Անցնել բովանդակությանը

Գյո-վոն Լին, որը Եհովայի վկա է, կրում է 18-ամսյա իր պատիժը Դայգու կալանավայրում զինծառայությունից հրաժարվելու համար։ 100 այլ խղճի կալանավորների հետ նա սպասում է օգոստոսի 30-ին կայանալիք Գերագույն դատարանի դռնբաց դատական նիստին, որում կքննվի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հարցը

ՕԳՈՍՏՈՍԻ 24, 2018
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Մինչ մոտենում է Գերագույն դատարանում գործի քննության օրը, համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների հույսերը մեծանում են

Մինչ մոտենում է Գերագույն դատարանում գործի քննության օրը, համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների հույսերը մեծանում են

ՍԵՈՒԼ, Հարավային Կորեա։ 2017 թ. հունվարին Գյո-վոն Լին, ով այդ ժամանակ 21 տարեկան էր, կանգնած էր Հարավային Կորեայի դատարաններից մեկի առաջ՝ իրեն պաշտպանելու համար լավ պատրաստված ու լի մեծ հույսերով։ Պրն Լիի նպատակն էր հավաստիացնել դատարանին, որ զինծառայությունից հրաժարվելը ոչ թե հանցագործություն է, այլ բռնության չդիմելու խոր համոզմունքի հիման վրա կայացրած որոշում։

Պարոն Լին, որը Եհովայի վկաների քրիստոնեական համայնքից է, լավատես լինելու քիչ հիմքեր ուներ։ Երբ նրա գործով դատավարությունը սկսվեց, բանտերում կային 392 Վկա խղճի կալանավորներ, որոնք դատապարտված էին ընդհանուր հաշվով 588 տարվա ազատազրկման։ Սկսած 1950 թ.-ից՝ պրն Լիի 19 340 հավատակիցներ բանտում անցկացրել են ընդհանուր առմամբ մոտ 36 800 տարի այն պատճառով, որ Կորեայի օրենսդրության տեսանկյունից նրանց դիրքորոշումը հիմնավոր պատճառ չէր զինծառայությունից հրաժարվելու համար։

Սակայն 2004 թ.-ից սկսած՝ այն դատավորները, որոնք մտահոգված էին զինծառայությունից հրաժարվողներին մեքենայաբար ազատազրկելու պրակտիկայով, նրանցից 90-ի գործերով կայացրին արդարացման դատավճիռ։ Օրինակ՝ Պուսանի վերաքննիչ դատարանի դատավոր Ջոնգ-դու Չոյը հանգեց այն եզրակացության, որ զինծառայությունից հրաժարվելու անձնական որոշումը «հիմնված է կրոնական ամուր և անկեղծ համոզմունքների արդյունքում ձևավորված խղճի վրա»։

2018 թ. հունիսին Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը ի վերջո սահմանեց, որ «Զինծառայության մասին» օրենքը պետք է վերանայվի, որպեսզի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին տրամադրվի այլընտրանքային ծառայության հնարավորություն։ a Սակայն երբ այս պատմական որոշումը կայացվեց, պրն Լին արդեն ազատազրկված էր։ «Իրավական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց հետո ես հայտնվեցի Դայգու կալանավայրում»,— ասում է պրն Լին։ Այժմ նա կրում է 18-ամսյա իր պատիժը։

Կորեայում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին, որոնցից մեկը պրն Լին է, ազատազրկում են դեռ այն ժամանակվանից, երբ Կորեան Ճապոնիայի իշխանության տակ էր։ Երբ 1939 թ.-ին Ճապոնիայում երկու Վկա երիտասարդներ բանտարկվեցին բանակ չգնալու համար, գաղութային իշխանությունները այլ Վկաների էլ ձերբակալեցին Ճապոնիայում, ինչպես նաև Թայվանում և Կորեայում (նախկինում հայտնի էր Չոսոն անունով)։ Կորեայում 38 Վկաների ազատազրկեցին Ճապոնիայի կայսրին պատիվ տալուց և պատերազմին որևէ կերպ աջակցելուց հրաժարվելու համար։ Ազատազրկված Վկաներից հինգը մահացան բանտի դաժան պայմանների պատճառով, իսկ շատերը ազատ արձակվեցին միայն 1945 թ.-ին Ճապոնիայի պարտությունից հետո։

19 340 Եհովայի վկա խղճի կալանավորներից մի քանիսը

Ավելի քան մեկ դար Վկաները համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությունից։ Ելնելով աստվածաշնչյան խոսքերից և հետևելով վաղ քրիստոնյաների օրինակին՝ Վկաները այն համոզմունքն ունեն, որ քրիստոնյաները չպետք է պատերազմեն, քանի որ նրանք իրավունք չունեն մարդկային կյանք խլելու։ Բացի այդ, Վկաները նաև չեզոք են քաղաքական հարցերում, քանի որ իրենց համարում են Աստծու Թագավորության, կամ՝ կառավարության հպատակներ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էր, որ Վկաները (այն ժամանակ հայտնի էին որպես Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողներ) առաջին անգամ պատերազմին մասնակցելուց հրաժարվելու համար բախվեցին լուրջ խնդիրների։ Մեծ Բրիտանիայում մոտ 400 Վկաներ հրաժարվեցին պարտադիր զինծառայությունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգներում Վկա խղճի կալանավորները ամենաշատն էին՝ մոտ 4 440 հոգի։

Թերևս Վկաների չեզոք մնալու վճռականության մեծագույն ապացույցը նացիստական տոտալիտար ռեժիմի ներքո նրանց կրած տառապանքներն էին, ինչը վավերագրված փաստ է։ Նացիստները գլխատեցին մոտ 400 Վկաների, որոնց մեծ մասը զինծառայությունից հրաժարվողներ էին։ Ավելի քան 1 000 Վկաներ մահացան ճամբարներում և բանտերում կտտանքների ենթարկվելու և դաժան պայմանների հետևանքով, քանի որ կառչած մնացին իրենց համոզմունքներին։ Ըստ պատմաբան Ռոբերտ Գերվարթի՝ նրանք «Երրորդ ռայխում միակ խումբն էին, որոնք հետապնդվում էին միմիայն իրենց կրոնական հավատալիքների համար»։

Սակայն Կորեան առանձնանում է նրանով, որ ի տարբերություն այլ երկրների՝ բավականին երկար ժամանակ է, ինչ Վկաներին հետապնդում է զինծառայությունից հրաժարվելու համար։ Երբ Գյո-վոն Լին ութ տարեկան էր, նրա հայրը մահացավ դժբախտ պատահարի պատճառով։ Նրա մայրը սովորեցրեց նրան Աստվածաշնչի և խղճով առաջնորդվելու կարևորության մասին։ Պարոն Լին ասում է. «Երբ ես հասկացա մեր գոյության նպատակը, սիրեցի Աստծուն՝ Եհովային։ Այդ պահից սկսած՝ հստակ որոշեցի, թե ինչն է իմ կյանքում առաջնահերթություն»։

Հասկանալով, որ ազատազրկումը թերևս անխուսափելի է՝ պրն Լին ընտրեց ներքին հարդարման աշխատանքներ կատարելու մասնագիտությունը։ Նա որոշել էր ազատազրկումից հետո իր սեփական գործն ունենալ, քանի որ դատվածության պիտակով դժվար թե որևէ մեկը իրեն աշխատանքի ընդուներ։

Պրն Լին հիշում է իր դատավարության օրը. «Ես մեծ ցանկություն ունեի ապացուցելու, որ մեղավոր չեմ, քանի որ իմ որոշումը հիմնված էր իմ դավանանքի և խղճի վրա»։ Նա մտածում էր վաղ քրիստոնյաների՝ Ստեփանոսի և Պողոսի մասին, ովքեր համոզիչ կերպով պաշտպանեցին իրենց հավատը դատարանի առաջ։ «Կարծում եմ՝ դատարանի առաջ շատ ավելի լավ խոսեցի, քան երբ նախապատրաստական փորձեր էի անում»,— ասաց պրն Լին։

2018 թ. օգոստոսի 30-ին Հարավային Կորեայի Գերագույն դատարանում կկայանա դռնբաց դատական նիստ, որում կքննվի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար այլընտրանք ստեղծելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի հրահանգը։ Գերագույն դատարանի որոշումը մեծ ազդեցություն կունենա ներկայումս տարբեր դատական ատյանների վարույթում գտնվող 900 գործերի վրա։ Բացի այդ, 117 Վկա խղճի կալանավորները, այդ թվում՝ պրն Լին կմնան անազատության մեջ՝ սպասելով Հարավային Կորեայի նախագահին ներկայացված հատուկ ներման խնդրագրի արդյունքներին։ Թեև պրն Լին օգոստոսի 30-ին գուցե դեռ լինի Դայգու կալանավայրում, սակայն նա ամենայն ուշադրությամբ կհետևի Գերագույն դատարանում գործի քննությանը։

Չնայած պրն Լին դատապարտված է, և նրա դատավճռի դեմ ներկայացված բոլոր բողոքները մերժվել են՝ նա հույս ունի, որ այդ հարցը դրական լուծում կստանա իր հավատակիցների համար. «Հուսով եմ, որ ես կլինեմ այն անձանց թվում, ովքեր վերջինն են, որ իրենց վրա զգում են, թե ինչպիսին է կյանքը անազատության մեջ, մի բան, որը կրում եմ ուրիշների, իսկ ամենակարևորը՝ իմ Աստծու և նրա սկզբունքների հանդեպ սեր ունենալու համար»։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Փոլ Ս. Գիլիս, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Հարավային Կորեա: Դաե-իլ Հոնգ, +82-31-690-0055