Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 7, 2017
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեան անարդար վերաբերմունք է ցույց տալիս Դոնգ-հյուկ Շինի հանդեպ

Հարավային Կորեան անարդար վերաբերմունք է ցույց տալիս Դոնգ-հյուկ Շինի հանդեպ

Հարավային Կորեայի կառավարությունը ազատազրկում է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող հարյուրավոր անհատների։ Այն նաև պատժի է ենթարկում պահեստազորում հաշվառված այն անձանց, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից։

Փոքր տարիքում Դոնգ-հյուկ Շինը, որը բնակվում է Հարավային Կորեայում, գիտեր, որ մի օր զորակոչվելու է։ Ծանուցագիրը ստանալուն պես նա զորակոչվեց և իր ծառայությունը պատվով կատարելուց հետո 2005թ.-ին զորացրվեց։ Ինչպես բոլորի դեպքում է լինում, նա հաշվառվեց պահեստազորում, ինչը նշանակում է, որ հաջորդ ութ տարիների ընթացքում նրան պետք է կանոնավորաբար կանչեին զորավարժությունների։

Զորացրվելուց կարճ ժամանակ անց պրն Շինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Խաղաղասեր լինելու աստվածաշնչյան սկզբունքը ազդեց նրա խղճի վրա և մղեց նրան վերանայելու զինծառայության մասին իր տեսակետը։ Երբ 2006թ. մարտին պրն Շինին պահեստազորային ուժերի զորավարժություններին մասնակցելու ծանուցագիր ուղարկեցին, նա տեղեկացրեց զինվորական մարմիններին, որ չի կարող մասնակցել դրանց, քանի որ դա դեմ է իր խղճին։

Սահմանափակվում է խղճի ազատությունը

Հարավային Կորեան չի ճանաչում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Ներկայումս այն ծանուցագիր է ուղարկել 40-ից ավելի Եհովայի վկաների, ովքեր հայտնել են, որ խղճի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից, որպեսզի նրանք մասնակցեն պահեստազորայինների զորավարժություններին։

Զինվորական մարմինները անտեսեցին պրն Շինի հրաժարումը և 2006թ. օրացույցային տարվա ընթացքում նրան ընդհանուր առմամբ 30 ծանուցագիր ուղարկեցին։ Պրն Շինը շարունակեց այդ ծանուցագրերը ստանալ հաջորդ յոթ տարիների ընթացքում։ 2006թ. մարտից մինչև 2013թ. դեկտեմբերը նա զորավարժություններին մասնակցելու մասին ընդհանուր առմամբ 118 ծանուցագիր է ստացել։ * Քանի որ պրն Շինը ամեն անգամ հարգալից կերպով հրաժարվել է ներկայանալուց, 49 անգամ հետապնդվել է, 69 անգամ դատաքննության է մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում, և նրա վերաբերյալ 35 դատական ակտ է կայացվել։

«Ոչ մի այլընտրանք»

Դատարանները երբևէ կասկածի տակ չեն դրել այն փաստը, որ պրն Շինի համոզմունքները անկեղծ են։ 2014թ. հոկտեմբերի 7-ի որոշման մեջ Ուլսանի շրջանային դատարանը նշեց. «Հասկանալի է, որ [Դոնգ-հյուկ Շինը] Եհովայի վկա դառնալուց հետո ոչ մի այլընտրանք չուներ. նա պետք է խախտեր օրենքը, քանի որ նրա համար անհնար է համատեղել զինվորական պարտավորությունը իր խղճի և կրոնական համոզմունքների հետ»։

Թեև շրջանային դատարանը ըմբռնումով մոտեցավ պրն Շինի դժվար իրավիճակին, Հարավային Կորեայի դատարանները հարկադրված են հետևելու զինծառայության մասին օրենքի պահանջներին։ Պրն Շինը տուգանվել է 16 միլիոն վոնայով (13322 ԱՄՆ դոլար) և վեց անգամ դատապարտվել է առնվազն վեց ամսվա ազատազրկման։ Այդ ազատազրկումները կիրառվել են պայմանականորեն։ Մեկ անգամ դատարանը պարտավորեցրել է նրան կատարել 200 ժամվա հանրային աշխատանք։

Պրն Շինը ասում է. «Ես խիստ մտահոգված ու անհանգիստ էի։ Ինձ թվում էր՝ այդ փորձությունը երբեք չի ավարտվի։ Հաճախակի դատարան ներկայանալը սթրես էր պատճառում նաև իմ ընտանիքին։ Կարծում եմ՝ մայրս այս ինը տարիների ընթացքում տառապեց այնքան, որքան ես, և այդ անհանգստությունները բացասաբար անդրադարձան նրա առողջության վրա։ Ես կոտրված էի, քանի որ գիտեի, թե իմ իրավիճակի պատճառով նա ինչ ապրումներ էր ունենում։ Ես նաև տուժեցի ֆինանսապես։ Զորակոչային շրջանի և դրան հաջորդող հետապնդումների հետևանքով ստիպված էի յոթ անգամ փոխել աշխատանքս, քանի որ դատական նիստերին մասնակցելու պարտավորության պատճառով ավելի շատ էի բացակայում աշխատանքից»։

Խախտվում են միջազգային դաշնագրի երաշխիքները

Պրն Շինը բողոքարկել է իր դեմ կայացված որոշումները Հարավային Կորեայի տարբեր ատյաններ, սակայն ապարդյուն. Գերագույն դատարանը չորս անգամ մերժել է նրա բողոքները։ Հարավային Կորեայում իրավական պաշտպանության ոչ մի միջոց չգտնելով՝ պրն Շինը 2016թ. հունիսին գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով (Հանձնաժողով)։ Նա նշել է, որ իրեն բազմիցս զորակոչելով, հետապնդելով և դատապարտելով՝ Հարավային Կորեան խախտել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Բողոքում նշվել է երեք հիմնական խնդրի մասին։

  • Այն իրավիճակը, որում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողը բազմիցս զորակոչվում է զինծառայության, ապա նորից ու նորից պատժվում, միջազգային իրավունքով միանգամայն ճանաչվում է որպես արդար դատաքննության իրավունքի խախտում։

  • Անհատին բազմիցս զորավարժությունների կանչելը և այնուհետև որպես հանցագործի հետապնդելը հստակ ցույց է տալիս, որ պետական մարմինները նպատակ ունեն պարտադրելու զինվորական ծառայությունը։ Պրն Շինին անընդհատ հետապնդելը, նրա խղճի ազատության իրավունքի իրականացումը ոտնահարելը և այն քրեական հանցագործություն համարելը նվաստացնող պատիժ է։

  • Քանի որ զինծառայությունից պրն Շինի հրաժարումը բացառապես հիմնված է նրա կրոնական համոզմունքների վրա, ոտնահարվել է խղճի և կրոնի ազատության նրա իրավունքը։

Իրավական պաշտպանություն գտնելու հույս

Պրն Շինը հուսով է, որ իր գանգատի վերաբերյալ որոշումը կլինի հօգուտ իրեն, քանի որ Հանձնաժողովը բազմիցս սահմանել է, որ Հարավային Կորեան պետք է հարգի խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ * Նա անհամբերությամբ սպասում է այնպիսի որոշման, որով կճանաչվի պահեստազորայինների հատուկ կարգավիճակը։ Պրն Շինը ասում է. «Ես չեմ ափսոսում, որ հետևել եմ իմ կրոնական սկզբունքներին և իմ խղճին, բայց ես դեմ եմ այն վերաբերմունքին, որ իմ հանդեպ դրսևորվում է։ Հուսով եմ, որ Հարավային Կորեայի կառավարությունը կճանաչի անհատի՝ այնպիսի ծառայությունից հրաժարվելու իրավունքը, որը հակասում է նրա խղճին»։ Հարավային Կորեայի և ողջ աշխարհի Եհովայի վկաները նույն հույսն ունեն։

^ պարբ. 7 Դոնգ-հյուկ Շինը 2006թ. օրացույցային տարվա ընթացքում 30 անգամ ծանուցագիր է ստացել, 2007թ.-ին՝ 35 անգամ, 2008թ.-ին՝ 15 անգամ, 2009թ.-ին՝ 9 անգամ, 2010թ.-ին՝ 17 անգամ, 2011թ.-ին՝ 12 անգամ։ Պահեստազորում գտնվելու վերջին երկու տարիներին չի պահանջվում մասնակցել զորավարժությունների, այդ պատճառով պրն Շինը 2012 և 2013թթ.-ին չի կանչվել դրանց մասնակցելու։

^ պարբ. 18 ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հրապարակել է հինգ Կարծիք, որոնց համաձայն՝ Հարավային Կորեան խախտել է 18-րդ հոդվածը՝ «մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը». «Յեո-բում Յուն և Մյունգ-ջին Չոյը ընդդեմ Կորեայի Հանրապետության», Կոմունիկացիա No. 1321-1322/2004, U.N. Doc. CCPR/C/88/D/1321-1322/2004 (նոյեմբերի 3, 2006), «Յու-մին Յունգը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», Կոմունիկացիա No. 1593-1603/2007, U.N. Doc. CCPR/C/98/D/1593-1603/2007 (մարտի 23, 2010), «Մին-կյու Յոնգը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», Կոմունիկացիա No. 1642-1741/2007, U.N. Doc. CCPR/C/101/D/1642-1741/2007 (մարտի 24, 2011), «Յոնգ-նամ Կիմը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», Կոմունիկացիա No. 1786/2008, U.N. Doc. CCPR/C/106/D/1786/2008 (հոկտեմբերի 25, 2012) և «Յոնգ-քվան Կիմը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», Կոմունիկացիա No. 2179/2012, U.N. Doc. CCPR/C/112/D/2179/2012 (հոկտեմբերի 15, 2014)։