Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2013
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Միջազգային հանրության դժգոհությունը Հարավային Կորեայի հանդեպ

Միջազգային հանրության դժգոհությունը Հարավային Կորեայի հանդեպ

Հարավային Կորեան ազատազրկում է հարյուրավոր երիտասարդ տղաների, որոնք, սակայն, հանցագործներ չեն։ Ինչո՞ւ։ Այդ երիտասարդները Եհովայի վկաներ են և իրենց խղճի թելադրանքով հրաժարվել են զինվորական ծառայություն կատարելուց։ Քանի որ Կորեան չի պաշտպանում համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքը, զորակոչված Վկաները դատապարտվում են ազատազրկման։ Վերջին 60 տարիների ընթացքում այդ երկրում ավելի քան 17000 Եհովայի վկաներ բանտարկվել են զինծառայությունից հրաժարվելու պատճառով։

Այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար Հարավային Կորեայի Եհովայի վկաների գրասենյակը մի գրքույկ հրատարակեց, որը վերնագրված է  «Կորեայում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հետևանքները»։ Այնտեղ ընդգծվում է այն միտքը, որ Կորեան չի կիրառում միջազգային չափանիշները և չի պաշտպանում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքը։ Այնտեղ նաև համառոտ պատմվում է մի երիտասարդ Եհովայի վկայի մասին, որը դատապարտվել է ազատազրկման։ Պարոն Դաե-իլ Հոնգը՝ Կորեայի Եհովայի վկաների գրասենյակի ներկայացուցիչը, և Ֆիլիպ Բրումլին՝ Նյու Յորքում Եհովայի վկաների գլխավոր խորհրդականը, որոշ մանրամասնություններ են հայտնում այդ երկրում տարիներ շարունակ դրսևորվող անարդարության մասին։

Ինչպե՞ս է միջազգային հանրությունը արձագանքել Հարավային Կորեայի դրսևորած անարդարությանը։

Ֆիլիպ Բրումլի։ Մի շարք երկրներ իրենց դժգոհությունը արտահայտեցին այն բանի համար, որ Կորեան չի ճանաչում մարդու՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ ՄԱԿ-ի պարբերական համապարփակ դիտարկման վերջին միջազգային նստաշրջանի ժամանակ ութ երկրներ՝ Հունգարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Սլովակիան, Իսպանիան, Միացյալ Նահանգները և Ավստրալիան, կոչ արեցին Կորեային վերջ դնել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների հանդեպ դրսևորվող հետապնդմանը և քայլեր ձեռնարկել ոչ զինվորական՝ քաղաքացիական ծառայություն ստեղծելու համար։ *

Դաե-իլ Հոնգ։ Զինծառայությունից հրաժարված 501 քաղաքացիների վերաբերյալ չորս դատական գործերով ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն որոշում կայացրեց, որ այդ մարդկանց դատապարտելով և ազատազրկելով՝ Կորեայի Հանրապետությունը ոտնահարել է նրանց իրավունքները։ Կոմիտեն նշեց, որ «համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը անքակտելիորեն կապված է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հետ։ Այն իրավասու է դարձնում ցանկացած անհատի ազատվելու պարտադիր զինվորական ծառայությունից, եթե դա համատեղելի չէ իր կրոնին կամ համոզմունքներին։ Մտքի, խղճի և կրոնի ազատությունը սահմանափակող ոչ մի տեսակ ճնշում չպետք է լինի»։ *

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը նույնպես ուշադրություն հրավիրեց այս խնդրին վերջերս թողարկած իր զեկույցում, որի վերնագիրն էր «Համոզմունքների հիմնավորմամբ զինծառայություն հրաժարվելու իրավունքի վերլուծություն»։ Այս փաստաթղթում հստակ շարադրված էր միջազգային իրավական համակարգը, ըստ որի՝ երաշխավորվում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը և արգելվում է հրաժարվողի վրա ճնշում գործադրել նորից ու նորից նրա դեմ դատական գործ հարուցելու կամ պատիժ սահմանելու միջոցով։ *

Ինչպիսի՞ն էր Կորեայի կառավարության արձագանքը միջազգային հանրության կոչին։

Գերագույն դատարանի շենքը

Ֆիլիպ Բրումլի։ Կորեայի կառավարությունը չի կիրառել ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի կողմից կայացված որոշումները, հետևաբար չի կատարել միջազգային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և հրաժարվել է ճանաչել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների հիմնարար իրավունքները։ Բացի այդ, Հարավային Կորեայի Գերագույն և Սահմանադրական դատարանները անտեսել են ՄԱԿ-ի կոմիտեի կողմից կայացված որոշումները՝ մերժելով զինծառայությունից հրաժարվողների բողոքները։ Կորեայի ազգային ժողովը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին չի տրամադրել քաղաքացիական այլընտրանքային ծառայություն և ոչ մի քայլ չի ձեռնարկել նրանց իրավունքները պաշտպանելու համար։

Ինչպե՞ս է անարդարությունը անդրադարձել երիտասարդ Եհովայի վկաների վրա։

Դաե-իլ Հոնգ։ Նրանք խիզախ երիտասարդներ են։ Երբ ծանուցագիր են ստանում, չեն թաքնվում, ներկայանում են համապատասխան մարմիններին, թեև գիտեն, որ այդ վարչակարգի ներքո իրենց սպասվում է դատապարտում և ազատազրկում։ Մինչև կալանավորվելը նրանք օրինապահ քաղաքացիներ էին, ազատազրկումից հետո էլ՝ օրինապահ բանտարկյալներ։ Ցավոք, ազատ արձակվելուց հետո, նրանք համարվում են քրեական դատվածություն ունեցող, ինչի պատճառով գրեթե անհնար է լինում աշխատանք գտնել պետական հիմնարկություններում կամ խոշոր ընկերություններում։ Բանտում նրանցից խլում են իրենց կյանքի մեկուկես տարին։ Իսկ այդ ընթացքում նրանց ընտանիքները ստիպված են լինում ապրել կարոտով։ Այս ամենը կարող էր և չլինել։

Մի՞թե զինվորական ծառայությունից հրաժարվելու համար Եհովայի վկաները արժանի են դատապարտվելու որպես հանցագործներ։

Դաե-իլ Հոնգ։ Ո՛չ։ Այս երիտասարդները հանցագործներ չեն։ Կորեայում և ընդհանրապես ամբողջ աշխարհում Եհովայի վկաները ճանաչված են որպես խաղաղարար, օրինապահ քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ծառայելու հանրությանը։ Նրանք հարգում են պետական իշխանություններին, ենթարկվում են օրենքներին, վճարում են հարկերը և պատրաստակամորեն համագործակցում են իշխանությունների հետ հանրօգուտ գործերում։ Վերջերս Կորեայի մարզային դատարաններից մեկը երիտասարդ մի Վկայի դատապարտեց ազատազրկման զինծառայությունից հրաժարվելու համար։ Քանի որ մեղավոր ճանաչելուց բացի այլընտրանք չկար, դատավորը կարդաց վճիռը։ Հանկարծ նա ձեռքի թղթերով ծածկեց իր դեմքը և սկսեց հեկեկալ։ Այս անմեղ երիտասարդին որպես հանցագործ դատապարտելն այնքան անարդար էր, որ ակնհայտորեն նույնիսկ դատավորը մի պահ կորցրեց իր ինքնատիրապետումը։ Դահլիճում բոլորի աչքերից արցունք էր հոսում։

Ֆիլիպ Բրումլի։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Կորեայի իշխանությունները լուծում տան այս հարցին և այնպիսի մեխանիզմ մշակեն, որով կպաշտպանվեն համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները։

^ պարբ. 5 Մարդու իրավունքների խորհուրդ, «Report of the Working Group on the Universal Periodic Review», 12 դեկտեմբերի, 2012, A/HRC/22/10, էջ 7 և 22, պարբերություն 44 և 124.53։

^ պարբ. 6 «Jong-nam Kim et al. v. The Republic of Korea», communication no. 1786/2008, Կոմիտեի որոշումը, 25 հոկտեմբերի, 2012, էջ 8, պարբերություն 7.4։

^ պարբ. 7 Մարդու իրավունքների խորհուրդ, «Analytical report on conscientious objection to military service», 3 հունիսի, 2013, A/HRC/23/22, էջ 3-8, պարբերություն 6-24, էջ 9, 10, պարբերություն 32, 33։