ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 2019
ՀԱՅԱՍՏԱՆ
ՄԻԵԴ-ը սահմանեց, որ Հայաստանը անարդարացիորեն է դատապարտել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող 22 եղբայրների
2019 թ. դեկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) միաձայն որոշում կայացրեց հօգուտ 22 Եհովայի վկաների, որոնց Հայաստանը անհիմն դատապարտել է զինծառայությունից խուսափելու մեղադրանքով։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ նրանց պետք է վճարվի ընդհանուր հաշվով 267 000 ԱՄՆ դոլար (242 000 եվրո)։ Սա ամենամեծ փոխհատուցման գումարն է, որ ՄԻԵԴ-ը սահմանել է մեր եղբայրների համար, ովքեր դատապարտվել են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մեղադրանքով։
2012 թ.-ին եղբայրները դատապարտվել էին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից և այլընտրանքային քաղաքացիական ծառայությունից հրաժարվելու համար։ Նրանք հրաժարվել էին այլընտրանքային քաղաքացիական ծառայությունից, քանի որ այդ ժամանակ այն գտնվում էր զինվորական հսկողության տակ և քաղաքացիական բնույթ չէր կրում։ Հետևաբար բոլոր եղբայրները, բացի երկուսից, գտնվել էին ազատազրկման մեջ նախքան 2013 թ., երբ Հայաստանը տրամադրեց զուտ քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն և դադարեց հետապնդել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող մեր եղբայրներին։
Դեկտեմբերի 5-ին վճիռը կայացնելիս ՄԻԵԴ-ը հիմք ընդունեց 2017 թ.-ին «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով հօգուտ Եհովայի վկաների կայացված որոշումը։ ՄԻԵԴ-ը նշեց, որ Հայաստանը քաջատեղյակ է եղել այդ գործին, որը նույն փաստական հանգամանքներն ուներ, և պետք է 22 եղբայրների հետ բարեկամական կարգավորման համաձայնության գար։ Չնայած նախորդ տարում եղբայրների գործադրած ջանքերին՝ կառավարությունը հրաժարվեց հարցը բարեկամական կարգավորմամբ լուծելուց։ Ուստի ՄԻԵԴ-ը միաձայն որոշում կայացրեց հօգուտ մեր եղբայրների։
Ուրախալի է տեսնել, որ սկսած 2013 թ.-ից՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հարցում Հայաստանի դիրքորոշումը մեծապես փոխվել է։ Մեր եղբայրները իրենց չեզոքության համար այլևս չեն ազատազրկվում և չեն կրում քրեական դատվածություն ունենալու հետևանքները։ Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում գործող այլընտրանքային ծառայության մասին օրենքը հիանալի օրինակ է եղել այլ երկրների համար։ Սակայն ՄԻԵԴ-ի՝ դեկտեմբերի 5-ի վճռով Հայաստանը մեղավոր է ճանաչվել 2012 թ.-ին միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար։
ՄԻԵԴ-ի այս որոշումը հստակ ուղերձ է այն մասին, որ միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող ցանկացած երկիր խիստ պատասխանատվության կենթարկվի։ Շնորհակալ ենք Եհովային, որ Հայաստանում մեր եղբայրներին նման իրավական հաղթանակ է պարգևել։ Աղոթում ենք, որ այս որոշումը ճանապարհ հարթի համոզմունքի հիմնավորմամբ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվող այն եղբայրների համար, ովքեր ապրում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքիան, Թուրքմենստանը և Հարավային Կորեան, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան կատարելու քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն։