազատազրկման։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ այդ երիտասարդների հետապնդմամբ ու դատապարտմամբ ոտնահարվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 9-րդ հոդվածով երաշխավորված խղճի և կրոնի ազատության իրավունքը։ Հայաստանը պարտավորվել է յուրաքանչյուր դիմումատուին վճարել 12000 եվրո (14200 ԱՄՆ դոլար)՝ որպես նրանց կրած ծանր ապրումների և զրկանքների հատուցում։

Այդ երիտասարդները դատապարտվեցին «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի վճռի հրապարակումից (2011թ.) կարճ ժամանակ անց, որով սահմանվում էր, որ Կոնվենցիան պաշտպանում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ * «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» վճռի համաձայն՝ Հայաստանը պարտավորվում էր համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին առաջարկել զինծառայությանը այլընտրանք։ Սակայն այդ ժամանակ Հայաստանում գործող այլընտրանքային ծառայությունը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին, քանի որ գտնվում էր զինվորական մարմինների անմիջական հսկողության և վերահսկողության տակ։ Այդ չորս երիտասարդները, ինչպես և իրենց հավատակիցներից շատերը, հրաժարվեցին կատարել նման այլընտրանքային ծառայություն և դատապարտվեցին ազատազրկման։ «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռում ՄԻԵԴ-ը սահմանեց, որ Հայաստանը պետք է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին տրամադրի հնարավորություն՝ կատարելու «իսկական քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն, որը չի լինի նվաստացուցիչ և պատժիչ բնույթ չի կրի»։

2013թ. վերջում՝ «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով չորս երիտասարդների ազատ արձակվելուց հետո, Հայաստանը ի վերջո տրամադրեց իսկական քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն, որը ո՛չ վերահսկվում, ո՛չ էլ հսկվում է զինվորական մարմինների կողմից։ Արդյունքում՝ Հայաստանում Եհովայի վկաները, ովքեր համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից, այլևս չեն ազատազրկվում Աստվածաշնչով կրթված իրենց խղճին հետևելու և զինծառայությունից հրաժարվելու համար։ Նրանք գնահատում են այն, որ հնարավորություն ունեն կատարելու իսկական քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն։

^ պարբ. 3 «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» [ՄՊ], թիվ 23459/03, ՄԻԵԴ 2011