Անցնել բովանդակությանը

Կորեայի Ջոնջու շրջանային դատարանի կողմից վերջերս անմեղ ճանաչված հինգ եղբայրներից երեքը

ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2019
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

«Անմեղ են»

Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների գործով

«Անմեղ են»

Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ դատախազները դիմեցին վերաքննիչ դատարան զինծառայությունից հրաժարվող հինգ եղբայրների անմեղ ճանաչելու խնդրանքով։ Ի պատասխան՝ դատարանը անմեղ ճանաչեց եղբայրներին և գործերը համարեց ամբողջովին ավարտված։ Այս որոշումներով բեկանվում կամ ուժը կորցրած են համարվում ցածր ատյանների այն որոշումները, որոնցով եղբայրները մեղավոր էին ճանաչվում զինծառայությունից խուսափելու համար։

2018 թ. դեկտեմբերի 14-ին կայացված արդարացման որոշումները նախադեպ են հանդիսանում Կորեայի դատական համակարգի վարույթում գտնվող ավելի քան 900 եղբայրների գործերի համար, որոնք առնչվում են նույն հարցին։ Անմեղ ճանաչված եղբայրները կսպասեն, մինչև կառավարությունը իրենց հնարավորություն տա զինծառայության փոխարեն այլընտրանքային ծառայություն կատարելու։

Վերաքննիչ դատարանը հիմնավորեց իր որոշումները՝ հղում կատարելով Կորեայի Սահմանադրական և Գերագույն դատարանների կողմից 2018 թ.-ին կայացված երկու պատմական որոշումներին։ Այդ որոշումներով վերջ դրվեց 65 տարվա պրակտիկային, որով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողը դատապարտվում էր ազատազրկման՝ անկախ նրանից, թե որքան անկեղծ էին նրա քրիստոնեական համոզմունքները։

Կորեայի Սահմանադրական և Գերագույն դատարանների որոշումները, որոնցով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը ճանաչվում է որպես խղճի ազատությունից բխող հիմնարար իրավունք, մեծ գնահատանքի արժանացան մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունների կողմից։ Կորեայի մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը նշում է. «Գերագույն դատարանի միաձայն որոշումը վերջ դրեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին քրեորեն պատժելու ցավալի իրողությանը, որը սկիզբ էր առել 1950-ականներից և ազդել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող գրեթե 20 000 անհատների վրա.... Մենք մեր խոր հարգանքն ենք արտահայտում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների և նրանց ընտանիքների նկատմամբ, ովքեր ստիպված էին անցնել այդ դժվարությունների միջով»։

Այժմ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները պետք է փաստեն, որ զինծառայությունից հրաժարվելու իրենց որոշումը հիմնված է «խոր, հաստատուն և անկեղծ» համոզմունքների վրա։ Դատավորները պետք է հավաստիանան, որ զինծառայությունից հրաժարվողի համոզմունքներն անկեղծ են։ Դրա հետ կապված՝ Գերագույն դատարանը նշել է. «Խոր համոզմունքը պետք է ազդի.... նրա կյանքի բոլոր ոլորտների վրա»։ Դատարանի հարցերին պատասխանելով՝ մեր եղբայրները հիանալի հնարավորություն կունենան վկայություն տալու զինծառայությունից և պատերազմելուց հրաժարվելու իրենց անձնական որոշման մասին (1 Պետրոս 3:15

Ավելի քան վեց տասնամյակ Կորեայում Եհովայի վկաները դատապարտվել են ազատազրկման, քանի որ հետևել են իրենց խղճի թելադրանքին։ Նրանց օրինակը ապացույցն է այն բանի, որ մենք, լինելով քրիստոնյա, չեզոք ենք, քանի որ սրտանց ցանկանում ենք հնազանդվել երկրորդ մեծագույն պատվիրանին՝ «սիրիր մերձավորիդ քո անձի պես» (Մատթեոս 22:39