ՄԱՐՏԻ 3, 2021
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Կորեայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն քրիստոնյաների, որոնք հրաժարվում են ծառայել պահեստազորում
2021 թ. հունվարի 28-ին Հարավային Կորեայի Գերագույն դատարանը որոշում կայացրեց, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվել պահեստազորի վարժական հավաքներից։ Ուստի մեր այն եղբայրները, ովքեր մինչև Վկա դառնալը ծառայել են բանակում, ստիպված չեն լինի պատիժ կրել այս վարժական հավաքներից հրաժարվելու համար։
Հարավային Կորեայում յուրաքանչյուր տղամարդ, որը ծառայել է բանակում, ութ տարվա ընթացքում պետք է կանոնավորաբար պահեստազորային պատրաստություն անցնի։ Հետևաբար մեր այն եղբայրները, ովքեր նախկինում զինծառայող են եղել, ստիպված են եղել բազմիցս ներկայանալ տարբեր պատկան մարմիներ և վարժական հավաքներից հրաժարվելու պատճառով պատիժ են կրել։ Օրինակ՝ մի եղբայր ստիպված եղավ մեկ տարվա ընթացքում ավելի քան 60 անգամ ներկայանալ ոստիկանություն, դատախազություն և տարբեր ատյանների դատարաններ։
2018 թ.-ին Կորեայի Սահմանադրական և Գերագույն դատարանները որոշում կայացրին, որը համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու և փոխարենը այլընտրանքային քաղաքացիական ծառայություն անցնելու հնարավորություն էր տալիս։ Սակայն դատարանները չէին անդրադարձել «Պահեստազորի մասին» օրենքին, որի համաձայն՝ պահեստազորային պատրաստությունից համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվող մեր եղբայրները պատժվում էին։
Գերագույն դատարանի այս որոշմամբ պահեստազորային պատրաստությունից համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվելը վերջապես օրենքի խախտում չի համարվում։ Այն եղբայրները, ովքեր երկարատև դատական գործընթացների մեջ էին, այժմ կարող են կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։ Նրանք այլևս ստիպված չեն լինի տուգանքներ վճարել և չեն ազատազրկվի: Այս գործով մեղադրյալներից մեկը՝ եղբայր Նամ Թեյ-հին, ասում է. «Ութ տարի շարունակ մի շարք դատավարություններից հետո վերջապես պաշտպանվեցին իմ իրավունքները։ Կարծես մեծ բեռ ընկած լինի ուսերիցս»։
Մենք մեր Կորեայի եղբայրների և նրանց ընտանիքի անդամների հետ, ովքեր «ձախորդություններ են կրել ու անարդարացիորեն չարչարվել են», շնորհակալություն ենք հայտնում Եհովային այս հաղթանակի համար (1 Պետրոս 2։19)։