ՓԵՏՐՎԱՐԻ 29, 2024
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Վկաները քարոզում են Հարավային Կորեայում տեղի ունեցած 2024 թ. ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի ընթացքում
2024 թ. հունվարի 19-ից փետրվարի 1-ը Հարավային Կորեայի չորս քաղաքներում տեղի ունեցան 2024 թ. ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը։ Այդ սպորտային իրադարձությանը մասնակցում էին ավելի քան 70 երկրներից ժամանած հազարավոր մարզիկներ, լրագրողներ և դիտորդներ։ Խաղերի ընթացքում ավելի քան 2 600 Եհովայի վկաներ մասնակցեցին հատուկ քարոզարշավին։ 34 վայրերում գրականության ցուցատախտակներ տեղադրվեցին։ Աստվածաշնչյան բարի լուրը հասանելի էր չորս լեզուներով։
Մանդարին լեզվով խոսող մի երիտասարդ մոտեցավ երկու եղբայրների և ասաց, որ քաղաքի տարբեր վայրերում նկատել է մեր ցուցատախտակները։ Սակայն ընտանեկան երջանկության մասին պաստառը տեսնելուց հետո որոշել է կանգ առնել և ավելին իմանալ։ Եղբայրները բացատրեցին, թե ինչպես կարող է jw.org կայքից բեռնել «Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել» գրքույկը մանդարիներենով։ Այդ մարդն անմիջապես իր հեռախոսով այցելեց մեր վեբ կայք և շնորհակալություն հայտնեց եղբայրներին օգնության համար։
Մի Վկա ամուսնական զույգ ընկերական զրույց սկսեց Ուկրաինայից եկած մի տղամարդու հետ։ Քանի որ նրանք ուկրաիներեն չէին խոսում, թարգմանչական հավելվածի միջոցով հաղորդակցվեցին նրա հետ։ Զրույցի ընթացքում այդ տղամարդը նրանց ցույց տվեց իր հայրենի քաղաքում հրթիռի հարվածի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների լուսանկարը։ Զույգը իր խոր ցավակցությունը հայտնեց այդ իրավիճակի համար և Աստվածաշնչից մի խոստում ցույց տվեց այն մասին, որ շուտով պատերազմներ չեն լինելու։ Աստվածաշնչյան այդ խոսքերը իր մայրենի լեզվով կարդալով՝ տղամարդը խորապես հուզվեց։ Զույգը պայմանավորվեց այդ տղամարդու հետ, որ հետագայում շարունակեն զրույցը։
Ին-Սուկ անունով մի քույր անգլերենով զրույց սկսեց Եվրոպայից մի երիտասարդ գեղասահորդուհու ու նրա մոր հետ։ Զրույցի ընթացքում քույրը մի քանի թեմաներ ցույց տվեց մեր կայքի «Պատանիների դաստիարակություն» բաժնից։ Մայրը շատ ուրախացավ այդ տեղեկությունից և ասաց, որ կայցելի մեր կայք։
Ուրախ ենք, որ Հարավային Կորեայի մեր հավատակիցները հնարավորություն ունեցան այս միջազգային իրադարձության ժամանակ քարոզել և «գովաբանել Եհովայի անունը» (Սաղմոս 148։13)։