Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2014
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Փոփոխություն Հարավային Կորեայի վերաբերմունքի մեջ

Փոփոխություն Հարավային Կորեայի վերաբերմունքի մեջ

ՍԵՈՒԼ, Կորեա։ 2013-ի նոյեմբերի 4–7-ը «Գալապ» ընկերության (Gallup poll) անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվեց, որ կորեացիների մեծ մասը կողմ է, որ կառավարությունը այլընտրանքային ծառայության հնարավորություն ստեղծի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար։ Հարցմանը մասնակցեցին 1211 տղամարդիկ և կանայք։ Արդյունքում պարզ դարձավ, որ նրանց 68%-ը նախընտրում է՝ զինծառայությունից հրաժարվողներին բանտարկելու փոխարեն այլընտրանքային ծառայության նշանակեն։ Այսպիսով՝ բացահայտվեց, որ հասարակության կարծիքը 2008-ից հետո զգալի փոխվել է. այն ժամանակ ընդամենը 29%-ն էր կողմ այլընտրանքային ծառայությանը։

Երևում է, որ իրավաբանների շրջանում նույնպես նման տենդենց կա։ Նրանցից շատերը չեն ուզում, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները բանտարկվեն։ Սեուլի պետական համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Հան Ին-Սեոպը իր՝ «Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու շուրջ պտտվող դիլեման» վերնագրով խմբագրական հոդվածում գրում է. «Դժվար թե լինի մի դատավոր, որ այս մարդկանց դիրքորոշումը համարի հասարակությանը սպառնացող բարոյական կամ որևէ այլ վտանգ։ Նույնիսկ նախնական կալանքի հրաման չեն տալիս, քանի որ վստահ են, որ նրանք չեն փախչի։ Ամեն անգամ դատավորները ազատազրկելու վճիռ կայացնելիս ծանր զգացողություն են ունենում»։

Մարդու իրավունքներին առնչվող այս հարցը վերջերս ընդգծվեց Կորեայի՝ Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի կողմից նկարահանված ֆիլմում։ Ֆիլմի մի հատված կոչվում էր «Սառցե գետ», որտեղ խոսվում էր մի Եհովայի վկայի մասին, ով հրաժարվել էր զինծառայությունից։ Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը նկարահանելու գաղափարը ծնվել է, երբ իմացել է, որ ամեն տարի հարյուրավոր Եհովայի վկաներ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ուղարկվում են բանտ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2013-ի հունիսին հրատարակած զեկույցի համաձայն՝ ամբողջ աշխարհում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով Վկաներին ազատազրկելու դեպքերի 93%-ը եղել է Հարավային Կորեայում։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Կորեայի Հանրապետություն։ Դաե-իլ Հոնգ, հեռ. +82 31 690 0055