Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 2013
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեան խղճի կալանավորներին առանձնացնում է հանցագործներից

Հարավային Կորեան խղճի կալանավորներին առանձնացնում է հանցագործներից

Հարավային Կորեայի կառավարությունը որոշակիորեն թեթևացրեց հարյուրավոր Եհովայի վկաների իրավիճակը, ովքեր ազատազրկված են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Նրանք առանձնացվեցին մյուս բանտարկյալներից։

Դա արդյունքն էր այն բանի, որ 2012-ի դեկտեմբերին Կորեայի Եհովայի վկաների ներկայացուցիչները հանդիպում ունեցան Կորեայի քրեակատարողական հիմնարկների բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Վկաների պատվիրակությունը, որի մեջ էր նաև մի հայր, ում որդին նույնպես բանտարկված էր, արտահայտել էր իր մտահոգությունն այն հարցում, որ երիտասարդ Վկաները հաճախ կրում են իրենց պատիժը ծանր հանցանք գործած բանտարկյալների հետ միևնույն խցում։ Այդ հանդիպումից հինգ ամիս անց Վկա բանտարկյալների ավելի քան 70 տոկոսը առանձնացվեց հանցագործներից և տեղավորվեց իրենց հավատակիցների հետ նույն խցերում։

Բանտարկությունների երկար պատմություն։ Հարավային Կորեայում Եհովայի վկաներին բանտարկելու պատմությունը բավական երկար է։ Նրանք հրաժարվում են զենք կրել՝ հիմնավորելով իրենց դիրքորոշումը Աստվածաշնչով։ Ներկայումս բանտարկված են մոտ 600 Վկաներ։ Վերջին 60 տարիների ընթացքում ավելի քան 17000 Եհովայի վկաներ ազատազրկվել են զինվորական ծառայությունից հրաժարվելու համար, ծառայություն, որը պարտադիր է 19–35 տարեկան տղամարդկանց համար։

Արդեն սովորական է, որ Վկա ընտանիքներում մի քանի սերունդ նույն բանի միջով են անցնում. նրանց մեղադրում են, դատապարտում, բանտարկում որպես հանցագործների։ «Ես նույն բանտն եմ նստել, որը հայրս էր նստել երիտասարդ ժամանակ։ Այն ժամանակից ի վեր բանտում պայմանները չէին փոխվել»,— ասում է Սեունգկուկ Նոհը, ով երեք տարի բանտում անցկացնելուց հետո՝ 2000-ին, ազատ արձակվեց։ Այսօր խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները դատապարտվում են միջինը 18 ամսով։ Հարավային Կորեան այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն դեռևս չի ստեղծել։

Հո Գյու Կոնգը 21 տարեկան էր, երբ ազատազրկվեց զորակոչվելուց հրաժարվելու համար։ Դա առաջին անգամ էր, որ նա բաժանվեց ընտանիքից։ «Ես անչափ վախեցած էի ու շփոթված»,— հիշում է Կոնգը։ Նա և մեկ ուրիշ երիտասարդ Վկա փակված էին իրենցից տարիքով մեծ մի խումբ անուղղելի համարվող հանցագործների հետ։ Նրանցից ոմանք մարդասպաններ էին և բանդայի անդամներ։

Բանտարկության ամբողջ ընթացքում Եհովայի վկաները, որոնք մյուս բանտարկյալներից սովորաբար ավելի երիտասարդ են, ենթարկվում են ֆիզիկական և էմոցիոնալ ճնշումների։ Խցում հաճախ Վկաների հետ վատ են վերաբերվում և այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որը խանգարում է նրանց ազատորեն իրենց կրոնը դավանել, օրինակ՝ աղոթել և Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անել։ Տարիներ և նույնիսկ տասնամյակներ շարունակ երիտասարդ Վկաները լուռ դիմացել են քրեական հանցագործների վիրավորանքներին ու նվաստացումներին։

Բանտարկյալներին առանձնացնելը ներդաշնակ է միջազգային նորմերին։ Վկա բանտարկյալների մեծամասնությանը հանցագործներից առանձնացնելով՝ Հարավային Կորեան գործեց դատապարտյալների հետ վարվելու միջազգային սկզբունքներին համապատասխան, ինչպիսին է, օրինակ, դատապարտյալների վերաբերյալ ՄԱԿ-ի ստանդարտ նվազագույն կանոնների 8-րդ կետը։ Հարավային Կորեան հետևեց Եվրամիության անդամ երկիր Հունաստանի օրինակին, որը ազգային պաշտպանության և արդարադատության նախարարությունների հավանությամբ 20 տարի առաջ քայլեր էր ձեռնարկել և խղճի կալանավոր Եհովայի վկաներին առանձնացրել էր մյուս բանտարկյալներից։ 1992թ.-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը Սինդոսում (Սալոնիկ) գտնվող զորամասը վերածել էր բանտի՝ բացառապես Եհովայի վկաների համար։ Մի պաշտոնական զեկույցում նշվում էր, որ «ազգային պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով [Եհովայի վկա] բանտարկյալների միանգամայն տարբերվող բնույթը, ըմբռնումով է մոտեցել» և որոշում է կայացրել տեղափոխել Վկաներին առանձին բանտ։ 1998թ.-ից Հունաստանը դադարել է ազատազրկել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։

Վկա բանտարկյալների մեծ մասին մյուս բանտարկյալներից առանձնացնելով՝ Հարավային Կորեան նույնպես ըմբռնումով մոտեցավ այդ երիտասարդների վիճակին, ովքեր ազատազրկվել են, քանի որ հավատարիմ են մնացել իրենց անձնական և խոր կրոնական համոզմունքներին։ * Որոշ կալանավայրեր և բանտեր, որտեղ Վկաների թիվը մեծ է, կիրառել են այս նոր մոտեցումը՝ ավելի ապահով միջավայր ստեղծելով խղճի կալանավորների համար։ Վկաներին առանձնացնելու օգուտների մասին Գունսան բանտում ազատազրկված մի Վկա ասում է. «Հիմա մենք պաշտպանված ենք բացասական ազդեցությունից, օրինակ՝ անբարոյությունից և անընդհատ կեղտոտ խոսքեր լսելուց։ Մենք հիմա կարող ենք հոգևոր թեմաներով հանգիստ զրուցել մեր եղբայրների հետ»։

«Հիմա մենք պաշտպանված ենք բացասական ազդեցությունից.... կարող ենք հոգևոր թեմաներով հանգիստ զրուցել մեր եղբայրների հետ»

Հիմնական խնդիրը մնում է չլուծված։ Թեպետ Եհովայի վկա բանտարկյալներին մյուսներից առանձնացնելու այս քայլը ողջունելի է, սակայն Հարավային Կորեան դեռևս չի հետևում մյուս երկրների օրինակին, որոնք վաղուց արդեն լուծել են այս խնդիրը։ Օրինակ՝ Հունաստանը, 1997թ.-ից սկսած, համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին առաջարկում է այլընտրանքային քաղաքացիական ծառայություն։ Գերմանիան, որ նախկինում նույնպես այլընտրանքային ծառայություն էր առաջարկում, 2011թ.-ից ընդհանրապես ազատում է զինվորական ծառայությունից։ Թայվանը 2000-ին ընդունեց այլընտրանքային ծառայության մասին օրենք։

Հարավային Կորեայում բնակվող երիտասարդ Եհովայի վկաները և նրանց ընտանիքները հույս ունեն, որ մի օր իրենց երկիրը նույնպես կսկսի կիրառել խղճի ազատության վերաբերյալ մարդու հիմնարար իրավունքը ճանաչելու միջազգային ներկայիս չափանիշները։

^ պարբ. 9 Միջազգային իրավունքը, որը Հարավային Կորեան պարտավորվել է կիրառել, համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը ճանաչում է որպես մարդու իրավունք։ Տես «Միջազգային հանրության դժգոհությունը Հարավային Կորեայի հանդեպ» հոդվածը։