ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 2016
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Հարավային Կորեայի վերաքննիչ դատարանը անմեղ է ճանաչում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին
2016թ. հոկտեմբերի 18-ին Գվանջու նահանգային դատարանի վերաքննիչ պալատը անմեղ ճանաչեց Հայ-մին Կիմին, Լակ-հուն Չոյին և Հյոն-գյոն Կիմին, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվել էին զինծառայությունից։ Այդ երեք տղամարդիկ, որոնք Եհովայի վկա են, առաջիններն են, որ Հարավային Կորեայում այս հարցի հետ կապված անմեղ են ճանաչվել վերաքննիչ դատարանի կողմից։
Դատավոր Յանգ-շիկ Կիմը բացատրում է. «Դատարանը կարծում է, որ նրանք հրաժարվում են իրենց զինվորական պարտքը կատարելուց հավատի և խղճի պատճառով։ Կրոնի և խղճի ազատությունը սահմանադրական իրավունքներ են, որոնք ենթակա չեն պատժի միջոցով սահմանափակման»։
Եթե դատախազը բողոքարկի այս որոշումը, գործը կուղարկվի Գերագույն դատարան։ Արդեն 40-ից ավելի գործ սպասում է Գերագույն դատարանի որոշմանը։ Դրանք վերաբերում են նաև այն մարդկանց, ովքեր այս հարցի հետ կապված մեղավոր են ճանաչվել։ Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին նշում է. «Թեև Հարավային Կորեայի գերագույն և սահմանադրական դատարանները մինչ օրս չեն ճանաչել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, վերաքննիչ դատարանը կիրառել է միջազգայնորեն ընդունված չափանիշը, որով այդ իրավունքը ճանաչվում է։ Այդ ճանաչումը հաստատվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի կայացրած ավելի քան 500 որոշումներով»։