ՄԱՐՏԻ 19, 2024
ՀԱՅԻԹԻ
Հայիթիի եղբայրները դիմանում են քաղաքացիական խռովություններին
Վերջին տարիներին Հայիթիում բռնության և քաղաքացիական խռովությունների աճը մեծապես ազդել է մեր եղբայրների ու քույրերի բնականոն կյանքի վրա։ 2024 թ. մարտի 2-ից սկսած, երբ զինված խմբավորումները հարձակվեցին հիմնական ենթակառուցվածքների վրա, անկայունությունն ու բռնությունը ողողեցին Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը։ Կառավարությունը պարետային ժամ է սահմանել և արտակարգ դրություն հայտարարել: Ըստ տվյալների՝ մոտ 15 000 մարդ ստիպված է եղել փախչել երկրի առավել անվտանգ վայրեր, իսկ շատերն էլ սպանվել են։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել կամ վնասվածքներ ստացել։
113 եղբայրներ ու քույրեր ստիպված են եղել փախչել իրենց տներից։
2 տուն ավերվել է։
5 ընտանիք կողոպուտի հետևանքով կորցրել է ողջ ունեցվածքը։
Ոչ մի Թագավորության սրահ չի վնասվել։
Օգնություն աղետից տուժածներին
Կազմվել է աղետից տուժածներին օգնելու 4 կոմիտե՝ մասնաճյուղի տարածքում հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։
Շրջանային վերակացուներն ու տեղի երեցները հոգևորապես քաջալերում են և գործնական օգնություն տրամադրում տուժած տարածքներում բնակվողներին, այդ թվում՝ նրանց, ովքեր ստիպված են եղել փախչել բռնարարքներից։
Որպես համաշխարհային եղբայրություն՝ մենք աղոթում ենք Եհովային, որ Հայիթիի մեր եղբայրներին ու քույրերին տա իմաստություն և խաղաղություն։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ Եհովան կկատարի իր խոստումը և ողջ աշխարհում «խաղաղության առատություն կլինի» (Սաղմոս 72։7)։