ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 2013
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանը ազատել է կալանավայրերում գտնվող բոլոր Եհովայի վկաներին
ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ 2013թ. նոյեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը ազատ արձակեց վերջին 14 Եհովայի վկաներին, ովքեր բանտարկված էին զինծառայությունից հրաժարվելու համար։ 2013-ի հոկտեմբերի 8-ից՝ արդեն ազատ են արձակվել ընդհանուր հաշվով 28 Եհովայի վկաներ։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը փոխել է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու մարդու իրավունքը անտեսելու իր քաղաքականությունը, ինչի պատճառով անցած 20 տարիների ընթացքում ազատազրկվել էին ավելի քան 450 երիտասարդ Վկաներ։ Այժմ Հայաստանի կալանավայրերում այլևս ոչ մի Եհովայի վկա չկա։
Հոկտեմբերի 8-ին և 9-ին՝ նախապես հայտարարված համաներման հիման վրա, ըստ որի՝ խղճի կալանավորների ազատազրկման ժամկետը վեց ամսով կրճատվելու էր, ութ Եհովայի վկաներ ազատ արձակվեցին։ Եվս վեց հոգի ազատվեցին հոկտեմբերի 24-ին։ Այս վեց հոգին առաջինն էին, որ օգտվեցին 2013թ. հունիսի 8-ին Հայաստանի օրենսդրության մեջ արված փոփոխություններից՝ կապված այլընտրանքային քաղաքացիական ծառայության հետ։ Ըստ փոխված օրենքի՝ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները կարող են դիմել այլընտրանքային քաղաքացիական ծառայության համար, որն այլևս չի վերահսկվի զինված ուժերի կողմից։ Այդպիսով՝ նրանք ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Արդեն ավելի քան 90 Եհովայի վկաներ դիմել են այլընտրանքային քաղաքացիական ծառայության համար։ 2013-ի հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետական հանձնաժողովը քննեց և բավարարեց այդ երիտասարդներից 71-ի դիմումները։ Իսկ մնացած դիմումների վերաբերյալ հայտարարեց, որ կքննվեն առաջիկայում։
Եհովայի վկաների մամլո խոսնակ Դեյվիդ Սիմոնյանն ասաց. «Մենք բավարարված ենք, որ Հայաստանի կառավարությունը ազատ է արձակել այս երիտասարդներին, և որ այս երկար տարիներ ձգվող խնդիրը վերջապես լուծում գտավ»։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային։ Դեյվիդ Ա. Սիմոնյան, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Հայաստան։ Տիգրան Հարությունյան, հեռ. +374 93 900 482