Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2016
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է անում Հարավային Կորեային ճանաչելու համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է անում Հարավային Կորեային ճանաչելու համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը

Մարդու իրավունքների վերաբերյալ Հարավային Կորեայի հաշվետվությունը մանրամասնորեն ուսումնասիրելուց հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը 2015թ. նոյեմբերի 3-ին կատարեց իր եզրափակիչ դիտարկումները։ Հանձնաժողովը նշեց այն դրական քայլերը, որոնք Հարավային Կորեան ձեռնարկել է մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, սակայն նշեց նաև, որ այն չի գործել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ հանձնաժողովի նախկին որոշումներին համապատասխան։

Խղճի և կրոնի ազատության իրավունք

Թեև համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը միջազգայնորեն ճանաչված է որպես մարդու հիմնարար իրավունք, սակայն Հարավային Կորեան շարունակում է պատժել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։ Սկսած 1950թ.-ից՝ ավելի քան 18000 Եհովայի վկա դատապարտվել է ընդհանուր հաշվով մոտ 36000 տարվա ազատազրկման։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հաշվետվության մեջ կառավարությանը կոչ էր արվում

  • անմիջապես ազատ արձակել բոլոր խղճի կալանավորներին

  • համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին համարել դատվածություն չունեցող, տրամադրել համապատասխան փոխհատուցում և հավաստիանալ, որ նրանց անձի մասին տեղեկությունը մատչելի չէ հանրությանը

  • ճանաչել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը և հնարավորություն տալ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն

Դաշնագրով ստանձնած պարտավորություններ

2006թ.-ից սկսած՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կայացրել է հինգ Կարծիք, որով Հարավային Կորեայի կառավարությունը մեղադրվում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը պաշտպանող օրենսդրություն չընդունելու և այդ իրավունքից օգտվել ցանկացողներին պատժելու մեջ։ * Հանձնաժողովի վերջին հաշվետվությամբ կրկին կոչ էր արվում կառավարությանը «ստեղծել մեխանիզմներ և համապատասխան ընթացակարգեր՝ ամբողջությամբ կյանքի կոչելու հանձնաժողովի որոշումները», այդ թվում իրականացնելու հանձնաժողովի արդեն կայացված որոշումները։

Հաշվետվության լույսընծայումից հետո Կորեայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի նախագահ Սյոնգ-հո Լին ընդունեց հաշվետվության մեջ նշված մարդու իրավունքների խախտումները։ Իր ելույթը, որով նա կոչ էր անում կառավարությանը կիրառել հանձնաժողովի հանձնարարականները, պրն. Լին եզրափակեց այսպես. «Կառավարությունը պատասխանատու է ՔՔԻՄԴ-ի (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր) կիրառումը լիովին ապահովելու համար»։

Որպես Դաշնագրի մասնակից պետություն՝ Հարավային Կորեան պարտավորվել է պաշտպանել ՔՔԻՄԴ-ով երաշխավորված իրավունքները։ Քանի որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը վերահսկում է դրա կիրառումը և ճանաչում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, այդ պատճառով, քանի դեռ Հարավային Կորեան չի կիրառում հանձնաժողովի որոշումներն ու հանձնարարականները, այն շարունակում է ոտնահարել ՔՔԻՄԴ-ն։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի վերջին հաշվետվությունը ևս մեկ ձայն է ավելացնում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների նկատմամբ Հարավային Կորեայի վերաբերմունքի միջազգային աղաղակին։ Շատերը Հարավային Կորեայում և այլուր ուշադրությամբ կհետևեն, թե ինչպես կառավարությունը կարձագանքի իր պարտավորությունները լիովին կատարելու կոչին։

^ պարբ. 10 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կայացնում է որոշումներ, որոնք հայտնի են որպես Կարծիքներ, որոնցում այն գնահատում է, թե արդյոք մասնակից պետությունը խախտել է ՔՔԻՄԴ-ով երաշխավորված իրավունքները։ Հինգ Կարծիքը, որով սահմանվել է, որ Հարավային Կորեան ոտնահարել է 18-րդ հոդվածը, որով երաշխավորվում է «մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը», հետևյալն է. «Յո-բում Յուն և Մյունգ-ջին Չոյը ընդդեմ Կորեայի Հանրապետության», թիվ 1321–1322/2004, նոյեմբերի 3, 2006թ., «Յու-մին Ջունգը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», թիվ 1593–1603/2007, մարտի 23, 2010թ., «Մին-քյու Ջոնգը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», թիվ 1642–1741/2007, մարտի 24, 2011թ., «Ջոնգ-նամ Քիմը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», թիվ 1786/2008, հոկտեմբերի 25, 2012թ., «Յունգ-քվան Քիմը և այլք ընդդեմ Կորեայի Հանրապետության», թիվ 2179/2012, հոկտեմբերի 15, 2014թ.։